...

Մենք ու աշխարհը՝ բաց խաղաքարտերով

Մենք ու աշխարհը՝ բաց խաղաքարտերով

Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման՝ հրապարակման ենթակա «օրակարգային հարցերը» և Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը վկայում են, որ առնվազն Արցախի հարցում հանգուցալուծումը մոտենում է։ Կողմերի դիրքորոշումներն էլ առավելագույնս հստակ են, և, եթե փորձենք ներկայացնել առանց դիվանագիտական նրբասացությունների, մոտավորապես այսպիսի տեսք ունեն․

Ադրբեջան․ «Մենք Ղարաբաղում ոչ մի հայ չենք թողնելու։ Թե ո՛ր մասին տեղում կկոտորենք, ո՛ր մասին կքշենք Բաքվի բանտերն ու ո՛ր մասին թույլ կտանք մնալ Խանքենդիում ու սպասարկել մեր պանծալի վերաբնակներին՝ մեր սուվերեն իրավունքն է և մեր որոշելիքը, թող որևէ մեկը չփորձի միջամտել»։

Թուրքիա«Շատ էլ ճիշտ որոշում եք ընդունել, ինչով կարողանանք՝ կօգնենք, բայց նայեք՝ շատ աղմուկ չբարձրանա։ Մենք հարյուր տարի առաջ ավելի մեծ մասշտաբով դա արեցինք ու մինչև հիմա գլխացավանքից չենք ազատվում»։

Հայաստանի իշխանություններ«Մենք սկզբունքորեն չենք առարկում, բայց գրավոր պարտավորություն ստանձնեք, որ դրանով կբավարարվեք ու Հայաստանին ձեռք չեք տա, կամ էլ՝ մի քիչ ձեռք կտաք»։

Արևմուտք (ԱՄՆ և Եվրամիություն)․ «Մենք նույնպես դեմ չենք և ողջունում ենք Ադրբեջանի մեծահոգությունն ու պատրաստակամությունը՝ կոտորել ոչ թե բոլորին, այլ ընտրողաբար, և հորդորում ենք դա անել հնարավորինս անաղմուկ ու միջազգային նորմերին համարյա համահունչ»։

Ռուսաստան«Չհասկացանք, էս ուզում եք Ղարաբաղի հայերին ձրի կոտորե՞ք։ Բա մեր քյարը ո՞րն ա։ Նախ՝ Ադրբեջանը պիտի դրա դիմաց իր տարածքով ապահովի մեր հուսալի կապն Իրանի հետ, երկրորդ՝ պիտի Ղարաբաղով չբավարարվի ու կարգին ներխուժի Հայաստանի տարածք, որպեսզի այնտեղից մեզ օգնության կանչեն, մենք էլ գնանք փրկենք ու դարձնենք Աբխազիայի նման մի բան»։

Իսկ ինչպե՞ս է սրան վերաբերվում Հայաստան-Արցախ-Սփյուռք գոյություն չունեցող (ու մեր մեջ ասած՝ երբեք էլ գոյություն չունեցած) «եռամիասնությունը»։

Հայաստանի ժողովուրդ․ «Էս տարվա Վարդավառը ճոխ էր, բայց տենց էլ չհասկացանք՝ ID-ով կարա՞նք գնանք Քոբուլեթի, թե չէ, չնայած՝ ասում են Եգիպտոս ավելի էժան ա։ Բայց մեկ ա՝ ուշք ու միտքներս Արցախի հետ ա։ Օֆ, եսիմ․․․»։

Արցախ«Երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում, միասնաբար պայքարելու ենք մինչև վերջ և անխնա արմատախիլ ենք անելու ներքաղաքական անհանդուրժողականության ցանկացած դրսևորում»։

Սփյուռք«Արցախը համայն հայութեան հպարտութիւնն է և երբեք չպետք է ըլլայ ցեղասպան Ատրպէյճանին կազմին մէջ։ Ատենախօսութիւնը՝ Ժան-Բատիստ Պարունակեան սրահին մէջ, մուտքի նուեր՝ 200 տոլար»։

Սա, իհարկե, բոլորին չի վերաբերում։ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում կան տասնյակ, անգամ հարյուր հազարավոր մարդիկ, որոնք հասկանում են իրավիճակի լրջությունն ու գիտակցում են, որ կորսված յուրաքանչյուր օրը կարող է անդառնալի աղետներ բերել, հետևաբար՝ պետք է դուրս գալ թմբիրից ու փորձել փրկել այն, ինչը դեռ հնարավոր է փրկել։ Պրոբլեմն այդ հարյուր հազարավոր մարդկանց համախմբելն ու դիմադրությունն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելն է։ Ընդ որում՝ խոսքը ֆիզիկական համախմբման մասին չէ, որովհետև ֆիզիկական համախմբմամբ շատ-շատ հնարավոր է միտինգ անել ու աղետի ֆոնին քաղաքական դիվիդենտներ հավաքել։ Խոսքը մտավոր պոտենցիալի ու ռեսուրսների համախմբման մասին է։ Պարզ ասած՝ պետք է «գույքագրել» մեր եղած-չեղածը, գնահատել պոտենցիալը, հասկանալ, թե այդ ռեսուրսներով ինչ առավելագույն նպատակի կարող ենք հասնել, հստակ ձևակերպել այդ ամենն ու դրա շուրջ ստեղծել ինստիտուցիոնալ կառույցներ՝ առանց ինքնախաբեության ու անիմաստ էմոցիաների։

Այդ դեպքում գուցե դեռ ինչ-որ բան հնարավոր լինի փրկել, թեև քիչ ժամանակ է մնացել։

Մարկ Նշանյան

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ