Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն, որովհետև «ՀՀ քաղաքացիների շրջանում չկա ընկալում, որ այն իրավակարգը, որը Հայաստանում հաստատված է, հաստատված է իր կողմից»։
«ՉԻ»․ Հետաքրքիր է, Նիկոլ Փաշինյանն ի՞նչ գիտի՝ հանրության մեջ այդպիսի ընկալում կա՞, թե՞ չկա։ Եվ ընդհանրապես՝ եթե խոսում ենք ընկալումների մասին, ապա ՀՀ քաղաքացիների շրջանում միանշանակ կա ընկալում, որ Նիկոլը ՀՀ Սահմանադրությունը փոխում է Ադրբեջանի պահանջով։ Չեք հավատում՝ դուրս եկեք փողոց և հարցրեք ցանկացածին։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը մեկ այլ «ընկալման» մասին էլ է խոսում, ըստ որի՝ սահմանադրական բոլոր հանրաքվեների արդյունքները կեղծված են։ Պարզ ասած՝ այսօր գործող Սահմանադրության լեգիտիմությունը կասկածելի է։ Բայց դա նշանակում է, որ կասկածելի է նաև այդ նույն Սահմանադրությամբ վարչապետի աթոռը զբաղեցնողի լեգիտիմությունը։ Համենայն դեպս՝ կա այդպիսի «ընկալում»։ Բայց նա, չգիտես ինչու, երբեք իր կասկածելի լեգիտիմության մասին չի խոսում ու հանգիստ վայելում է «Սերժ Սարգսյանի վրայով կարված կոստյումը»։
Ի վերջո՝ եթե խնդիրն ընդամենը «ՀՀ քաղաքացիների ընկալումն» է, ի՞նչ երաշխիք կա, որ հաջորդ հանրաքվեի արդյունքների նկատմամբ մարդկանց «ընկալումը» փոխվելու է։ Թե՞ այդ «ընկալման» բովանդակությունն էլ է Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշելու՝ ըստ Բաքվից ստացած SMS-ի։