...

Կուշտ փորով, սոված մտքով

Կուշտ փորով, սոված մտքով

«Ժողովուրդ ջան, ձեզ ինչի՞ է թվում, որ մենք մինչև նախարար կամ պաշտոնյա դառնալը սոված մեռնում էինք, մենք շատ ավելի լավ էինք ապրում, հատկապես՝ ես: Ես ձեր օպերատորի նման երկու լավ հաղթանդամ եղբայրներ ունեմ, իրենց հետ աշխատում էի: Հիմա մենակ իրենք են աշխատում, ամեն ինչ նորմալ է: Այդ տպավորությունը չեմ հասկանում, ինչի՞ է ձեզ թվում, թե մենք սոված ման էինք գալիս, հիմա էլ եկել ենք աշխատանքի, հակառակը»,- հայտարարել է Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով «Առավոտ» օրաթերթի հարցին, թե դուք Մարտունու Ծակքար գյուղում ծնված, համեստ աշխատավարձով ապրող մարդ էիք, ո՞նց եղավ, որ այդ աշխատավարձը, ապրուստը ձեզ բավարարում էր, իսկ հիմա նախարարի աշխատավարձով էլ չեք բավարարվում, մի հատ էլ պարգևավճար եք ստանում։ Նշենք, որ Սանոսյանը 1.5 մլն աշխատավարձ է ստանում։ 

Այնքան են կենտրոնացել ստամոքսի վրա, որ ոչ հարցն են ընկալում, ոչ էլ դրա ենթատեքստը։ Մինչ Սանոսյանը կենտրոնացած է հարցի վրա, թե երբ էր ավելի կուշտ փորով քնում՝ հիմա՞, թե՞ հեղափոխությունից առաջ, որոշեցինք մի փոքր պրպտել նրա կենսագրությունը։ Փորձում էինք գտնել հարցի պատասխանը՝ ի՞նչ է արել նախարարը կուշտ փորով հաց ուտելու, ավելին՝ 1,5 մլն-ից ավել եկամուտ ունենալու համար իր «նախկին կյանքում»։ Միակ բանը, որ գտանք համացանցում և նրա պաշտոնական կենսագրության մեջ, հետևյալն է՝ վերջինս 2007-2010 թվականներին որպես դասախոս աշխատել է Երևանի Հյուսիսային համալսարանում։ Դժվար թե դասախոսի աշխատավարձով նա կարողանար շատ ավելի լավ ապրել, քան այսօր։ Իսկ թե ինչով է զբաղվել Սանոսյանը 2010-18 թթ․, անհայտ է։ Սանոսյանի կենսագրության այս բացը լրացված չէ որևէ հանրային տեղեկատվական հարթակում։ 2010 թ․ հաջորդում է 2018 թ․․ այդ տարի հունիսի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ բնապահպանության փոխնախարար։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության որոշմամբ Գնել Սանոսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ, ապա 2021 թվականի օգոստոսի 2-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Ի դեպ, Սանոսյանը հիմա բավական ջերմ հարաբերություններ ունի ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ։ Կարծում ենք, որ նախարարի կուշտ քնելու փաստին նպաստում է նաև հայտնի գործարարը։ Ինչպե՞ս, ուրիշ բան հանկարծ չմտածեք՝ պատիվ տալով։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   4391 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ