...

«Լիդիանի» օրինակը ժողովրդին շատ է հասունացրել

«Լիդիանի» օրինակը ժողովրդին շատ է հասունացրել

Նորաստեղծ ընկերությունը ուզում է շահագործել Ազատեկի ոսկու հանքավայրը

Կրկին ուզում են համաձայնություն ստանալ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման համար: Այս անգամ հանքը շահագործելու գյուղացիների համաձայնությունն է ուզում ստանալ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն:

Վաղը հանրային քննարկում կլինի և Զառիթափի բնակիչները կասեն՝ ուզո՞ւմ են, որ համայնքի «Գյուարչին» կոչվող տարածքում ստորգետնյա եղանակով հանք բացվի, թե՞ ոչ:

Համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց, որ վաղը բնակիչների արձագանքը պարզ կլինի, ժողովուրդը կորոշի՝ հանք ուզում են, թե՝ ոչ:

Ազատեկի հանքավայրը շահագործելու վերաբերյալ արդեն մի քանի լսումներ եղել են, համայնքի բնակիչների մի մասը կողմ է եղել հանքին, մյուս մասն էլ դեմ են արտահայտվել: Ըստ նրա՝ հանքարդյունաբերության վերաբերյալ հիմա բնակիչների իրազեկվածությունը բարձրացել է: Նշենք, որ նախորդ հանրային լսման ժամանակ ընդերքօգտագործման իրավունքը ստացել էր «Վայք Գոլդ» ՍՊԸ-ն, սակայն 2019 թվականի դեկտեմբերի 13-ից ընկերության գործունեությունը դադարեցվել է։

«Նախորդ հանրային քննարկումների ժամանակ դեմ էլ կային, կողմ էլ: Ամեն մեկն իր պահանջն էր ներկայացնում, որ բաց հանք չլինի, պոչամբար չլինի: Պահանջ էր դնում ժողովուրդը: «Լիդիանի» օրինակը ժողովրդին շատ է հասունացրել: Ժողովուրդը խելքի է եղել, մտահոգվածներ կան, որոնք մտածում են՝ կարող է բնությունն աղտոտվի: Մի մասն էլ աշխատատեղերի խնդիր ունեն, և ուզում են հանքը գործի»,- փոխանցեց համայնքի ղեկավարը:

Ազատեկի հանքավայրի շահագործման համար ընկերությունը կփորձի նաև Վայքի բնակիչների համաձայնությունը ստանալ: Այստեղ նույնպես հանրային լսումներ են նախատեսված: Հիշեցնենք, որ Ազատեկի հանքավայրի շահագործման համար Վայքի բնակիչների համաձայնությունը ստանալու նախկին երկու փորձերն արվել էին «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի կողմից: Երկու դեպքում էլ բնակիչները բոյկոտել էին հանրային լսումները: Իսկ տարեսկզբին հայտնի դարձավ, որ Ազատեկի հանքավայրի համար «Վայք Գոլդին» տրված ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է:

2018-ի նոյեմբերին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել էր քրեական գործ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի կողմից Վայոց ձորի մարզում գտնվող Ազատեկի հանքավայրից ապօրինի կերպով 250 միլիոն դրամի ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանման հիմքով։

Իսկ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման համար դիմող «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն այս տարվա հունվարին է ստեղծվել:

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի համաձայն՝ ընկերության հիմնադիրը  Հրաչյա Ջանունցն է: Նրա մասին ոչինչ հայտնի չէ:

Զառիթափի համայնքապետը ևս հայտնեց, որ իրենք ընկերության մասին տեղեկություններ չունեն: Միայն գիտեն, որ նորաստեղծ ընկերություն է: Վաղը կծանոթանան ընկերության ներկայացուցիչների հետ և կպարզեն, թե ինչ եղանակով են տարածքում ոսկի գտնելու:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2143 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ