«Մեր իրականության մեջ բան կա, որ ուզում ենք իդեալական պատրաստ լինենք, ունենանք «Մերսեդես-Բենց S 600» մակարդակի մի բան, բայց հաշվի չենք առնում, որ S 600 մակարդակի բան կառուցելու համար պետք է «Զապորոժեց» կառուցելու փորձ ունենանք», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«ՉԻ»․ Սա ասում է մի վարչապետ, որի ղեկավարած ամենամեծ հիմնարկը մինչև կառավարության ղեկավար դառնալը եղել է թերթի խմբագրությունը, և որը նախարար է նշանակել, օրինակ, «Երիցյանների» առաքիչին կամ պատմության ուսուցչին, դեսպան՝ անգլերենի կրկնուսույցին, ԱԺ հանձնաժողովի նախագահ՝ բուժքրոջը, և այլն։
Բայց խնդիրը միայն սա չէ։ Կարճ ներկայացնենք, թե ի՞նչ փուլեր են անցել այս իշխանությունները «Զապորոժեց» կառուցելու ճանապարհին։
1․ Հարայ-հրոցով խլել են անշուք, բայց շատից-քչից նորմալ աշխատող «Ժիգուլին»՝ իբր վերադարձնում են ժողովրդին։
2․ Վարել չիմանալով՝ բախվել են առաջին իսկ պատին, մեքենան ջարդուխուրդ արել, սկսել գոռգոռալ, թե մեղավորը նախկին տերերն էին, ապա «ռասկուլաչիտ արել» մեքենան, մասերը վաճառել ու հարստացել։
3․ Նույն ժողովրդի վճարած հարկերից 10 «թոփ-թազա Մերսեդեսի» փող են դուրս գրել, դրանով իրենք իրենց պարգևատրել, գործուղվել արտասահմաններ՝ իբր գնում են մեքենա սարքել սովորեն։
4․ Եվս 20 «Մերսեդեսի» փող են դուրս գրել, դրա մի չնչին մասով մի կերպ կցել-կցմցել իրենց ջարդած «Ժիգուլին» ու վրան գրել «Մերսեդես», հետո մի այդքան փող էլ տվել են իրենց ֆեյքերին, որ գան, նայեն, հիանան ու գոռգոռան, որ «Մերսեդեսն այսօ՛ր է»։
5․ Հիմա փորձում են «խոդի տալ», ու բնականաբար՝ չի ստացվում։ Բայց հաղթականորեն հայտարարում են, թե բերեք սկզբում «Զապորոժեց» սարքելու փորձ ձեռք բերենք։
Հարց՝ ևս քանի՞ «Մերսեդեսի» գումար կվճարեն հպարտ քաղաքացիները, որպեսզի սրանք ձեռք բերեն այդ փորձը։