...

Լրագրողի երազը

Լրագրողի երազը

Պատրաստվում է գնալ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցին: Արդեն նարկո-փսիխոյի թղթերը հանել է, ԺԵԿ-ից տեղեկանք է վերցրել, որ վերջին 10 տարին լրագրող է աշխատել, համալսարանի դիպլոմի, սոցքարտի, անձնագրի պատճենները, ԱԱԾ-ում ստի դետեկտորով թեստը հաջողությամբ հանձնել է, չորս երաշխավորագիր, կայքի վերջին 5 տարվա գուգլ-անալիտիկի տվյալները, սոցցանցերում ֆոլլովերների քանակի մասին վիճակագրությունը, գրավոր ինքնակենսագրականը... մի խոսքով, օրենքով ինչ պահանջվում է, պատրաստել է:

Մտնում է Բաղրամյան պողոտա, մայթով շարժվում դեպի խորհրդարան: Փողոցը դատարկ է, մենակ «Stimorol» մակնիշի պարեկային մեքենաներն են դռռիկ ազդանշաններով գնում-գալիս: «Բա էս ի՞նչ ա եղել, որ փողոցը փակ է»,- Գիտությունների ակադեմիայի շենքի դիմաց հարցնում է սպեցնազի ծառայողին: «Հեչ,- պատասխանում է ծառայողը,- «Հայաստան» դաշինքի պատգամավորներն են գալիս խորհրդարան, մարտական տագնապ են տվել»:

Մի քիչ էլ է շարժվում, տեսնում է Սահմանադրական դատարանի շենքի վրա փակցված է Նիկոլ Փաշինյանի 3x4 մետրի վրա մեծադիր նկարը: Ու այնպես են դրել, որ փակել է Հրայր Թովմասյանի առանձնասենյակի պատուհանը: «Իսկ ինչո՞ւ է Փաշինյանի լուսանկարն այստեղ»,- հարցնում է ՍԴ շենքի մոտ հերթապահություն անցկացնող Երևանի ոստիկանապետին: «Ո՞նց թե,- զարմանում է ոստիկանապետը»,- բա որովհետև ինքն է Սահմանադրության երաշխավորը»:

Վերջապես հասնում է ԱԺ անցկակետ: Ներս է մտնում, ներկայացնում փաստաթղթերը: Մի կես ժամ ստուգում են, դրանք բոլորը սկան են անում, հետո իրեն տանում են հատուկ սենյակ, որտեղ մատնահետքերի դրոշմն են վերցնում, հետո կողքի սենյակ են տանում, այնտեղ բոլոր շորերը հանել են տալիս, դրանք շորաստուգիչ սարքով անցկացնում, ուղարկում ԱԺ լաբորատորիա, այնտեղ քիմիական անալիզի են ենթարկում, մանրէազերծում, հետ ուղարկում: Ինքը հագնում է շորերը, իրեն տանում են երրորդ սենյակ, որտեղ մասնագետը ֆոտոապարատը վերցնում է, բացում, ստուգում ֆլեշ-քարտի պարունակությունը, հետո օբյեկտիվն է քանդում, մեջը նայում, տեսնում է, կողմնակի առարկաներ չկան, տալիս են շանը, սա հոտոտում է, գլխով «դաբրոյի» շարժում անում, ապարատը տալիս են իրեն: 

Վերջապես իրեն թույլատրում են անցակետից դուրս գալ: Անմիջապես կողքին է հայտնվում ավտոմատով զինված, կարմիր բերետավորն ու ասում. «Ձեր անվտանգությունն ապահովելու համար ուղեկցելու եմ ամենուրեք: Դուք ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամետ լրագրող եք»: Ինքը ուսերը թոթվելով պատասխանում է. «Վաբշե տո ես անկախ լրագրող եմ»: «Այդ դեպքում, աջ թեքվեք, գնացեք ընդդիմադիր ԶԼՄ-ների սեկցիա»,- հրահանգում է բերետավորը:

Ինքը գնում է ընդդիմադիր սեկցիա: Այգում, ուռենու ծառի տակ չորս նստարան է դրված, դեմը՝ հեռուստացույց, որով ուղիղ եթերով ցույց են տալիս ԱԺ նիստը: Ինքը վիզը ձգում է, նայում իշխանամետ սեկցիայի ուղղությամբ: Այնտեղ երկու դոմիկ են դրել, լրագրողները ներսում են: 

Շենքից դուրս է գալիս Հովիկ Աղազարյանն ու ավետում. 20 րոպե անց ձեզ կմոտենա Ալեն Սիմոնյանը՝ ճեպազրույցի: Սպասում են: 20 րոպեն անցնում է, շենքից դուրս են գալիս ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատի մարտիկները, շրջապատում այգին, առանձին-առանձին կանգնում լրագրողների կողքին, որից հետո շենքի մուտքից մինչև սեկցիա կարմիր գորգ են փռում, Ալեն Սիմոնյանը դուրս է գալիս, գորգուղիով մոտենում լրագրողներին:

Ինքը ցանկանում է մոտենալ ԱԺ նախագահին, բայց սպեցնազի պետը դեմը փակում է. «Չի կարելի, պետք է պահպանել 5 մետր քաղաքական տարածությունը»: 

«Ճեպազրույցը հայտարարում եմ բացված»,- հայտարարում է Ալեն Սիմոնյանի մամլո քարտուղարի տեղակալը: «Պրն Սիմոնյան,- հարցնում է իշխանամետ լրագրողներից մեկը,- ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական իրավիճակը»:

«Նորմալ և վերահսկելի»,- պատասխանում է Ալեն Սիմոնյանը:

«Ճեպազրույցը հայտարարում եմ ավարտված»,- հայտարարում է Ալեն Սիմոնյանի մամլո քարտուղարի տեղակալը:

Արթնանում է կոմպի մոտ՝ ճեպազրույցի սղագրի վրա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1533 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ