...

Մարտի 1-ից մինչև Զանգեզուրի միջանցք

Մարտի 1-ից մինչև Զանգեզուրի միջանցք

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից առաջ հեռուստահարցազրույցում հայտարարել է՝ երկաթգիծը Զանգեզուրում կառուցվելու է, և որ երկաթգծի հետ կապված հարցը Բաքուն քննարկում է առաջին հերթին Մոսկվայի հետ, քանի որ Հայաստանի երկաթգծերը պատկանում են Ռուսաստանի պետական ընկերությանը։

Մեզ թվում է՝ երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ահազանգում էր, որ վիճակը բարդ է, և Հայաստանը շատ ծանր մարտահրավերների առջև է կանգնած, նկատի ուներ նաև Զանգեզուրի խնդիրը: Պատերազմից հետո Ալիևը այլևս չի թաքցնում, որ իր հաջորդ նպատակը միջանցքն է դեպի Նախիջևան: Ավելորդ է ասել, թե Զանգեզուրն ինչ նշանակություն ունի Հայաստանի համար:

Բայց մեզ ուրիշ բան է հետաքրքրում. Ալիևը անթաքույց արհամարհանքով նշում է, որ երկաթուղու հարցը քննարկելու է Մոսկվայի հետ, քանի որ երկաթգծերը պատկանում են Ռուսաստանին: Այսինքն՝ Հայաստանին բանի տեղ դնող չկա: Ահա թե որտեղ ենք հասել: 

Իսկ որ երկաթգծերը պատկանում են Ռուսաստանին, դրա համար պետք է շնորհակալ լինենք Ռոբերտ Քոչարյանին: Այո, այն Ռոբերտ Քոչարյանին, որը հիմա հպարտ-հպարտ կուրծք է ծեծում, թե իր օրոք տնտեսական զարգացում է եղել, երկիր է ծաղկել, եսիմ ինչ: Մինչդեռ իր օրոք ոչ միայն երկաթգծերը, այլև բոլոր ռազմավարական նշանակության ձեռնարկությունները, օբյեկտները, որոնք պատկանում էին Հայաստանի Հանրապետությանը, կոպեկներով կամ վաճառվել են օտարներին, կամ՝ նվիրել են օտարներին, կամ էլ՝ պարտքերի դիմաց հանձնել են օտարներին: Այսինքն՝ Ալիևը վաղն էլ կարող է ասել, որ ցանկանում է Զանգեզուրով գազամուղ անցկացնել ու այդ հարցը քննարկելու է Մոսկվայի հետ, քանի որ գազամուղերը պատկանում են Ռուսաստանին:

Ի դեպ, մի հետաքրքիր փաստ ասենք. դուք հիշո՞ւմ եք, թե հայկական երկաթուղին երբ են տվել ռուսներին: 2008 թվականի փետրվարի 13-ին, այսինքն՝ մարտի 1-ի ոճրագործությունից երկու շաբաթ առաջ: Քոչարյանական իշխանության վերջին հերոսություններից էր: Փետրվարի 13-ին Երևանում կնքվեց կոնցեսիոն պայմանագիր, որով Հայաստանը «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն 30 տարով տվեց ռուսական ընկերությանը: 

Մի հատ ռուս հեռուստահաղորդավար կա՝ Դմիտրի Կիսելյովը, նրա լեզվով ասած՝ «արդյո՞ք պատահականություն» էր: Այդ նեղ մաջալին, երբ ներքաղաքական լարված իրավիճակ էր, ընտրություններ, ցույցեր, սրանք ժամանակ են գտնում երկաթուղին ռուսներին հանձնելու համար: Հարց է առաջանում. ինչո՞ւ հենց այդ ժամանակ և ինչի՞ դիմաց: Գուցե, հենց մարտի 1-ի՞ համար:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2065 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ