...

Իսկ հիմա ծափ, ընկերնե՛ր

Իսկ հիմա ծափ, ընկերնե՛ր

«Գրեթե 300 հազար դոլարի նախատոնական պարգևատրումներ` Ազգային ժողովում։ Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն է պարգևատրել և՛ պատգամավորներին, և՛ խորհրդարանի աշխատակազմին ու աշխատակիցներին։ Հավելավճարները եղել են մեկ ամսվա աշխատավարձի չափով, պարգևատրվել է շուրջ 700 հոգի, ներառյալ` 107 պատգամավոր, ընդհանուր ծախսը կազմել է 142 միլիոն դրամ։ 8-րդ գումարման պատգամավորները վերջին երեք ամսում 2-րդ անգամ են պարգևատրվում, նախորդը Անկախության 30-ամյակի առթիվ էր ու կրկին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ։ Մոտ 500 հազար դրամ պատգամավորական աշխատավարձին ընդամենը մի քանի ամիս առաջ էլ գումարվել էր 250 հազար դրամ պատգամավորական ծախսերի համար։ Արդյունքում, այս ամիս պատգամավորները նվազագույն աշխատավարձ ստացողից ավելի քան 17 անգամ շատ կստանան՝ գրեթե 1 միլիոն 200 հազար դրամ: Նվազագույն աշխատավարձը, մինչդեռ, կմնա անփոփոխ` 68 հազար դրամ»,- տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը:

Փառահեղ է։ Հատկապես, որ պատգամավորներից շատերն արդեն հայտարարել են, թե չեն վերցնելու այդ գումարները և փոխանցելու են հիմնադրամներին։ Ո՞ր մեկին՝ հիմնականում պատասխանում են՝ չգիտենք կամ չենք ուզում ասել։ Բայց դժվար չէ կռահել, թե հիմա որ հիմնադրամներն են ակտուալ։ Մյուս կողմից էլ՝ լավ է անում Ալեն Սիմոնյանը, բոլորի բերանը փակում է՝ իրենց փայը տալով, որ հանկարծ երեսով չտան իր վոյաժներն ու ծախսերը։ Հանցակից է դարձնում։ Խորհրդարանական ընդդիմությունն էլ իր հերթին է «կույս» խաղում՝ վերցնում է գումարն ու փոխանցում սոցիալական ծրագրերի իրականացմանը, իբր հասարակության հարկերի հաշվին հավաքված գումարը հետ է վերադարձնում հասարակությանը։ Եվ որևէ մեկն ինքն իրեն այդպես էլ հարց չի տալիս՝ իսկ ի՞նչ է արել ինքը, որ պարգևատրվի։ Օրենք է հեղինակե՞լ, կառավարության քաղաքական մենաշնո՞րհն է փորձել ճեղքել, թե՞ օրուգիշեր կապի մեջ է եղել հասարակության հետ՝ փորձելով նրան համբերատար բացատրել իրականության ողջ ողբերգությունը։ Ազգային ժողովում միայն ցածրակարգ շոուներ են բեմադրվել, միայն հայհոյանք ու անեծք է գեներացվել, որևէ քաղաքական միտք չի հնչել, որևէ քաղաքական վարք չի դրսևորվել, հասարակության խնդիրները թեթևացնող որևէ օրինագիծ չի մշակվել ու դրվել շրջանառության մեջ։ Չի արվել։ Իշխանությունն է խանգարե՞լ։ Հասկացանք։ Իսկ ի՞նչ է արել ընդդիմությունը բացի կամավոր ծեծվելուց։ Ոչինչ։ Պարգևատրվեք, հայ ժողովուրդը ավելի ծանր արհավիրքների է դիմացել։

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1538 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ