...

Քանի՞ կիլոմետրանոց է Նիկոլի գրպանը

Քանի՞ կիլոմետրանոց է Նիկոլի գրպանը

Կարդում ենք չոր ու ցամաք հաղորդագրություն, որն սկսվում է այսպես․ «Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և Հանձնաժողովի համատեղ նիստը»: Եվ ի՞նչ՝ կհարցնի ընթերցողը։ 

Կարդանք տեղեկության վերջին հատվածը․ «Նիստի օրակարգում ներառված են եղել նաև Խորհրդի աշխատանքներն առավել համակարգային և պարբերական դարձնելու անհրաժեշտության հետ կապված այլ հարցեր: Այս համատեքստում, հիմք ընդունելով, որ Խորհուրդն ստեղծվել է վարչապետի որոշմամբ, առաջարկվել է վարչապետի մասնակցությամբ կազմակերպել քննարկում` սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետագա ուղղությունների շուրջ մտքերի փոխանակման համար»: Հիմա, կարծում ենք, հասկացաք։ 

Ուրեմն սահմանադրական բարեփոխումների խորհուրդն ուզում է Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել «գործընթացի հետագա ուղղությունները»։ Պարզ ասած՝ սույն խորհուրդը վարչապետի գրպանն է գցում այն փոփոխությունները, որոնք հասարակության մեծ մասը չի ընդունելու։

Գուցե խորհրդի անդամներն այսկերպ ինքնապահովագրվո՞ւմ են, քանի որ հասկանում են՝ սահմանադրափոխությունն այս անգամ իրական հանցանք է։

Եթե հասկանում են և որոշել են Նիկոլի գրպանը գցել՝ հետագայում մեղադրանքներից ազատվելու համար, չարաչար սխալվում են։ 

Այո՛, վարչապետն է հիմնական պատասխանատուն և մեղավորը, բայց նրա աջակիցները կամ ստորադրյալները նույնպես հանցակից են և չեն ազատվելու ազգադավության խարանից։

Եթե հասկանում են, բայց հլու-հնազանդ կատարելու են Նիկոլի հրահանգները, որոնք իրականում թշնամի երկրի հրահանգներն են, արդարանալու որևէ հնարավորություն չեն ունենալու։ Քանի որ կարող են ընտրություն կատարել․ կա՛մ դառնում են հանցագործության մասնակից, կա՛մ հրաժարվում են խայտառակ հրամանները կատարելուց։

Կասեք՝ միանգամից բանտում կհայտնվեն։ Կպատասխանենք՝ բանտը այս դեպքում նախընտրելի է։ Բայց նրանք բանտից չեն վախենում, նրանք վախենում են փող կորցնելուց։ Հետևաբար իրենց գրպանի պարունակությունը պատվից և հայրենիքից բարձր են գնահատում։

Մի խոսքով՝ Նիկոլի անհատակ գրպանը մյուսների համար բնավ արդարացում չէ։

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   555 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ