...

Սկզբից դուք թմբիրից դուրս եկեք

Սկզբից դուք թմբիրից դուրս եկեք

1988-ի շարժման օրերին նստացույց արած մի խումբ ուսանողներ նույն տեղում նորից նստացույց են արել: Նրանցից երգչուհի Շուշան Պետրոսյանը, վերհիշելով 88-ի օրերը և մանրամասներ պատմելով, ասել է. «88-ի ազատության համը զգացած մարդիկ ո՞նց են հայտնվել էս թմբիրում»:

Այսինքն՝ Շուշան Պետրոսյանը մինչև հիմա չի հասկացել, թե ոնց եղավ, որ այսպես եղավ: Համառոտ անդրադառնալ այս թեմային բարդ է, բայց մի քանի նկատառում:

Նախ, մենք նկատեցինք, որ Շուշան Պետրոսյանի կողքին նստած էին մարդիկ, որոնք 88-ից հետո կատաղի պայքար են տարել հենց 88-ի ու Ղարաբաղյան շարժման դեմ: Էդ էն մարդիկ են, որոնք 88-ի ազգային զարթոնքի օրերին հայտարարում էին, թե «անկախական ըլլալով, անջատմանը դեմ կըլլան», ու 30 տարի պայքարել են Անկախ Հայաստանի դեմ: Էդ էն մարդիկ են, որոնք տեռորիստական խմբեր էին ստեղծում, որպեսզի ոչնչացնեն 88-ի նվաճումներն ու 88-ի լիդերներին: Նաիրի Հունանյանին, որի հոգևոր եղբայրը նստած էր երգչուհու կողքին, դա հաջողվեց, ու այդ ոճրագործությունը խորագույն թմբիրի մեջ նետեց հայ ժողովրդին: 

Հաջորդը. Շուշան Պետրոսյանը նման հարցադրում է անում մի հարթակից, որի հանդեպ պաթոլոգիկ ատելություն ուներ իրենց առաջնորդներից մեկը: 10 տարի այդ առաջնորդը Ազատության հրապարակը անվանում էր Թատերական հրապարակ: Ազատություն բառի հիշատակումից անգամ նրա չանեն ծռվում էր: Ամեն ինչ արել է, որ ազատության համն ու հոտը վերանա ոչ միայն այդ հարթակից, այլև հանրության գիտակցությունից, քանի որ թմբիրի մեջ գտնվող ժողովրդին ավելի հեշտ էր կառավարելն ու իշխելը: Ու իրեն սպասարկողներից մի քանիսը եկել, նստել են Ազատության հրապարակում ու 88 են հիշո՞ւմ:

Բա դուք ուզում էիք 88-ի նվաճումները ոտնատակ անեիք, 88-ի առաջնորդներին հալածեիք, սպանեիք, վարկաբեկեիք, ամեն լուսավոր էջ սևացնեիք, ու դրանից հետո թմբիրից արթնացած ժողովուրդ ունենայի՞ք: Հեչ մտածե՞լ եք այդ մասին:

Բան չենք ասում Շուշան Պետրոսյանին, հավատում ենք, որ անկեղծ է իր հարցադրման մեջ, բայց այդ հարցադրման պատասխանները ստանալու համար սկզբից ինքը և իր պես մտածողները պետք է թմբիրից դուրս գան, իսկ հետո օգնեն նույն ժողովրդին՝ թմբիրից դուրս գալ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2525 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ