...

Կառավարությունը ե՛ս եմ, «ռեգուլիրովչիկը» ե՛ս եմ․․․

Կառավարությունը ե՛ս եմ, «ռեգուլիրովչիկը» ե՛ս եմ․․․

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ խցանումների հաղթահարման նպատակով։ Աշխատանքային խումբը կղեկավարի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, իսկ խմբում, ի թիվս այլ պաշտոնյաների, ներգրավված են նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«ՉԻ»․ Եթե խումբը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ արդյունքները 100 տոկոսով կանխատեսելի են։ Պետբյուջեից հսկայական գումարներ կհատկացվեն (չնայած՝ ո՛չ աստղաբաշխական, հակառակ դեպքում Տիգրան Ավինյանը նույնպես ներգրավված կլիներ), խցանումները շատ ավելի ահավոր կդառնան, այնուհետև կհրապարակվի մասնագիտական եզրակացությունը, որի համաձայն՝ խցանումների համար մեղավոր են․

1․ Ալեքսանդր Թամանյանը, որը, գործուղված լինելով Ռուսաստանից (պարզ ասած՝ Կրեմլից), Երևանի համար դիտմամբ այսպիսի գլխավոր հատակագիծ է մշակել,

2․ Նախկին իշխանությունները, որոնք Երևանի խցանումները կանխորոշել էին դեռևս 1991-ին՝ Ալմա-Աթայի հռչակագրով,

3․ Իրենց գեղի «օպելներով» Երևանում երթևեկող համբալները,

4․ Եկեղեցին, որովհետև շատ վարորդներ, վարելու ընթացքում եկեղեցի տեսնելով, խաչակնքվում են և դրանով իսկ խցանումներ առաջացնում։

Առանձին կետով կարձանագրվի նաև, որ ավտոմեքենաների առատությունը խոսում է բացառապես հեղափոխական իշխանությունների օրոք բնակչության կենսամակարդակի կտրուկ աճի մասին, իսկ բարձրաստիճան պաշտոնյաների շարասյուները փողոցները փակել են տալիս զուտ նրա համար, որ վերջիններս մոտիկից և ավելի հանգամանորեն ծանոթանան խցանումների հիմնախնդրին։

Շատ լավ, բայց կարող է հարց առաջանալ՝ իսկ ինչո՞ւ է խմբում ընդգրկվել նաև Ժաննա Անդրեասյանը։ Կարծում ենք՝ պատասխանն ակնհայտ է։ Նա պիտի հետևի, որ խցանումների մեջ մնացած մեքենաներում միայն բարձրաճաշակ երաժշտություն հնչի, վարորդներն էլ «սիգնալ տան» միայն ՀՀ օրհներգի տակտով ու հանկարծ իշխանությունների հասցեին անպարկեշտ բառապաշար չօգտագործեն։ ՆԳ նախարարն էլ, բնականաբար, այնտեղ է, որպեսզի տեղում որոշի այդ պահանջը չկատարողների խափանման միջոցը։

ՎԱՐԿԱՆԻՇ

   104 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ