...

Իրավիճակը լարված է, գերտերությունների ասելիքը՝ ավելի հասցեական

Իրավիճակը լարված է, գերտերությունների ասելիքը՝ ավելի հասցեական

Այսօր ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը կիրառելով հրետանային միջոցներ, ականետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով․ հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ  իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Գերատեսչության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ագրեսիվ գործողությունները՝ հրետակոծելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։ 

Այս գործողություններին նախորդել է Ռուսաստանի Դաշնության արձանագրային, և Միացյալ նահանգների շատ կոնկրետ ու հասցեական հայտարարությունները։ ՄԻնչ ՌԴ երկու կողմերին էլ զսպվածության կոչեր է անում, ԱՄՆ-ն փաստում է, որ «Հայաստանում ադրբեջանական գնդակոծության զգալի վկայություններ է տեսնում»։ Այս մասին ասել է  Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը` պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու է պետքարտուղար Բլինքենը հրադադարի կոչերով հասցեական դիմել Ադրբեջանի նախագահին։ Ամերիկացիները նաև Ռուսաստանին են կոչ արել օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանում։ «Ռուսաստանը զգալի ազդեցություն ունի հակամարտության երկու կողմերի վրա, ուստի ԱՄՆ-ը Մոսկվային կոչ է արել և կոչ է անում իր ազդեցությունը կառուցողական օգտագործել», հավելել է ամերիկացի պաշտոնյան։ 

Ուշագրավ է նաև Եվրոպական խոհրդարանի առաջատար պատգամավորների՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերի, ԵԽ Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի և ԵԽ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոնի այսօր հրապարակված համատեղ հայտարարությունը: «Հատկապես կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել իր հարձակումը, հետ բերել զորքերը իրենց ելման դիրքերը և լիովին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Քաղաքացիական բնակչության կառույցների և ենթակառուցվածքների վրա  հարձակումների մասին հաղորդումները միանշանակ անընդունելի են։ Պետք է ամեն գնով խուսափել ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել հետագա էսկալացիայի»,- շեշտել են ԵԽ պատգամավորները: Նրանք առաջարկել են Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները՝ ԵՄ-ի, մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո և միջնորդությամբ։ 

Եվ չնայած միջազգային հանրության՝ ակտիվ կոչերին, պատերազմական գործողությունները առավոտից վերսկսել են Ջերմուկի և Վերին Շորժայի հատվածներում, իսկ Վարդենիսում դրանք կարելի է ասել չեն էլ դադարել գիշերվա ընթացքում։ Ռազմական փորձագետներն ու վերլուծաբանները երկու խմբի են բաժանվել՝ մի մասը պնդում է, որ իրավիճակը ձգվելու է օրեր, շաբաթներ շարունակ, որոշներն էլ հակված են ավելի կարճ ժամկետում տեսնել «արդյունքները»։ Գերակայող մտայնություն է, որ մեզանից ոչինչ կախված չէ, և խաղը գերտերությունների մակարդակում է։ Միջազգային հարաբերությունների անարխիկ համակարգի տրամաբանությամբ՝ այո, ճիշտ է, այս մտայնությունը։ Բայց մեր զինվորների դիմադրությունն էլ՝ փաստ է։ Եվ սա առավել քան տեսանելի է դրսից ու դրսինների համար։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   552 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ