...

Կհասնե՞նք արդյոք ծովին կապուտակ

Կհասնե՞նք արդյոք ծովին կապուտակ

ՀՀ կառավարության հերթական նիստում՝ մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ծավալուն ելույթով՝ անդրադառնալով Արցախի խնդրին, Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգով բանակցությունների ընթացքին։ Ելույթի վերջում Փաշինյանը հայտարարել է․ «Մենք գտնվում ենք Երրորդ Հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում, մի կետ, որի վրա Հայոց պետականությունը ճշգրտորեն գտնվել է ոչ մեկ անգամ: Եվ որպեսզի մենք կարողանանք պատմական այդ նույն կետից հասնել մեզ համար ցանկալի հանգուցալուծման, մեզ հարկավոր է աննախադեպ ճկունություն, լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ: Մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձևեր: Ու մենք պիտի այս փոթորկված աշխարհքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը, մեր նավակը հասցնենք խաղաղ հանգրվանի: Եվ համոզված եմ՝ մենք դա կանենք, և դա թերևս մեր պատմական առաքելությունն է»։

Մի հատ ասեք «մտածողության նոր բանաձևեր» ու փորձեք անձնավորել, թե ովքեր են այդ նոր բանաձևերի կրողները՝ Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան, Հովիկ Աղազարյան և այլք։ Հիմա այս մարդիկ պետք է մեր «նավակը» հասցնեն խաղաղ հանգրվանի։ Մեկը՝ արտասահմաններում տժժալով, մյուսը՝ զառանցելով, երրորդը՝ մարդկանց զվարճացնելով, չորրորդը՝ նավակ ճոճելով, վեցերորդը՝ մատ ու այլ բաներ թափ տալով, յոթերորդը՝ ազգուտակին պաշտոնների նշանակելով, ութերորդը՝ նոր բիզնեսներ իրենով անելով, իններորդը՝ սրա-նրա հիմնադրած կազմակերպությունը «յուրացնելով» և այլն, և այլն։ Սրանք մտածողության նոր ձևեր չեն, հին են, հնացած, և հենց դա է մեզ հասցրել պատմական այն կետին, որի վրա Հայոց պետականությունը ճշգրտորեն գտնվել է ոչ մեկ անգամ։ Փաշինյանն ասում է՝ ճկունություն, բայց համառորեն խեղճի պատմուճանով է ներկայանում աշխարհին, ասում է՝ ոչ էմոցիոնալ լիարժեք վիճակ, բայց ՔՊ-ն բացի էմոցիաներ բեմադրելուց, այլ բանի ընդունակ էլ չէ։ Իշխանությունն առաջին հերթին ինքն է վարքաբանական մոդել ձևավորում և այն պարտադրում հասարակությանը, ինքն է մտածողության նոր ձևեր սահմանում և խրախուսում այդ մտածողությունը։ Փաշինյանի ասած՝ ամենախաչմերուկային կետում մենք կանգնած ենք բոբիկ ու մերկ՝ առանց մտքի, առանց քաղաքական մտածողություն ու արժեքներ կրող մարդկանց կարևորելու և նրանց օգնությանը ապավինելու նախաձեռնության։ Ցանկալի հանգուցալուծման համար լալահառաչ տեքստերը, ազգի ցավը տանելու երդումները, անգամ իշխանության լեգիտիմությունը բավարար չեն։ Դրանք ոչինչ են։ Քանի դեռ իշխանությունը «ոչինչ է հունցում», փոթորկված աշխարհքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավակին լավ բան չի սպասվում։ Սա չարագուշակ կռռոց չէ, լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակում գիտակցված ճշմարտություն է։     

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1211 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ