...

Ջրի կաթիլը քար է ծակում

Ջրի կաթիլը քար է ծակում

ՕՐ - ՕՐԻ

Վերջերս ոմանք սկսեցին բողոքել հոկտեմբերի 27-ի ոճրագործներին և նրանց պարագլխին անուն ազգանունով հիշատակելու, և չափազանց հաճախ հիշատակելու, լուսանկարները թերթերում տպագրելու դեմ: Ընդ որում՝ նկատենք, որ որոշ լրատվամիջոցներ ոճրագործ բառը նրանց համար այլևս ընդհանրապես չեն էլ օգտագործում: Փորձեք ոչ միայն այդ բառը, այլև բացասական իմաստ ունեցող որևէ որակում գտնել «Ազգ», «Հայոց աշխարհ», «Երկիր», «Իրավունք» թերթերի, ասենք, վերջին մի քանի ամսվա համարներում: Վերջին անգամ նրանց հասցեին շատ թե քիչ «թթու» խոսք ե՞րբ է հնչել հանրային հեռուստատեսությամբ, կամ ընդհանրապես հնչե՞լ է: Եվ թող որևէ մեկը փորձի լրագրերում առավել հաճախ հիշատակվող անձնանունների հաճախականության բառարան կազմել: Ո՛չ, առաջին տեղում Քոչարյանը չի լինի, նա կլինի երևի երկրորդ տեղում: Առաջին տեղում կլինի գլխավոր ոճրագործը՝ անուն ազգանունով:

Նրանք թերթերում (որ հաստատ պարտաճանաչ նրանց տրվում է) չպետք է տպագիր տառերով կարդային իրենց անուն ազգանունները, այլ միայն իրենց արժանի որակումը: Եվ այդ որակումը անգամ հանցագործը չի կարող լինել, իսկ ահաբեկիչը այս դեպքում պարզապես մեծ պատիվ է: Դա կարող է լինել ոճրագործը, ստահակը, վիժվածքը... Բառերն ստեղծվել են երևույթները բնորոշելու համար: Եթե երևույթը հայտնի է, կատարողները՝ բացահայտ (անմեղության կանխավարկածի հարց չկա) և նրանք հենց այդպես չեն կոչվում (խոսքս դատական պրոցեսի պաշտոնական կողմերի մասին չէ), այլ ամբաստանյալ, մեղադրյալ, հետո էլ կարող են դառնալ կասկածյա՞լ, հետո էլ կարող են նաև արդարացվե՞լ...

Անհեթե՞թ է: Բայց մեր լավ իմացած ամենաթարմ պատմության մեջ քանի՞ այսպիսի անհեթեթություններ են դարձել փաստ, երբ երևույթը, արարքը, իրողությունը սխալ, ոչ համարժեք որակում է ստացել, սիստեմատիկ կրկնվել և շատերի համար դարձել համոզմունք: Անհեթեթ չէ՞, որ դժվարագույն պայմաններում, դժվարագույն պատերազմում տարած հաղթանակների ու հերոսացման տարիները այսօր որևէ մեկը ոչ միայն հաղթանակների, հերոսացման, այլ նույնիսկ պատերազմի տարիներ չի կոչում, այլ՝ «ցրտի ու խավարի»: Անհեթեթ չէ՞, որ այսօր ոմանք այդ հաղթանակներից այդպես կառչում են, թափահարում որպես դրոշ, իսկ նույն հաղթանակները կռած իշխանություններին կոչում դավաճան ու հանցագործ, և դա շատերի համար դառնում է համոզմունք: Որովհետև այդպես ասվում է հազարավոր անգամ, սիստեմատիկ, անընդհատ կաթեցվում: Հայտնի է, չէ՞, որ ջրի փոքրիկ կաթիլն անգամ, երկար ժամանակ նույն տեղն ընկնելով, քար է ծակում, էլ ուր մնաց՝ փխրուն հասարակական գիտակցությունը: Սա փորձված և արդյունավետ գործելաձև է, մանավանդ, երբ դրան լծված են իշխանական և իշխանամետ լրատվամիջոցների ողջ համալիրը, ամբողջ քարոզչամեքենան:

Ոճրագործների դեպքում՝ դրան լծված է նաև դատարանը: Աշոտ Բլեյանն օրական տասն անգամ արձանագրում էր դատավարական կանոնների և օրինականության խախտումներ, անհեթեթություններ, մարդու իրավունքների խախտումներ: Որևէ մեկը չէր ասում, թե սխալ է բողոքում, լռությամբ կամ բարձրաձայն ասում էին՝ ուժներս պատում է՝ անում ենք: Այս՝ 27-ի դատավարությունում, դատավորից սկսած արձանագրում և պարծենում են, որ ամեն ինչ ընթանում է օրենքի տառին համապատասխան: Պարծենում և արձանագրում են, որ այս դեպքում ոճրագործների (իրենք ամբաստանյալ են կոչում) մարդու իրավունքների որևէ ամենաչնչին խախտում տեղի չի ունենում (ո՞վ կհամարձակվի Պ. Հայրիկյանի ահից): Ճիշտ չեն ասում. իրականում դատավարությունը վերածվել է մեկ դերասանի թատրոնի, և հանդիսատեսները պետք է համոզվեն, որ «գլխավոր հերոսը» բոլոր ժամանակների ամենամեծ ռոմանտիկն է, հայրենասերը, հայասերը, ինչ որ արել է՝ արել է դրանցից ելնելով: Եվ դրա համար անսահմանափակ ժամանակ ու հնարավորություն են նրան տրամադրել: Իշխանական ու իշխանամերձ ողջ քարոզչամեքենան դրա վրա էլ աշխատում է: Լրագրերի ամբողջ մի թիմ ու հանրային հեռուստատեսությունն էլ որպես ամոլ եզ լծված են դա հասարակության համոզմունքը դարձնելու գործին: Սա որպես առաջին և հիմնական խնդիր: Հաջորդ խնդիրներն արդեն կհենվեն այս «փաստի» վրա, երբ ժանգոտ այդ մեխը մինչև վերջ կխրվի հասարակական գիտակցության մեջ:

Բայց միայն սա չէ նրանց խնդիրը, այլ նաև ոճրագործների արտադատական իրավունքները աչալուրջ պաշտպանելը: Հիշենք նրանց բարձրացրած վայնասունը, երբ գլխավոր ոճրագործը հայտարարեց, թե իբր իրեն ճնշումների են ենթարկել: Ի՞նչ իրավունք ուներ նախաքննական մարմինը այլ կերպ հարցաքննել նրան, քան խնդրելով, համոզելով, գլուխը շոյելով: Թող փորձի որևէ մեկը նրա հասցեին որևէ ոչ կոռեկտ արտահայտություն անել: Թեկուզ դա լինի տուժողներից որևէ մեկը, թեկուզ այն հասկանալի զայրույթի պահին, երբ տեսնում ես, թե ինչպես է այդ ստահակը օրեր շարունակ որպես «ցուցմունք» իր հուշերը հրամցնում՝ համեմված հետաքրքրաշարժ պատմություններով, անեկդոտներով, շախ ու շուխով, շուլուխով: Հավանաբար նման մի պահի այդպիսի ճակատագրական մի սխալ գործեց կոմունիստ պատգամավոր Գագիկ Թադևոսյանը, բերանից թռցնելով, թե ոճրագործի «անունը լսելիս, կամ դեմքը տեսնելիս դեպրեսիայի մեջ է ընկնում» և՝ որպեսզի նրան ստիպեն հեքիաթից և բոլորին հիմարացնելուց անցնի իրական ցուցմունքների, թերևս պետք է նրա եղբորը (որի ձեռքով են սպանվել զոհվածների մեծ մասը) իր աչքի առջև գնդակահարել: Ենթադրենք սխալվեց: Բայց ահա ինչպես կատաղած էգ առյուծը կհարձակվեր պաշտպանելու իր վտանգված ձագին, այնպես էլ «Հայոց Աշխարհ», «Ազգ», «Իրավունք», «Երկիր» թերթերը մռնչոցով հարձակվեցին անզգույշ տուժողի վրա, ոտքի տակ գցեցին, ծաղր ու ծանակի ենթարկեցին: «Ամոթ, հազար ամոթ» գրում է «Հայոց աշխարհը»՝ այս առիթով մեկ առ մեկ հիշեցնելով կոմունիստների գործած բոլոր չարագործությունների խրոնիկան՝ ի սկզբանե մինչև մեր օրերը: (Հետաքրքիր է, եթե ոչ զավեշտ. 1988-ից այս կողմ, ուղիղ 13 տարի երբեք դաշնակցական մամուլն այսքան խիստ չէր արտահայտվել կոմունիստների և նրանց անցյալի մասին: Բայց ահա այս առիթով կարող է խզվել դաշնակցության և կոմունիստների՝ վերջին տասնամյակի ամենասերտ ու հարատևած քաղաքական դաշինքը:) Աննկատ (մուղամով) կերտվում են «ամբաստանյալի» կերպարի նաև այլ «դրական» գծերը: Այսպես՝ «Ազգի» ընտրած մի վերնագիրը հուշում է, որ նա նաև իր խոսքի տեր տղամարդ է, համարյա ասպետ. «Նաիրի Հունանյանը չդրժեց ցուցմունք տալու իր խոստումը» (21.04.01):

Ինչո՞ւ գլխավոր ոճրագործը դարձավ այսքան «թանկարժեք տղա», այսքան ջանք ու եռանդի արժանի: Այդպես կարող էր լինել ոչ թե թանկարժեքի, այլ վտանգավորի դեպքում: Իսկ վտանգը կայանում է նրանում, որ նա կարող է ցուցմունքներ տալ կազմակերպիչների, օժանդակողների, դրդիչների ուղղությամբ: Ահա նրանց համար է, որ չափազանց վտանգավորը կարող է դառնալ չափազանց թանկարժեք: Փորձն արդեն մի անգամ ցույց է տվել, որ նա կարող է «վառել», եթե իրենք՝ «դրսում» գտնվողները չկարողանան ապահովել «ներսում» գտնվողների փափուկ ու անվրդով կյանքը և դատավարության բարենպաստ ավարտի երաշխիքը: Այսինքն՝ հստակ խնդիր է դրված, և այդ խնդիրը դնողները կա՛մ սերտորեն առնչվում, կա՛մ նույնանում են կազմակերպիչների հետ: Այդ խնդիրն իրականացնողները, Հանրային հեռուստատեսության գլխավորությամբ, բացահայտ են: Իսկ թե ովքեր են խնդիրը դնողները, նախաքննական մարմնի պարզելիքն է՝ գործից անջատված մասով:

ՍԻՄ-ի Հրանտ Խաչատրյանի մի խոսքն այս առումով ուշագրավ է: Նա գտնում է, որ հոկտեմբերի 27-ն արդեն «իր մեջ ներառում է մի քանի գործեր՝ նախաքննական մարմնի շեղումներ, տարբեր ազդեցություններ և այլն», որոնց համեմատությամբ «այսօր ծանրանալ միայն Նաիրի Հունանյանի ցուցմունքների վրա, թե ճիշտ կասի՞...շատ նեղ հարցադրում է»:

Տեսնո՞ւմ եք որքան թափանցիկ է երևում դրված խնդիրը և հանձնարարված ճանապարհը: Եվ եթե այսպես շարունակվի, հիշյալ «հարցադրումն» առավել կնեղանա, կբարակի, կարժեզրկվի, կմոռացվի: Վերջում 27-ի գործով իրենց «սրոկը» կստանան նախաքննական մարմինն ամբողջ կազմով, Գ. Թադևոսյանը՝ դեպրեսիայի մեջ ընկնելու համար, և բոլոր նրանք, ովքեր համարձակվել են երբևէ այսօրվա «ամբաստանյալների» թանին թթու ասել... Իսկ «ռոմանտիկների խումբը», եթե դատարանի դահլիճից ազատ էլ չարձակվի, ամենաշատը կուղարկվի ապահով ինչ-որ տեղ՝ հոգատար ձեռքերում ռոմանտիզմի և հայրենասիրության ավելցուկից բուժվելու համար:

Միայն այս հեռանկարի խոստումով կհամաձայնեին լռել 27-ի ոճրագործները և ամեն ինչ իրենց վրա վերցնել:

Հովսեփ Թովմասյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 195, մայիսի 8, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   524 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ