...

Մենք ձեր նշաձողին ղուրբան

Մենք ձեր նշաձողին ղուրբան

Տարիներ առաջ, երբ դաշնակները Ռոբերտ Քոչարյանի մոտ դաշնակ էին աշխատում, ընդդիմությունը, քաղհասարակության տարբեր խմբեր, ակտիվիստներ որ ակցիա, հանրահավաք էին անում, ՀՅԴ-ն կամ դաշնակ գործիչները դատապարտում էին դա, թե նման գործողությունները խաթարում են երկրի կայունությունը, թշնամիների ջրաղացներին ջուր և այլ հեղուկներ են լցնում, պետք է ազգը չպառակտել և այլն:

Մի անգամ, եթե ճիշտ ենք հիշում, Արմեն Ռուստամյանն էր, ծայրահեղ դեպքում՝ Վահան Հովհաննիսյանը, լրագրողները հարցրեցին, թե դուք դատապարտում եք ընդդիմադիր ակցիաները, հանրահավաքներ, բա դուք ինչի՞ էիք 1990-ականների պատերազմի ժամանակ օրումեջ Երևանում միտինգներ անում, ակցիաներ, հրաժարական պահանջում: 

Արմեն Ռուստամյանը պատասխանեց, թե իրենք այն ժամանակ միտինգներ էին անում, որ իշխանությունները ի վնաս Արցախի քայլեր չանեն, որոշումներ չկայացնեն, որ իրենց ընդդիմադիր գործողությունները նույնպես նպաստում էին պատերազմի դրական արդյունքներին: Այսինքն՝ Երևանում միտինգներ անելով էին մասնակցում պատերազմին: Այդպես է ստացվում:

Որ ասում ենք՝ սրանց պլաստինկան չի փոխվել, նաև սա նկատի ունենք: Շաբաթ օրը Իշխան Սաղաթելյանը ասուլիս էր տալիս, եղանակը վատն էր, այդ օրը հանրահավաք չէին անում, ու ներկայացնելով, թե ինչ հաջողությունների են հասել վերջին օրերի իրենց այս հայրենափրկիչ շարժման ընթացքում, մի քանի ձեռքբերում ներկայացրեց, որոնցից ամենակարևորն այն էր, որ իրենց շնորհիվ «կանխվեց Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումը»:

Սա կոչվում է անպարտելի քայլ: Այսինքն՝ եթե Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցվի, ընդդիմությունը կասի՝ դե, մենք նշաձողի իջեցումը սառեցրել էինք, բայց էն կապիտուլյանտը զոռով իջեցրեց: Դե, իսկ եթե նշաձողի իջեցում չլինի, արդեն պարզ է, պատմության գրքերի համար տեքստը պատրաստ է, թե ինչպես դաշնակները խափանեցին նշաձողի իջեցումը: Ցանկացած դեպքում, շահած են դուրս գալիս: 

Մենակ ափսոս, որ 1920-ին Հայաստանում ընդդիմություն չկար, միտինգ աներ, խափաներ Ալեքսանդրապոլի կապիտուլյացիան և թույլ չտար, որ դաշնակները մեր հողերը հանձնեին թուրքերին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1864 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ