Ազգային ժողովում կեղծավորության շքահանդեսը շարունակվում է։ Գլխավոր դատախազը պահանջում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին, խորհրդարանական մեծամասնությունն էլ ձևացնում է՝ իբր լրջորեն հավատում է, որ այդ ամենը որևէ կապ ունի արդարադատության հետ։ Իրականում, սակայն, այդ շոուն մի քանի խորքային բացահայտումներ է անում։
Սկսենք Հովիկ Աղազարյանին առնչվող երկու դրվագներից՝ կաշառքի դիմաց մանր եղջերավոր անասունների արտահանման և շինթույլտվության «դաբրոներ» դասավորելուց։ Փաստորեն՝ ՔՊ-ական պատգամավորին այդ հարցերով դիմողները լավ էլ իմացել են, որ «կոռուպցիան արմատախիլ անելու» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները դատարկ խոսքեր են, իսկ իրականում Հայաստանում լավ էլ հնարավոր է նախկինի պես ցանկացած հարց լուծել կաշառքով։ Ավելին՝ ՔՊ-ական պատգամավորը, որը «ներսից» գիտեր «հեղափոխական իշխանությունների» էությունն ու գործելաոճը, նույնպես վստահ է եղել դրանում ու ստանձնել է այդ գործերը, պարզապես ավարտին չի հասցրել, որովհետև կաշառքի խոստացված կանխավճարը պայմանավորվածից պակաս է եղել։
Հիմա՝ համատարած կեղծավորության մասին։ ՔՊ-ական մեծամասնությունը ձևացնում է, թե իբր չի հասկանում, որ գլխավոր դատախազը եկել է Հովիկ Աղազարյանի ետևից միայն այն պատճառով, որ նա հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի «հորդորով» հրաժարվել մանդատից։ Հասկանո՞ւմ եք, մի քանի տասնյակ պատգամավորներ, հասուն մարդիկ, հարյուր տոկոսով վստահ լինելով, որ տեղի ունեցածն ուղղակի քաղաքական հաշվեհարդար է, «իրենց շլանգի տեղ դրած»՝ մասնակցում են այդ խեղկատակությանը։ Հանուն «տուն պահելու», հանուն պարգևավճարների, կարճ ասած՝ հանուն մի կտոր հացի։ Ու որևէ մեկը ծպտուն չի հանում, որպեսզի հանկարծ Հովիկ Աղազարյանի օրը չընկնի։
Տարոն Մարգարյանի դեպքում կեղծավորության բնույթը փոքր-ինչ այլ է։ Մի քանի տասնյակ ընդդիմադիր պատգամավորները, վստահաբար, հարյուր տոկոսով գիտեն, որ նա իր հսկայական ունեցվածքն ամենևին էլ արդար միջոցներով չի ստեղծել, բայց այդ մասին, բնականաբար, ձայն-ծպտուն չեն հանում։ Փոխարենը՝ գլխավոր դատախազի միջնորդությունը գնահատում են որպես քաղաքական հետապնդում։ Ընդ որում՝ միանգամայն իրավացիորեն։ Պարզապես «քաղաքական հետապնդման» երկու տեսակ կա․ մի դեպքում մարդը հետապնդումների է ենթարկվում իր քաղաքական գործունեության պատճառով, մյուս դեպքում՝ հետապնդվողի գործունեությունը կապ չունի, բայց հետապնդումը քաղաքական է, որովհետև հետապնդողը (իշխանությունը) դրանով ինքն իր քաղաքական հարցերն է լուծում, օրինակ՝ բարձրացնում է սեփական վարկանիշը։ Տարոն Մարգարյանի դեպքում ակնհայտորեն գործ ունենք երկրորդ տարբերակի հետ, որովհետև մեր մեջ ասած՝ նա քաղաքական գործունեությամբ առանձնապես չէր էլ զբաղվում, խելոք գնում գործի-գալիս էր և վերջ, այսինքն՝ նրան «լռեցնելու» կամ «քաղաքական ակտիվությունը զսպելու» խնդիր չկար։ Կար այլ խնդիր՝ փորձել նման շոուներով բարձրացնել Նիկոլ Փաշինյանի գետնատարած վարկանիշը։ Նույն տրամաբանությամբ, օրինակ, երբ մեկը լճում ձուկ է բռնում, և ոչ թե գորտ, պատճառն այն չէ, որ նա համակրում է գորտերին, իսկ ձկներին համարում է իր դասակարգային թշնամիները, պատճառն ընդամենը այն է, որ իր նպատակների իրականացման համար (այն է՝ տանել տուն-եփել-ուտել), ձկները պիտանի են, իսկ գորտերը՝ ոչ։
Իսկ մեծ հաշվով՝ իրողությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը (որին, ի դեպ, ինքը հաշվետու է) համարում է սեփական լճակը, որտեղ ցանկացած պահի ցանկացած մեկին կարող է «տանել տուն-եփել-ուտել» կամ մի կողմ շպրտել «բարձր կռկռալու համար», իսկ այդ նույն լճակի բիոզանգվածը ձևացնում է, թե հավատում է, որ տեղի ունեցողն իրավական գործընթաց է, իրենք էլ ինչ-որ բան են որոշում։
Մարկ Նշանյան