...

Իշխանության թավշե նահանջը հեղափոխությունից

Իշխանության թավշե նահանջը հեղափոխությունից

Այսօրվա կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ղալաթ կանի մեկը, ասի՝ կառավարությունը կոռումպացված է»։ Այսպիսի հայտարարություն առաջին անգամ չէ, որ հնչում է և, իհարկե, սկզբունքորեն նա ճիշտ է ասում. այս կառավարությանը, իշխանությանը կարելի է շատ բաների մեջ մեղադրել, բայց ոչ համակարգված կոռուպցիայի։

Որոշ շրջանակներ կոռուպցիոն դրսևորում են համարում պետական պաշտոնյաներին հատկացվող պարգևավճարները, սակայն դա դեմագոգություն է։ Պարգևավճարների հարցը կարելի է դիտարկել արդարության, բարոյականության, հասարակական հավասարության տիրույթում, բայց ոչ երբեք՝ կոռուպցիայի։

Համաձայն լինելով, որ գործող իշխանությունն այսօրվա դրությամբ կոռուպցիոն չէ, բայց պետք է շեշտենք, որ իշխանությունն իր ընդհանրական գործունեության մեջ նաև արդյունավետ չէ։ Այսօր արդյունավետության միայն առանձին, հատվածական դրսևորումներ կարելի է մատնանշել, ասենք, ճանապարհաշինության ու ասֆալտապատման ոլորտում, բանակի մատակարարումների հարցում։ Այստեղ ձեռքբերումներն այնքան ակնառու ու տեսանելի են, որ որևէ մեկը չի կարող ժխտել։

Իհարկե, սրանք շատ կարևոր ոլորտներ են, հատկապես բանակը, սակայն իշխանության, կառավարության ընդհանրական գնահատականի մեջ, մեծ հաշվով, այդ ձեռքբերումները եղանակ չեն ստեղծում։ Հատկապես, եթե նկատի ունենանք հեղափոխությունից հետո իշխանության տված խոստումները արմատական, համակարգային, հեղափոխական բարեփոխումների մասին։

Այսօր շատ են հնչում կարծիքներ, թե իշխանությունը հեռացել է հեղափոխական արժեքներից։ Այս պնդումներում ճշմարտություն կա։ Այդ հեռացման դրսևորումներին ականատես ենք լինում գրեթե ամեն օր՝ իշխանության այս կամ այն որոշումով, պետական համակարգում տեղի ունեցող որոշակի գործընթացներով, բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումներով։ 

Այս առումով ամենատիպիկ օրինակը Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրումն է, որը բնավ չի տեղավորվում հեղափոխության, դատաիրավական համակարգում խոստացված արմատական բարեփոխումների տրամաբանության մեջ։ Ընդհակառակը, կարող է տպավորություն ստեղծել, թե այդ թեկնածություններն առաջ են քաշվել Սերժի ժամանակներում, լրիվ ռոբասերժական արժեհամակարգի կադրեր են առաջադրվածները։

Իշխանության գործունեությունն արդյունավետ չէ թալանված միջոցների, «գողացվածը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու» հարցում։ Սա մի քանի անգամ խոստովանել է նաև Նիկոլ Փաշինյանը։ 

Մինչ օրս իշխանությունը դա բացատրում էր դատաիրավական համակարգում գոյություն ունեցող բացասական երևույթներով, շատ դատավորների՝ նախկին իշխանության հետ ունեցած կապերով։

Եթե սկզբնական շրջանում այս պատճառաբանություններն ու արդարացումները ինչ-որ տեղ հասկանալի ու ընդունելի էին, ապա հեղափոխությունից երկու տարի անց այլևս բավարար չեն։ Հատկապես, երբ աչքերիս առաջ է այն իրողությունը, որ իշխանությունը ոչ միայն տեսանելի քայլեր չի կատարում այդ դատաիրավական համակարգը բարեփոխելու ուղղությամբ, այլև հենց ինքն է այնպիսի գործողություններ անում ու որոշումներ ընդունում, որ այդ համակարգը մնա նախկին տրամաբանության ու գործելաոճի մեջ։

Համլետ Կիրակոսյան

Հ.Գ. Արձանագրենք, որ առ այսօր նախկինների թալանի, հանցագործությունների վերաբերյալ ոչ միայն որևէ դատական որոշում չկա, այլև տեսանելի էլ չէ, թե երբևէ նման վճիռներ կլինեն։ Պատահական չէ, որ այսօր հանրության մեջ իշխող են այն տրամադրությունները, թե ավելի ճիշտ կլինի, որ այդ կոռուպցիոներներին ու թալանչիներին ոչ էլ բռնեն ու քրեական գործեր հարուցեն, քան թե բռնեն, դատական կրկեսներ կազմակերպեն, հետո բաց թողնեն։

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1072 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ