...

Փաշինյանը նեղվա՞ծ է, թե՞ նեղացած

Փաշինյանը նեղվա՞ծ է, թե՞ նեղացած

Վերջերս խորհրդարանում ունեցած իր ելույթներից մեկում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե այսօր իրենց քննադատող ուժերի մեջ կան նաև այնպիսիները, որոնք պաշտպանում են հեղափոխական արժեքները. «Այդ ուժերից էլ կան, որ մեզ քննադատում են, ամենամեծ քննադատելու տեղն իրենք ունեն և ամենաշատն իրենց քննադատությունից ենք մենք նեղվում, չենք նեղանում՝ նեղվում ենք, որովհետև նրանք քննադատում են՝ լավ են անում, որ քննադատում են, ապագան իրենցն է»: 

Նիկոլ Փաշինյանի այն ձևակերպումը, թե այդ ուժերի քննադատություններից ոչ թե նեղանում են, այլ նեղվում, այլ կերպ ասած՝ վատ զգում, նշանակում է, որ ինքն ընդունում է այդ քննադատությունների իրավացիությունը, քանի որ նեղվում են հիմնականում ճիշտ ասված խոսքից։ Այսինքն՝ քննադատությունները տեղին են, այդ քննադատող ուժերը ներկայացնում են այնպիսի իրողություններ, բացասական երևույթներ, որոնք տեղ ունեն մեր իրականության մեջ, իսկ իշխանություններին չի հաջողվում արդյունավետ, դրական գործողություններ իրականացնել այդ ուղղությամբ։ 

Օրերս ունեցած իր ուղիղ եթերում, սակայն, Նիկոլ Փաշինյանը որոշակի ջղաձգորեն արձագանքեց այդ քննադատություններին, մասնավորապես, այն հնչող ու գնալով լայն ծավալներ ընդունող կարծիքների համատեքստում, թե հեղափոխական իշխանությունը ինչ-որ չափով հեռանում է հեղափոխական արժեքներից։

Այսինքն՝ երևում է, որ նա այդտեսակ ու այդպիսի քննադատություններից արդեն ոչ թե նեղվում է, այլ՝ նեղանում։
Հեղափոխական արժեքներից հեռանալու մասին հայտարարություններ են հնչում հեղափոխությունը պաշտպանած տարբեր շրջանակներից՝ Հայ ազգային կոնգրեսից (ի դեպ, Փաշինյանի խոսքի բովանդակությունից երևում էր, որ այն առաջին հերթին ուղղված էր ՀԱԿ-ին), «Քաղաքացու որոշում» կուսակցությունից, քաղաքացիական հասարակության դաշտի որոշ հատվածներից, «Սասնա ծռերից», ընդ որում՝ վերջիններս օգտագործում են բավական կոշտ, կարելի է ասել՝ վերջնագրային, ապստամբական բնույթի հռետորաբանություն, որոնք տեղ-տեղ ընդունում են նաև սպառնալիքի դրսևորումներ։

Ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի ջղաձգության պատճառը. ա՞յն, որ այդ ուժերը ճիշտ են ասում հեղափոխական արժեքներից հեռանալու մասին, ու ինքը վատ է զգում, նեղվում ճիշտ ասված խոսքից, թե՞ հեղափոխական առաջնորդի համար շատ զգայական ու վիրավորական է հեղափոխական արժեքներին «դավաճանելու» մեջ մեղադրվելը։

Երկու պարագայում էլ իրականությունը չի փոխվում, ու ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե «այսօր նույն տրամադրությունն է հանրապետությունում, ինչ հեղափոխության ժամանակ, որովհետև հեղափոխությունը շարունակվում է, շարունակվում է շատ վստահ ու հաղթական», այս հայտարարությունը հանրության մեծ մասի կողմից արդեն լուրջ չի ընդունվում, ինչպես վարչապետի շատ ու շատ հայտարարություններ, որոնք ասվում են, ջրի նման հոսում, մոռացվում, հետո մոռացությունից նորից վերհառնում, էլի հնչում ու այսպես ժամանակի ու տարածության մեջ անպտուղ շրջապտույտ ապրում:

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1112 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ