...

Կառավարության նիստի չհրապարակված հատվածը

Կառավարության նիստի չհրապարակված հատվածը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտասանած ելույթի հատվածներից մեկը տեխնիկական պատճառներով եթեր չի հեռարձակվել, սակայն մեզ հաջողվել է ձեռք բերել այդ հատվածի սղագրությունը, ինչը և սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

- Հա, ի՞նչ էի ասում։ Ալեն Սիմոնյանի հայտարարագրի մասին։ Դե հիմա մարդ ա՝ մի երկու բնակարան էլ մոռացել ա հայտարարագրի, Ռոբերտ Քոչարյանին որ հարցնես՝ կարա՞ իր ունեցած բոլոր կղզիները հիշի։ Այ քեզ բան, ես է՛լ եմ շատ բաներ մոռանում, հատկապես՝ անշարժ գույքի մոմենտով։ Անշարժ գույք ասեցի՝ հիշեցի։ Էդ գործից հասկացող ո՞վ կա՝ նշանակենք Կանադայում ՀՀ դեսպան։

Անցնենք սոցիալական հարցերին։ Միջին աշխատավարձը բարձրացել է 12 տոկոսով, ցածր աշխատավարձ ստացողների թիվը նվազել է 9 տոկոսով․․․ Էս ո՞վ ա գրել էս թվերը, այսինքն՝ Հայաստանում ուսուցիչները 9 տոկոսով պակասել ե՞ն։ Լավ ա, լավ ա․․․ Քերոբյան Վահանն ա՞ գրել։ Այ տղա, բա ես քեզ չէի արգելե՞լ գրելը։ Հա, վայ՝ ճիշտ ա, հրաժարական տալն էի արգելել։ Լսի, Վահան, էդ որ ասում ես Ապարան համայնքում 24 միլիոն եվրոյով ճոպանուղի է կառուցվելու, հարկերն էլ են ներառվա՞ծ, թե՞ որպես սահմանամերձ բնակավայր ազատված ա հարկերից։ Դե հիմա այ քեզ բան, էսօր սահմանամերձ չի՝ վաղը սահմանամերձ կդառնա, մեր բարեկիրթ հարևաններից նոր դրական ազդակներ եմ ստացել․․․ 

Ի դեպ՝ դրական ազդակների մասին։ Օրերս Հայաստանում էր ռուսաստանցի մի պաշտոնյա․․․ Ստեղ ձեռագիրը լավ չի կարդացվում, ազգանունը տեղը չեմ բերում։ Օվեր․․․ Օվյոր․․․ Մի խոսքով՝ մի մարդ էր եկել, որոշեցինք ձևավորել տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացման աշխատանքները համակարգող խմբի նախնական ձևավորմամբ զբաղվող աշխատանքային խմբի լիազորությունների շրջանակների հստակեցման հարցերի ուսումնասիրման փորձագիտական խումբ։ Այնպես որ՝ խաղաղության դարաշրջանի բացումը մոտ է։ 

Հիմա՝ ներքին խնդիրների մասին։ Թիմում դժգոհություններ եմ նկատում, որ Հովոյին նկատողություն եմ հայտարարել․․․ Պրն Աղազարյան, դադարեցրեք կառավարության նիստի ժամանակ նկարիս առաջ մոմ վառելը, ես Հ1-ի Հովոյի մասին եմ ասում։ Բա ի՞նչ անեի, պատկերացնում ե՞ք՝ Կաթողիկոսը ելույթ ա ունենում, ես ելույթ եմ ունենում, ու դրանից անմիջապես հետո երկու հարբածներ երգում են «յա վառոնա, տի վառոնա», մի քիչ շատ չե՞ն զուգադիպությունները։ Սրանից հետո թող խելքը գլուխը հավաքի, ամեն անգամ իմ ելույթներից հետո «Պատրոնդաշըս կապել եմ» երգը ցույց տա։

Ընթացիկ հարցերի մասին։ Ամենայն վճռականությամբ հորդորում եմ խստացնել ծխելու դեմ պայքարը։ Հա, իմիջիայլոց՝ Ալե՛ն․․․ Պարո՛ն նախագահ․․․ Հի-հի, խնդալս գալիս ա, կներեք․․․ Պարոն նախագահ, մարիխուանայի օրինականացման գործընթացն ի՞նչ փուլում է, ինչո՞ւ է ձգձգվում․․․ 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4312 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ