...

Պատուհասապետության և լակոտակրատիայի պատանդները

Պատուհասապետության և լակոտակրատիայի պատանդները

Մինչ Նիկոլ Փաշինյանը մտածում է, թե ինչպես Վաշինգտոնում իր կատարելիք միակողմանի զիջումները ներկայացնի որպես փայլուն նվաճում, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի երկրորդ էշելոնի թիմակիցները (մի ժամանակ երևանյան բակերում դրանց անվանում էին «քյորփեք») իրար կոկորդ են կրծում։ 

Այստեղ զարմանալի ոչինչ չկա, զարմանալին այն է, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք հավատում են, որ այդ երկուսը կարող են մի կողմ դնել իրենց անձնական ամբիցիաներն ու առաջնորդվել պետական շահերով։ Իյա, իրո՞ք։ Ինչո՞ւ եք զարմանում, որ 70-ն անց երկու «վոժդեր», սարդերի նման իրենց անկյուններում ծվարած, իրենց «քյորփեքին» քսի են տալիս միմյանց վրա՝ կարծելով, թե արդեն վերջ, Նիկոլի հարցերը լուծված են, ու պետք է հիմիկվանից պայքարել իշխանության համար։ Նրանց օրակարգը միշտ էլ դա է եղել՝ դեռևս 1997-ից սկսած, երբ միամիտ-ռոմանտիկ Վազգեն Սարգսյանի «խելքը կերան» ու ռազմահայրենասիրական կարգախոսների ծխածածկույթի տակ հեղաշրջում իրականացրեցին՝ զավթելով իշխանությունը։ Կարճ ժամանակ անց Վազգեն Սարգսյանն էլ, չարություն արած երեխայի նման, որը հասկանում է, որ այս անգամ իր հերթական օյինբազությունը կարող է սովորականից ավելի ծանր հետևանքներ ունենալ, ինքն իր արածից վախենալով՝ վազեց թաքնվելու որևէ «մեծի» թիկունքում ու այդպիսով՝ նաև Կարեն Դեմիրճյանի գլխին փորձանք բերեց, բայց սա այլ պատմություն է։ Իսկ Քոչարյանն ու Սերժը երևի շատ հստակ էին պայմանավորվել՝ «դե 10 տարի ե՛ս կլինեմ նախագահ, 10 տարի՝ դու, հետո նորից 10 տարի ես, 10 տարի՝ դու, հետո՝ 10 տարի տղաս, 10 տարի փեսադ․․․»։ Իսկ թե այդ ընթացքում ինչ կլիներ Հայաստանի հետ՝ նրանց առանձնապես չէր էլ հետաքրքրում։ Այլ հարց է, որ այդ երկուսն իրար շատ լավ էին ճանաչում ու գիտեին, որ պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց ով կարողացավ՝ դիմացինին «քցելու է»։ Դրա համար էլ Սերժ Սարգսյանը, «քցվելուց» խուսափելու համար, կուսակցություն առավ ու 2007-ին խորհրդարանական մեծամասնություն ձևավորեց։ Հաջորդ շրջափուլում նույն տրյուկը փորձեց իրագործել Ռոբերտ Քոչարյանը՝ Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի միջոցով, բայց միևնույն է՝ «քցվելուց» խուսափել չկարողացավ․ Սերժ Սարգսյանը հրաժարվեց 10-ամյա շրջափուլի ավարտից հետո տեղը զիջել։ Սա է, ուրիշ բան չկա։ Ու հիմա երկու «ժառանգորդները»՝ Քոչարյան Լյովիկն ու Մինասյան Միշիկը, ներսից բզկտում են ընդդիմադիր դաշտը։ Ի՞նչ Հայաստան, ի՞նչ պետություն, ի՞նչ պետական շահ, երկուսի համար էլ իշխանությունը չանթելու և գերդաստանի ահռելի հարստությունը պահպանելու խնդիր է։

Կհարցնեք՝ իսկ Նիկոլ Փաշինյա՞նը։ Փաշինյանն ի՞նչ, նրան Սերժն «աճեցնում էր»՝ Քոչարյանին «քցելու» հարցում օգտագործելու համար, իսկ «քցելուց» հետո արդեն Քոչարյա՛նը փորձեց նույն Նիկոլին օգտագործել՝ Սերժից վրեժ լուծելու համար։ Երկուսն էլ իշխանությունն ընկալում էին որպես ճամպրուկ, ու կռվի թեժ պահին Սերժը մի քանի վայրկյանով ճամպրուկը դրեց գետնին ու անուշադրության մատնեց․․․ Երևի հենց սա նկատի ուներ Նիկոլը, երբ ասում էր «իշխանությունը փողոցում գցած է»։

Հիմա արդեն փողոցում գցած չէ։ Նիկոլ Փաշինյանը ճանկել է իշխանությունը և ամուր կառչել դրանից։ Ավելին՝ իշխանությունը երևի միակ բանն է, որը փողոցում գցած չէ։ Մնացած ամեն ինչը՝ պետական շահեր, անվտանգություն, արժեհամակարգ, տնտեսություն և այլն, մի կողմ են շպրտված ու ամեն օր ոտնատակ են արվում։ Որովհետև Նիկոլ Փաշինյանի համար իշխանությունն ընդամենը պետության հաշվին կուշտ փորով հաց ուտելու, սրա-նրա վրա ինքնահաստատվելու և ընտանիքի անդամներով-բանով հարյուրավոր թիկնապահների հետ այստեղ-այնտեղ թրև գալու հնարավորություն է։ 

Իսկ պետությունն ու հասարակությունը փաստացի պատանդ են դարձել այս պատուհասապետության և Լյովիկ-Միշիկ «լակոտակռվի» ձեռքին։

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ