...

Մեր գանձերի լեդի ջան

Մեր գանձերի լեդի ջան

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը գրել է. «Ինձ անվերջ խորհուրդներ տվող Գանձերի կղզին չկարդացած, ավաղ, այսօր ակնհայտ է, որ նաև որոշ կարդացած «մտավորական» ապիներ, բա ասում էիք՝ պիտի մտավորականն ընդդիմադիր լինի, ոչ թե իշխանամետ, լոլո էիք կարդում գլխիս՝ անգամ չգիտենալով գործունեությանս մասին, խոսում էիք, քննադատում, որևէ, ձեր մշակույթային գործունեության մասին ինտերվյու տալիս, ինձ անպայման հիշում էիք, ինչո՞ւ ), ես գիտեմ՝ ինչու, պարզապես ես ձեր տեղն էի զբաղեցնում ԱԺ-ում (ըստ ձեզ)։

Ու մեկդ տրաֆարետային օրինակ չբերի, դա այլևս անպատվաբեր է, խոսեք միայն կոնկրետ վերջին երկու տարիների ու երկու ամիսների մասին։ Լա՞վ եք։

1. Որ քծնում եք, չեք ամաչո՞ւմ։
2. Որ քծնում եք, ձեր նկարները ծախվո՞ւմ են։
3. Որ քծնում եք, ձեր պիեսները բեմադրվո՞ւմ են։
4. Որ քծնում եք, մենահամերգներ եք ունենում ու բոլոր տոմսերը սպառվա՞ծ են։
5. Որ քծնում եք, նոր ֆիլմե՞ր եք նկարում։
6. Որ քծնում եք, Անտարեսը ձեր գրքերը տպո՞ւմ է։
7. Որ քծնում եք, հետո սուրճի սեղանի շուրջ, խենթուկներով «բոհեմիկ» հավաքույթներ եք անում, չեք ամաչո՞ւմ ձեր անցած ճանապարհից ու հիմա ձեզ «համախոհ» համարող, ձեր կողքին նստած հեղաշրջիկների շփումներից ու մշակույթի որակական անկման գործընթացին մասնակից լինելու փաստից։
8. Որ քծնում եք, գիշերները գոհունակ ժպիտը դեմքների՞դ եք քնում։
9. Որ քծնում եք, ինքներդ ձեզնից չեք զզվո՞ւմ, իմ «մտավորական» ապիներ։
10. Որ քծնում եք, ձե՞զ են գնահատում, թե՞ ձեր արվեստը»։

«ՉԻ». Մենք մի թեթև սոցհարցում անկացրեցինք մեր խմբագրությունում, պարզվեց, որ բոլորն էլ կարդացել են «Գանձերի կղզին», 78 տոկոսն էլ՝ մուլտիկն է նայել, էն, որ Արմեն Ջիգարխանյանը Ջոն Սիլվերին է հնչյունափոխում: Այնպես որ, մենք վաստակել ենք Շուշան Պետրոսյանին արձագանքելու իրավունքը:

Գոյություն ունի այսպիսի հասկացություն՝ պալատական մտավորական: Դա այն անձնավորությունն է, որը իշխանություններին փառաբանելու դիմաց որոշակի բարիքներ է ստանում: Կապ չունի, այդ անձնավորությունը տաղանդ ունի, թե՝ ոչ: Կարևորը, որ նա սպասարկի իշխանություններին: Իսկ ի՞նչ բարիքներ են ստանում դրա դիմաց. վաստակավորի կոչում, վճարովի համերգներ, տարատեսակ արտոնություններ և իհարկե՝ պատգամավորի մանդատ:

Երգչուհի Շուշան Պետրոսյանի մասին լսած կանք, իսկ քաղաքական գործիչ Շուշան Պետրոսյանի մասին որևէ մեկը լսե՞լ է: Այսինքն, քանի տարի նստած է եղել պատգամավորի աթոռին, լսած կա՞ք, թե օրենսդրական ինչ գործունեություն է իրականացրել: Օրենսդրական քանի նախաձեռնությամբ է հանդես եկել, քանի անգամ է այդ տարիների ընթացքում ելույթ ունեցել, ինչի մասին է ելույթ ունեցել: Չգիտե՞ք: Մենք էլ չգիտենք: 

Միայն այն գիտենք, որ շատ լավ կնոպկա էր սեղմում: Իշխանությունները ինչ օրենք էլ մտցնեին խորհրդարան, սուսիկ-փուսիկ դակել է: Ու դրա դիմաց աշխատավարձ է ստացել: Ահա ձեզ պալատական մտավորականի վառ օրինակ: Բայց, քանի որ հիմա ինքը իշխանություններին չի սպասարկում, այսինքն՝ զրկվել է պալատական մտավորականի վեհ կոչումից, ինքն է սկսել պալատական մտավորականությունից խոսել: Չգիտենք էլ, թե ում մասին է խոսել, քանի որ այս խորհրդարանում որևէ երգիչ-երգչուհի չգտանք: 

Բայց եկեք մենք էլ մեր հերթին որոշ հարցեր ուղղենք Շուշան Պետրոսյանին: Թոբա թե պատասխանի, բայց դե...

1. Որ Սերժ Սարգսյանին քծնում էիք, չէի՞ք ամաչում։
2. Որ քծնում էիք, ձեր նկարները ծախվո՞ւմ էին։
3. Որ քծնում էիք, մենահամերգնե՞ր էիք ունենում ու բոլոր տոմսերը սպառվա՞ծ էին (տոմսերի մասով միգուցե հարցեր չառաջանային, Արմեն Աշոտյանը մի քանի դպրոցի տնօրենի կկարգադրեր, աշակերտներին կհավաքեին, կտանեին ու կլցնեին դահլիճները):
4. Որ քծնում էիք, հետո սուրճի սեղանի շուրջ, խենթուկներով «բոհեմիկ» հավաքույթներ էիք անում, չէի՞ք ամաչում ձեր անցած ճանապարհից ու կնոպկա սեղմողի ձեր կարգավիճակից:
5. Որ քծնում էիք, գիշերները գոհունակ ժպիտը դեմքների՞դ էիք քնում։
6. Որ քծնում էիք, ինքներդ ձեզնից չէի՞ք զզվում, մեր «մտավորական» լեդի։
7. Որ քծնում էիք, ձե՞զ էին գնահատում, թե՞ ձեր արվեստը»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2226 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ