...

Լավ է բոխչա չի կապել և ուղևորվել Մոսկվա

Լավ է բոխչա չի կապել և ուղևորվել Մոսկվա

ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը երկարաշունչ գրառում է արել հայրենակիցներին սիրելու մասին, որտեղ կան այսպիսի տողեր. «Մարդիկ, դուք իսկապես համարում եք, որ Մարգարիտա Սիմոնյանը հանուն Հայաստանի չի արել կամ էլ չի անելու որևէ կարևոր բա՞ն։ Նույնիսկ եթե ինքը տարբերվող կարծիք է ասել, մեր նպատակը մեր միասնության ալիքը մարե՞լն է, թե հանուն այդ ալիքի երկարատևության զսպվածություն ցուցաբերելը, «անտեսելը», կես օր ժամանակ վերցնելը: Հիմա ո՞ւմ ենք ուրախացնում, մեր թշնամո՞ւն:
Դուրներդ չի՞ եկել Մարգարիտայի խոսքը, մի´ արեք բաներ, ինչը չեք ցանկանա, որ ձեզ անեն»:

«ՉԻ». Էլի գոհ ենք պարոն Պողոսյանից, որ սովորության համաձայն ներողություն չի խնդրել Մարգարիտա Սիմոնյանից: Ի վերջո, կարող էր հայկական գինով և ուտեստներով մի բոխչա կապել ու ուղևորվել Մոսկվա՝ հայցելու մեր մեծ հայրենակցի ներողամտությունը:

Արդեն մոտ մեկ տասնամյակ է, ինչ Մարգարիտան ղեկավարում է «Ռաշը Թուդեյ» հեռուստաընկերությունը, Պողոսյանը կարո՞ղ է գեթ մեկ հրապարակում վկայակոչել, որտեղ հայանպաստ շեշտադրումներ կան: Իսկ ապագայի մասով կանխագուշակում անելը լրիվ վանգայություն է: Այդպես անգամ հնարավոր չէ պնդել, որ մի օր նույն Էրդողանն ու Ալիևն էլ հանուն Հայաստանի մի բան չեն անի: Վերջին օրերի Ալիևի հայտարարություններն ավելի հայանպաստ են, քանի որ խնդիրներ են առաջացնում Ադրբեջանի համար: Այնպես որ՝ մի գրառում էլ կարելի է նվիրել՝ ի պաշտպանություն Իլհամի:

Այսինքն՝ ուղիղ խոսքը, թե թքել ենք ձեզ վրա, Պողոսյանի համար տարբերվող կարծիք է: Ուրեմն թող Պողոսյանն էլ հենց այդպես գնահատի իրեն ուղղված բոլոր խոսքերը, թե թքած ունենք՝ ինչու է հանձն առել մանիպուլյացիաների գնով պաշտպանելու մի տիկնոջ, որը Հայաստանի հետ որևէ կապ չունի:

Ինչ վերաբերում է Մարգարիտայի խոսքին և «մի արեք բաներ, ինչ չեք ցանկանա, որ ձեզ անեն» հորդորին: Պողոսյանը պետք է առերեսվի իրականության հետ: Հայաստանը դատելու է Քոչարյանին, անկախ նրանից՝ Մարգոն ուզում է դա, թե ոչ: Եվ ամենևին պետք չէ թաքնվել օտար պետության պրոպագանդիստի թիկունքում: Կարելի է ինքնուրույն և սեփական անունից հայտարարել, որ մի դատեք Քոչարյանին: Թերևս բանի տեղ չդնենք հորդորը, բայց մի փոքր ավելի հարգենք անկեղծության համար:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1617 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ