...

Լավ բալա է․ փոխվարչապետի նկարին նայելիս

Լավ բալա է․ փոխվարչապետի նկարին նայելիս

News.am-ը հարցում է անցկացրել Երևանում՝ պարզելու, թե մեր քաղաքացիները ճանաչո՞ւմ են Համբարձում Մաթևոսյանին։ Վերջինիս անուն-ազգանունը ոչինչ չի ասում հարցված քաղաքացիների մեծամասնությանը։ Լրագրողը ցույց է տալիս նրա լուսանկարը՝ որպես հուշում, բայց ապարդյուն։ Համբարձում Մաթևոսյանը ՀՀ փոխվարչապետն է և այժմ փոխարինում է արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանին։ 

Համբարձում Մաթևոսյանը 29 տարեկան է։ Նրա պաշտոնական կենսագրությունն ահագին հետաքրքիր է։ Մարդը միաժամանակ եղել է Կալիֆորնիայի համալսարանի ուսանող, բայց նույն թվականներին աշխատել է Դոնեցկում՝ որպես մի ֆիրմայի շուկայի պատասխանատու։ Հետն էլ եղել է Դոնեցկում մեր հյուպատոսի խորհրդականը։ Օրինակներով խոսենք: 2012-2015 թվականներին Մաթևոսյանը սովորել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանում։ Գրեթե միաժամանակ՝ 2013-2014 թվականներին, աշխատել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի «Կերամռեսուրս» ՍՊԸ-ում՝ որպես եվրոպական շուկայի պատասխանատու։ Նույն թվականներին եղել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում՝ որպես Հայաստանի պատվավոր հյուպատոսի խորհրդական։ 2013 թվականին անցել է մագիստրատուրայի կարճաժամկետ ուսուցում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետում։

Հեղափոխությունից հետո արդեն՝ 2018-ի նոյեմբերին, նշանակվել է Արմավիրի մարզպետ։ 2021 թ․ նոյեմբերից էլ նա ՀՀ փոխվարչապետն է։

Հայ հասարակությունը միշտ էլ քաղաքականացված է եղել, դեմքերով ճանաչել է նույնիսկ սովորական չինովնիկներին։ Հիմա չեն ճանաչում ոչ թե այն պատճառով, որ կյանքն այնքան է լավացել, որ այլևս չեն հետաքրքրվում քաղաքականությամբ, այլ որովհետև անտարբեր են դարձել։ Մարդիկ չեն էլ թաքցնում, ասում են՝ մեզ չի հետաքրքրում, իսկ ում հետաքրքրում է՝ նրանց դատողությունները չեն անցնում այսօրինակ ձևակերպումներից՝ «լավ բալա է», «բարի աչքեր ունի», «սիրուն է», «դերասան է» և այլն։ Այսպես է սկսվում հասարակության օտարումը պետությունից, փախուստն ազատությունից ու ինքն իրենից։ Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է, «սիրուն բալան» նրան փոխարինում է, իսկ քաղաքացիները, մեծ հաշվով, թքած ունեն այս ամենի վրա։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   932 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ