...

Կեղտերը ջրի երես են դուրս գալիս

Կեղտերը ջրի երես են դուրս գալիս

Երեկ մենք գրել էինք «իրավապաշտպան» Ավետիք Իշխանյանի և ԱԺԲ ներկայացուցիչների միջև ֆեյսբուքյան հրետակոծության մասին: Մի թեթև էինք անդրադարձել, բայց բազմաթիվ ընթերցողների հետաքրքրել էր, թե ինչի շուրջ են իրար գզել: Մենք այսօր այդ խնդրանքը կբավարարենք, կներկայացնենք նրանց լեզվակռիվը, որոնց արդյունքում նոր բաներ կիմանաք այս մարդկանց մասին: Սրանց կեղտերը լավ էլ ջրի երես են դուրս գալիս: Մնում է, որ տեմպը չթուլացնեն: Դեռ այնքան բան պիտի պարզվի:

Ավետիք Իշխանյանը՝ ԱԺԲ անդամ Ալբերտ Բաղդասարյանի մասին

ՊԱՏԱՍԽԱՆ ՈՉՆՉՈՒԹՅԱՆԸ

Մարդիկ կան, որոնք իրենց ողջ կյանքում եղել են միջակություններ։ Սրանք չունենալով որևէ ձգտում հաջողության հասնելու որևէ բնագավառում, երազում են հարմար առիթի իրենց ոչնչությունը ցուցադրելու համար։ Այդպիսի մարդիկ, ինչպես այսօր, կային նաև խորհրդային տարիներին։ Նրանցից ոմանք, նույնիսկ ունեին բարձրագույն կրթություն և որպես լաբորանտ կամ ինժեներ, իրենց գոյությունն էին քարշ տալիս տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում։ Նման անձանցից էր Ալբերտ Բաղդասարյան անունով միջակությունը։ Ղարաբաղյան շարժումն այս միջակությանը հնարավորություն տվեց ինքնադրսևորվելու, որպես վայրենի, անհանդուրժող «հեղափոխական»։ Նա կարողացավ դառնալ «Մերգելյան» ինստիտուտի շարժման առաջնորդներից։ Շարժման ալիքի վրա այս Շարիկովը դարձավ, ինչպես Երևանի քաղխորհրդի, այնպես էլ ԱԺ պատգամավոր։ Հետո նշանակվեց Երևանի քաղաքապետ Համբարձում Գալստյանի տեղակալ։ Իր մանկլավիկներից մեկին՝ Արմեն Հարությունյանին նշանակեց Երևանի Առևտրի վարչության պետ։ Երբ սկսվեց սեփականաշնորհումը, սույն ընկերությունը սպառնալիքի տակ, ստիպում էր Երևանի խանութների տնօրեններին ազատման դիմումներ գրել, հետագայում այդ տարածքները սեփականաշնորհելով իր ընկերներին։ Այդ տարիներին առաջին կոռուպցիոն սկանդալներից էր քաղաքապետարանի կողմից կոնյակի և հյութերի «օպերացիան»։ Սակայն, ունենալով մեծամասնություն ԱԺ-ում, այն կոծկվեց։ Շարիկովը օգտագործելով դիրքը, նաև բնակարան ձեռք բերեց։ Այս անձնավորությունը պայքարում էր ՀՀՇ-ում ԱԱԾ պետ դառնալու համար։ Երբ այն չստացվեց, դառնալով «աբիժնիկ», միացավ ընդդիմությանը։ Երկար տարիներ նա տառապում էր, մոռացված լինելու համար։ Եվ, օ հրաշք, հնարավորությունը բացվեց, ստեղծվեց ԱԺԲ անվանումով նոր հեղափոխա-անհանդուրժողական շարժում և Շարիկովը վերակենդանացավ։

Եվ ահա, այս միջակությունը, իր պարտքն է համարել, քծնելու ԱԺԲ ղեկավարությանը և աղտոտ, գեղցի բերանը բացելով լուտանքներ թափել ինձ վրա, մոռանալով մեր ժամանակին մտերմությունը։

Էս ողորմելին, բացի լուտանքներից, մտել է իմ անձնական կյանք և սուտ ու հերյուրանք է տարածում։

Էս գյադեն, համարում է, որ ես սորոսի փողերով Երևանի կենտրոնում տուն եմ գնել և երեխաներս արևմուտքում են ուսանում։ 

Քանի որ շատերը կկարդան սրա չարությունից ու նախանձից ժայթքող ժահրը և կհավատան, ստիպված եմ պատասխանել այս ոչնչությանը.

Ա՛յ , Շարիկով, ի տարբերություն քեզ ես ղարաբաղյան հեղափոխությունից որևէ նյութական, գույքային օգուտ չեմ ակնկալել և ունեցել։ Մինչև 2001թ․, ընտանիքով ապրել եմ 16 թաղամասի 12-րդ հարկի երկու սենյականոց բնակարանում, տանելով 90-ականների էներգետիկ ճգնաժամի ողջ «ճոխությունը»։ 2001թ. վաճառել եմ բնակարանը և վարկ վերցնելով, գնել կենտրոնի «խրուշչովկայում» երեք սենյականոց բնակարան, 16 000 դոլարով։

Նախանձեցիր, աչքդ տեսավ, այ քոսոտ։ Սորոսի հետ իմ համագործակցությունը սկսվել է 2003թ.։ Ջոկիր, չարակամ և նախանձ Շարիկով։ Տղաներիցս մեկը ավարտելով Երևանում Բուհը, երկու տարի ծառայել է Ջեբրայիլի դիրքերում, որ դու այստեղ հանգիստ թույն շնչես։ Մյուսը գերազանցությամբ ավարտելով ֆիզիկայի ֆակուլտետը, ընդունվել է ասպիրանտուրա։ Ուսուցման գումարը կրթաթոշակ է, մենք սեփականության տարածքներ չունենք, որ վարձով տանք և վայելենք։ Ի տարբերություն քեզ, որ ոչինչ ես, տղաս գիտնական է։ Եվ զարմանալիորեն, այս ոչնչությունը չի խոսում Արա Պապյանի դասալիք որդիների մասին։

Ինչ վերաբերում է այն զրպարտություններին, որ հեղում են բոլոր գործակալ աժբականները, ապա Աբո, դու էիր ուզում դառնալ ԱԱԾ պետ, հավանաբար որ ոչնչացնես քո կգբ-ական անցյալը։

Երանի բացվեին ԱԱԾ արխիվները և այս մեծ-մեծ փրթողները չէ, չէին խեղճանա, քանի որ արժանապատվություն չունեն։

Լինելով հոգով և մարմնով ստրուկներ, հանրահավաքներ անելով օտար երկրների դրոշների տակ, նմանները այլոց են մեղադրում ռսի ստրուկ լինելու մեջ։

Ալբերտ Բաղդասարյանը՝ Ավետիք Իշխանյանի մասին
 
Ավետիք Իշխանյանը, Արա Պապյանի հետ բանավեճում խայտառակ ֆիասկոյից ու որպես անմիտ ռուսամոլ բացահայտվելուց հետո, հավատարիմ իրենց ընտանիքի իր սերնդի ավանդույթներին՝ շառ, շանտաժ, զրպարտություն, կանացի ստորակարգ դրսևորումներով բամբասանքներով քաղաքական խնդիրների դիտարկում, իր էջում մի պասկվիլ է նվիրել ինձ։

Միշտ մերժել եմ այդ ցածրակարգ դրսևորումներով հանդես եկած Ավոյին։

Նա ինձ համար արժեք ուներ, երբ պայքարում էր Հայաստանի ռուսիֆիկացիայի դեմ։

Իրեն ինձ ընկեր էի համարում, երբ պայքարում էր հանուն ռուսական դպրոցների փակման, հանուն այն բանի, որ հայ երեխաները ունենան բացառապես հայկական կրթություն։

Երբ, որպես Ղարաբաղ կոմիտեի գաղտնի անդամ, ինձ հետ մասնակցում էր Արցախյան Շարժման ընդհատակյա պայքարի կազմակերպման խիստ վտանգավոր աշխատանքներին (թեկուզև պասիվ, խիստ երկրորդական դերում)։

Կյանքի՝ այդ հարգանքի փուլն ապրելուց հետո, որտեղ իրապես մեծ հայասեր ու ազգային գործիչ Ռաֆայել Իշխանյանի անվանը արժանի էր իրեն դրսևորում, Ավոյի մոտ աստիճանաբար սկսվեց ինչպես քաղաքական, ազգային, այնպես էլ տարրական մարդկային դրսևորումների, արժեքների անկումը, մինչև այս՝ էժան սերիալախեղդ տնային տնտեսուհու մակարդակին արժանի բամբասանքային պասկվիլը։

Առաջիկայում Հայաստանին սպասվող ավելի մեծ արհավիրքների ֆոնին արժե՞ արդյոք իջնել այդ խղճուկ մակարդակին ու սկսել անձնական, կենցաղային, ինտելեկտազուրկ վեճ, մեկ այլ սորոսածիծ կերած-մեծացած ռսահարճ ստեփան դանիելյանի հետ արդեն ռսահարճության խորխորատում՝ հատակում հայտնված Ավոյի հետ։

Չէ, դա անիմաստ, Հայաստանին ոչինչ չտվող ցածրակարգ արձագանք կլինի իրեն այսքան տարի սնած, իր մեջ հավաքված թույնի ժայթքմանը, ինչի համար էլ Ավոյին այդ բանավեճի մեջ մտցնողներն իրենց բավարարված կզգան։

Աքացի տված էշին չարժե քացով պատասխանել։

Հատկապես, եթե էշը նաև սովորական (կարդալ նաև՝ սորոսական) աբիժնիկ է։

Աստված հանգստություն պարգևի լուսահոգի Ռաֆայել Իշխանյանի հոգուն։

ՀԽ-ի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ Ավետիք Իշխանյանի մասին

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հերթական տարօրինակ հոդվածում անուն չտալով վկայակոչել է օրեր առաջ Ֆեյսբուքում իմ տեղադրած գրառումն ու Վարանդա-Շուշի նորակառույց ավտոմայրուղուց մեր Շուշիի լուսանկարը․ իր տրամաբանական հակասություններով լեցուն «վերլուծության» մեջ նա գրել է. «Քիչ առաջ էլ աչքիս ընկավ մի ականավոր վերլուծաբան, պարտության քարոզիչի գրառումը։ Վերջինս հիացմունքով տեղադրել է Ադրբեջանի կողմից կառուցված Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ավտոմայրուղու լուսանկարը։ Լուսանկարի տեղադրման մտայնությունը նույնն է՝ տեսե՛ք, տեսե՛ք Ադրբեջանը կառուցում է, իսկ մենք․․․ ու սկսվում է ՝ կոռուպցիա, դղյակներ և այլն։ Նկատենք, որ այս գործիչներն իրենց կուռքի հետ միասին, բառացիորեն կրկնում են Ադրբեջանի նախագահի խոսքերը․ «Եթե հայերը Շուշին համարում են հայկական, ապա ինչու չեն կառուցել»։

Թե որտե՞ղ է մեր իրավապաշտպան գործընկերը իմ գրառման մեջ տեսել «հիացմունք», թողնում եմ իր խղճին, եթե այն դեռ մնացել է։ Բայց Ավետիքի այս հոգեթափանցության տաղանդը թողնում եմ մի կողմ։ Պարզվում է՝ ես «պարտության քարոզիչ» եմ։ Թեպետ, Ավետիքի այս մի եզրահանգումն էլ նման է նկարի միջով իմ հոգու խորքը նայելու իր «տաղանդին», քանզի ես իմ հոդվածներով ու գրառումներով ընդամենը բացատրել եմ պատերազմի պատճառները, արդյունքը, այլ ոչ թե քարոզել պարտություն կամ արդարացրել:

Իսկ, այ, հիշողությունս չի դավաճանում, որ Ավետիքի փեսան՝ Վազգեն Մանուկյանը, հպարտորեն հայտարարում էր, որ պատերազմի թեժ օրերին կապվել է զինվորական հրամանատարներին ու հորդորել, որպեսզի չենթարկվեն Հայաստանի՝ Երևանի քաղաքական ղեկավարության հրամաններին։ Ըստ որում, ինքն էլ չի թաքցրել, նաև մեր աղբյուրներն էլ պատմել են, թե երբ և որտեղ է գտնվել այդ օրերին Վազգեն Մանուկյանը, որ հյուրանոցում, ում հետ, քանի ձվով ձվածեղ են կերել... Ու ամենևին «պարտության քարոզիչ» Ստեփան Սաֆարյանը չէր պատմում, որ այդ նույն օրերին Հադրութից մինչև Ջրական ինչ-որ խմբեր մտնում էին գնդեր, զորամասեր, քաղաքներ ու պարտության խուճապը տարածում՝ «ձեզ փրկեք, հողերը Նիկոլը ծախել է»... Այդպիսի երկուսի վզից Հադրութի գնդում բռնել է «պատերազմի քարոզիչ» Ստեփան Սաֆարյանի փեսան՝ պարտադրելով հնչեցնել նաև այն մարդու անունը, ով նրանց դա ասել էր: Ու բացի Ստեփան Սաֆարյանի փեսայից այս հայրենադավ քարոզի մասին պատմել են նաև հարյուրներով մարդիկ: Ու այդ քարոզն արած կամ քարոզի թիկունքում կանգնած մարդիկ նույն Ավետիքի հետ միասին պատերազմից հետո պայքարում էին Հայրենիքի «փրկության» համար: Այ, չգիտեմ, մեր գործընկեր Ավետիքն իր հարազատներին՝ փեսային, եղբորը, զարմիկներին ուղարկե՞լ է պատերազմ, ինչպես մենք, և եթե ուղարկել է, ապա նրանք այնտեղ ո՞ւմ են բռնացրել «հողերը տալիս»:

Իսկ երբ հոկտեմբերի 17-ի մատույցներում Ռուսաստանից Հայաստան էին եկել Վիտալի Տրետյակովը և այլոք, ով իր այցն ամփոփեց «Շուտով հետսովետական երկրներից մեկում հնարավոր է ռազմական հեղաշրջում» չարագուշակ ազդագրով՝ թվիթների այդ շարքում տեղադրելով նաև Սևանի ավտոմայրուղու տեսանյութեր և հասկանալի դարձնելով, որ դա Հայաստանին է վերաբերում, նույն օրերին Ավետիքի փեսան էր, որ 17 ուժերի համախմբումով հանդես եկավ քաղաքական իշխանությունը ռազմական թևին (հետագայում իրենց միացած Օնիկ Գասպարյանին) փոխանցելու խրոխտ պահանջով, մանավանդ որ երկու օր հետո Հայաստանի առաջ առաջարկ-վերջնագիր պետք է ներկայացվեր՝ հանձնել նաև Շուշին, ու մենք կամ պետք է մերժեինք այդ առաջարկը ու պահեինք Շուշին, կամ թանկ արյուն հեղելով հանձնեինք, և այդ իրավիճակում առավել քան պետք էր հայոց միասնականություն ցանկացած որոշման դեպքում: Իսկ, այ, ես չէի, որ թիկունք էի բացում՝ «պարտությունը քարոզելու» համար:

Եվ վերջինը. իր հոդվածում Ավետիքը գրում է. «Այն որ, հատկապես Արցախի շուրջ ազատագրված տարածքները (իրականում Արցախի Հանրապետության տարածքները), Հայաստանի ոչ մի իշխանություն չի համարել հայրենիքի մաս, անժխտելի է։ Դրանք համարվել են բանակցությունների ժամանակ սակարկության առարկա: Հիշենք, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հայտնի խոսքերը «Աղդամը մեր հայրենիքը չի»։ Էլ չեմ խոսում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշման մասին։ Ի դեպ, այսօր այդ տարածքների համար, իբր կոկորդիլոսի արցունքներ թափող նույն գործիչներն ու վերլուծաբանները, մշտապես եղել են միակողմանի զիջումների կողմնակիցներ, բայց այժմ պարտությունն ու տարածքների հանձնումը արդարացնելու համար մեղադրում են նախկիններին այնտեղ ներդրումներ չանելու համար»:

Երբ գրեցի «հակասություններով վերլուծություն», նաև սա ի նկատի ունեի, որովհետև կարծես թե «պարտության քարոզիչ» վերլուծաբաններս չէինք միացել Արցախի շուրջ ազատագրված տարածքները հայրենիք չհամարած ու չհամարող նախկին նախագահներին, այլ Ավետիքը և յուր ընտանիքը:

Եզրակացությունները թողնում եմ իմ և Ավետիքի դատավորին՝ ընթերցողին. թե ո՞վ է, ե՞րբ է պարտության քարոզ արել և ո՞վ է նժարին դրել իր թանկերին հայրենիքի պաշտպանության համար, ով թիկունքից մղկտացել հայրենիքի համար՝ իր թանկերին պահելով Երևանում..

Իսկ ես ավարտեմ ոչ հիացական գրառումով, որ այսօր Վարանդայի նորակառույց միջազգային օդանավակայանում առաջին փորձնական ինքնաթիռն է վայրէջք կատարել: Զգացումներս գրում եմ, որպեսզի մեր գործընկերը շատ չտանջվի ու սխալական ենթադրություններ անի:

Ավետիք Իշխանյանը՝ Ստյոպա Սաֆարյանի մասին

Ստյոպա Սաֆարյանն իր գրառման մեջ, իրավացիորեն նկատել է, որ «Առավոտ»-ում հրապարակված «Ամայի, ձյունածածկ, անպետք հողերի մասին» հոդվածում, որպես պարտության քարոզիչներից մեկին, հենց իրեն եմ նկատի ունեցել։ Գրառման մեջ, նա փորձում է ժխտել սույն բնորոշումը, արդարանալով, կամ «բացատրելով» որ ինքը, որպես վերլուծաբան ներկայացրել է պարտության պատճառները։ Ինքս չեմ կարդացել նրա «խորը վերլուծությունները», բայց ինձ համար մեկ բան պարզից էլ պարզ է։ Անկախ այն բանից, թե նոր իշխանությանը ինչպիսի ժառանգություն էր մնացել «նախկիններից», միևնույնն է պարտության և Արցախի հանձնման միակ մեղավորն ու պատասխանատուն գործող իշխանությունն է։ Նախ, իշխանությունը զավթելով, այսօրվա վարչապետ կոչեցյալը պետք է գիտակցեր ողջ հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող Արցախի հիմնախնդիրը։ Երկրորդ, անկախ այն բանից, թե պարտությունը ապիկար կառավարման հետևանք էր, թե ինչպես շատերն են համոզված՝ դավաճանության, վարչապետ կոչեցյալը պետք է ինքնասպանություն գործեր, կամ գոնե հրաժարական տար։ Եվ եթե պարտությունից հետո, որոշ ուժեր, այդ թվում Ստյոպա Սաֆարյանը, շարունակում էին և են կրծքով պաշտպանել վարչապետ կոչեցյալին, ապա, այո՛ նրանք պարտության քարոզիչներ են և Արցախի կորուստը նրանց համար նշանակություն չունի։ Նրանք չընդվզեցին նաև, երբ վարչապետ կոչեցյալը Շուշին անվանեց «դժբախտ և դժգույն, ադրբեջանական քաղաք»։ Չընդվզեցին, «ձյունածածկ գագաթների, Սև լճի 30%-ի, ամայի տարածքների» համար նույնպես։ Էլ պարտության քարոզիչները պոզով պոչո՞վ են լինում։

Հետո Ստյոպա Սաֆարյանը մեջբերում է անում հոդվածի այլ հատվածից. «Այն որ, հատկապես Արցախի շուրջ ազատագրված տարածքները (իրականում Արցախի Հանրապետության տարածքները), Հայաստանի ոչ մի իշխանություն չի համարել հայրենիքի մաս, անժխտելի է։ Դրանք համարվել են բանակցությունների ժամանակ սակարկության առարկա: Հիշենք, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիների, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հայտնի խոսքերը «Աղդամը մեր հայրենիքը չի»։ Էլ չեմ խոսում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշման մասին» և «խորին» վերլուծություններ է անում՝ էլ Ավետիքի փեսա Վազգեն Մանուկյան, էլ չգիտեմ ինչ։ Կարծում եմ հիշում ես, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, Վազգեն Մանուկյանը Հանրային Խորհրդի նախագահն էր, դու Հանրապետական կուսակցության, Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի դասընթացավար, իսկ ես՝ միշտ ընդդիմադիր»։ 

Ա՛յ Ստյոպա Սաֆարյան, եթե դուք ձեր ողջ ընտանիքով կլանային, նույն մտածելակերպն ունեք, այն չի նշանակում, որ բոլորն այդպիսիք են։ Ինքս միշտ դեմ եմ եղել տարածքների զիջմանը, այդ է վկայում և վերջին հոդվածը։ Իսկ դու, 2008թ. Լևոն Տեր-Պետրոսյանի ամենաջերմեռանդ պաշտպաններից էիր, ով, ի տարբերություն քո քողարկված կարծիքի, բացահայտ էր ասում Արցախն Ադրբեջանին նվիրելու մասին։ Եվ հանուն այդ գաղափարի, դու ամբոխին գրգռեցիր, ստելով թե երեխա, թե հղի կին են ոստիկանները սպանել։ Իսկ վարչապետ կոչեցյալին հեռացնելու հանրահավաքներին, այո՛ մասնակցել եմ, անկախ այն բանից, թե ով էր դրանք կազմակերպում։ Դու կազմակերպեիր, նույնպես կմասնակցեի։ Ինչ վերաբերում է այն էժանագին հարցին, թե մեր ընտանիքից մասնակցել են պատերազմին, թե ոչ, պատասխանեմ։ Իսկ դու ինչպե՞ս ես վերաբերվում, որ պետության մեջ, շեշտում եմ՝ պետության, վարչապետ, կամ գերագույն հրամանատար կոչեցյալի հրամանով դադարեցվում է զորակոչն ու զարկ տրվում կամավորական ջոկատներին։ Եվ համոզված եղիր, որ մեր ընտանիքից պատերազմի մասնակիցներ եղել են, բայց ի տարբերություն քեզ, մենք այն չենք գովազդում։

Սպասում ենք շարունակությանը....

ՎԱՐԿԱՆԻՇ

   2066 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ