Սառը դուշ Դուշանբեում
Այս շաբաթ նախընտրական փուլի սկիզբը դրվեց: Բայց դա մի քիչ հետո կասենք, որովհետև Հայաստանի իշխանությունները նորից ԵՄ մտնելու ցանկություն հայտնեցին: Լուրջ։ Որոշեցին, բայց լուրջ չի։ Որոշման թղթերն էլ դեռ Բրյուսել չեն հասել, բայց որոշ պատգամավորներ արդեն սրտանց են սկսում ֆրանսերեն խոսել։ Ով ասի՝ «սա պատմական հնարավորություն է», արդեն ստանդարտ ֆոն ունի։
Համա Լուկաշենկոն (Հայաստանում Փաշինյանի կողմից ճանաչված է ինոագենտ) սառը ցնցուղ տեղաց տեղական եվրոյոնջաների գլխին՝ Դուշանբեում ԱՊՀ ղեկավարների ներկայությամբ հայտարարելով, որ Նիկոլ Վովաեվիչը ուր էլ գնա, վերջում գալու է իրենց մոտ: Պուտինն էլ ասաց, թե ավելի լավ է տիրապետում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների թվերին, քան Հայաստանի իշխանությունները:
Կարճ ասած, Հայաստանը գնում է դեպի ԵՄ, բայց քայլելով, որ չանհանգստացնի ԱՊՀ-ին, ՆԱՏՕ-ին, Պուտինին ու Սյունիքի կարտոֆիլ հավաքողներին։
Տետ ա փետ
Շատ ջղայնացած եկավ Տաջիկստանից վարչապետը: Մենք սպասում էինք, որ հեսա Փաշինյանը լայվ կմտնի, մի հատ իրա էն խրոխտ ոճով Պուտինին, Լուկաշենկոյին ու Իլհամին Հ1-ի տաղավարում բանավեճի կհրավիրի: Ու ամեն շաբաթ կհիշեցնի՝ այդ տխրահռչակ եռյակը հրաժարվում է իր հետ ադին-նա-ադին բանավեճի գա: Բայց չէ, հլը որ դուխը հերիքում է Հայաստանի նախկին երեք ղեկավարների վրա հոխորտալ:
Երեքին հրավիրել չի ստացվում, դու էլ Քոչարյանից սկսի: Հենա, էն օրը մի 2-3 ժամ խոսեց: Ու լրիվ Նիկոլի ոճով խոսեց: Այսինքն, ժամերով խոսեց, բայց մեջը դատարկություն էր: Նմուշի համար մի հատ հոդաբաշխ միտք չհայտնեց:
Այ, Փաշինյան-Քոչարյան բանավեճին կողմ ենք: Հավասարազոր կողմեր են. էությամբ, մտածելակերպով, մակարդակով, անցյալով ու ապագայով: Բեսթսելլեր կլիներ:
Թրամպի միջանցքը
Զանգեզուրի միջանցքը նորից քննարկումների կենտրոնում է։ Այս անգամ, ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Չէ, ավելի կոնկրետ ասենք, ինչպես միշտ, ԱՄՆ-ի միջնորդությամբ:
Սցենարը մոտավորապես սա է. բոլոր կողմերը համաձայն են, բայց բոլորն էլ կես բերան։ Հայաստանն ասում է՝ «մենք միջանցք չենք տալիս, մենակ Թրամպի ուղի», Ադրբեջանը պատասխանում է՝ «դե տեսնենք», Ռուսաստանն ասում է՝ «բա մենք ի՞նչ անենք», իսկ Իրանը նայում է ու մռթմռթում. առայժմ բան չի ասում:
Երբ հարցին նայում ես որպես տեսախաղի քարտեզ, ամեն ինչ պարզ է։ Երբ քարտեզը դառնում է քո հայրենիքի մի կտորը, հանկարծ խաղը լուրջ է դառնում։ Բայց ոչ բոլորի համար։