...

«Անառակ որդու վերադարձի» ձախողված իմիտացիան

«Անառակ որդու վերադարձի» ձախողված իմիտացիան

Նիկոլ Փաշինյանի սանկտ-պետերբուրգյան վոյաժներն «Անառակ որդու վերադարձի» մոտիվներով բեմականացման վերածել չհաջողվեց։ Լուկաշենկոն թույլ չտվեց։ Նա ուղղակիորեն հասկացրեց, որ «ուվաժայեմի Նիկոլ Վովաևիչը» ոչ թե դարձի է եկել, այլ հասկացել է, որ եթե Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գա՝ «տնտեսապես կմահանա», իսկ Արևմուտքն էլ ոչ թե կօգնի Հայաստանին, այլ Աֆղանստանի նման՝ կօգտագործի ու դեն կշպրտի։ Պարզ ասած՝ Բատկան հերթական անգամ կրկնեց «Հայաստանն ո՞ւր պիտի կորչի» թեզը, ընդ որում՝ այս անգամ ակնհայտ հրճվանքով, որովհետև, իր կարծիքով, ինքը «ճիշտ դուրս եկավ»։ 

Իսկ ահա «ուվաժայեմի Նիկոլ Վովաևիչն» իր ելույթում փորձեց փրկել դեմքը՝ հայտարարելով, թե «ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ», Հայաստանն էլ «ձգտելու է կանխել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը», որովհետև «ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ»։ Դե, իհարկե։ Նույն հաջողությամբ հասարակաց տնից կարճ ժամանակով փախածն էլ, հասկանալով, որ իր հետ ամուսնանալու ցանկացողներ առանձնապես չկան, առանց սուտենյորի կյանքն էլ ավելի վտանգավոր է, կարող է վերադառնալ հասարակաց տուն, սիրով համաձայնվել, որ «կլիենտն» իրեն հյուրասիրի, ու միաժամանակ հայտարարել, թե «այս հյուրասիրությունը չպետք է փոխկապակցվի հաճախորդի սեռական բնույթի հավակնությունների հետ»։ Համաձայնվեք՝ գեղեցիկ կհնչի, բայց հասարակաց տան սեփականատերն ու հաճախորդները միայն քմծիծաղ կտան։ Իսկ եթե պարզվի, որ լուրջ էր ասում կամ առնվազն հավատում էր ինքն իր ասածին՝ պարզապես կառգրավեն կերած-խմածի փողն ու վզակոթին տալով փողոց կշպրտեն։ Ինչևէ։

Իսկապե՞ս Նիկոլ Փաշինյանը հավատում է, որ հնարավոր է տնտեսապես գոյատևել «ռուսական համակարգում» ու միաժամանակ տեղավորվել հակառուսական անվտանգության համակարգի հովանոցի տակ։ Հազիվ թե։ Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Հայաստանը, Արևմուտքից իր ակնկալած աջակցությունը չստանալով կամ միայն մասնակիորեն ստանալով, կրկին հայացքն ուղղում է դեպի հյուսիս։ Չի բացառվում (Նիկոլ Փաշինյանի դեպքում ընդհանրապես որևէ բան չի բացառվում, ամեն ինչ կախված է նրանից, թե այդ օրն ինչ տրամադրությամբ է արթնացել)։ Բայց այդ դեպքում էլ՝ ստացվում է, որ նա տարիներ շարունակ սրում էր հարաբերությունները ռուսների հետ ու ձգտում շարժվել դեպի Արևմուտք, արդյունքում՝ Արցախը հայաթափվեց ռուսների գործուն աջակցությամբ ու Արևմուտքի անտարբեր հայացքի ներքո, ու հիմա, երբ Արցախն արդեն չկա, նա նորից թեքվում է դեպի հյուսիս։ Եթե այդպես է, ապա մեծ է հավանականությունը, որ մոտ ապագայում նա հերթական հարցազրույցը կտա ու կհայտարարի, որ Հայաստանի եվրոպական կողմնորոշումը ձախողման էր դատապարտված դեռևս նախկինների օրոք (ժամանակային դիապազոնը՝ 1991-2018 թվականներ), բայց ինքը ժամանակին չի կարողացել առերեսվել դրա հետ ու դա խոստովանելու համարձակություն չի ունեցել։ Եվ ընդհանրապես՝ ինքը կարող էր հայացքը դեպի հյուսիս թեքել դեռևս երկու-երեք տարի առաջ, «և այդ դեպքում արդյունքը նույնը կլիներ, իհարկե՝ առանց Ղարաբաղի հայաթափման»։ 

Մարկ Նշանյան

Հ․Գ․ Միջազգային քաղաքականության մեջ ամեն ինչ, իհարկե, իր գինն ունի։ Բայց միայն հիմարն է նախապես վճարում ամբողջ գինը՝ առանց դրա դիմաց ակնկալածը ստանալու որևէ երաշխիքի ու անգամ խոստման։ Միայն կրկնակի հիմարն է նույն «օպերացիան» կրկնում մի քանի անգամ՝ նույն «ապրանքի» համար նախապես վճարելով միաժամանակ մի քանի «վաճառողների»։ Եվ միայն եռակի հիմարն է վճարում հայրենիքի մի հատվածով։

ՎԱՐԿԱՆԻՇ

   693 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ