...

Մի «Էլարդ» էլ Ծառուկյանի հանքի համար հրավիրեք

Մի «Էլարդ» էլ Ծառուկյանի հանքի համար հրավիրեք

Հանքարդյունաբերությամբ զբաղվող Աժ պատգամավորն ու իր կուսակցությունը դեմ են երկրում հանքարդյունաբերության զարգացմանը: Խոսքն Աժ երկրորդ քաղաքական ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին է: Նրանք կողմնակից չեն, որ Ամուլսարի ոսկու հանքը շահագործվի: Այս կուսակցության պատգամավորները նաև ակտիվ մասնակցում են հանքի շահագործման դեմ կազմակերպվող բողոքի ակցիաներին:
Հայաստանում արդյունահանվող ոսկուն տիրացել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Մղարթի ոսկու հանքը՝ գործարար պատգամավորին

Լոռու մարզում է գտնվում Մղարթի հանքավայրը: Այն 2005թ.-ից շահագործում է «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն: Ընկերության բաժնեմասի առյուծի բաժինը՝ 66 %-ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր, Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյանինն է:

Հանքաքարի արդյունահանումը կատարվում է բաց եղանակով: Բաց հանքին հարող տարածքում կառուցվել է ոսկու կորզման ֆաբրիկա՝ տարեկան 50 հազար տոննա արտադրողականությամբ:

Այս պահին հանքաքար չի արդյունահանվում, բայց «Մուլտի գրուպ կոնցեռն»-ը մտադիր է կրկնապատկել Մղարթի ոսկու հանքավայրի պաշարների արդյունահանման ծավալները:

Ծրագիրը 20 տարվա համար է, տարածքների մեծացում չի նախատեսվում, հանքի արտադրողականության ծավալներն են կրկնապատկվելու` նախկին տարեկան 50 հազար տոննայից կհասնեն մինչև 100 հազար տոննայի:

Մղարթը փոքր գյուղ է` 330 փաստացի բնակիչներով: Համայնքների խոշորացումից հետո այն ընդգրկվել է Օձուն համայնքի կազմում` դառնալով Օձունի 9 բնակավայրերից մեկը: Համայնքի վարչական ղեկավար Ավագ Մուսինյանը դժվարանում է ասել, թե ինչու հիմա հանքավայրը չի աշխատում:

«Չեմ կարող ասել, թե հիմա ինչո՞ւ չի գործում, հնարավոր է՝ հանքերի վերաբերյալ ստուգումներ են, դրա համար չի աշխատում»,- ենթադրում է նա:

Մղարթում հանքարդյունաբերական գործունեություն ծավալող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն որևէ նշանակալի ներդրում կամ սոցիալական ծրագիր չի իրականացրել: Գյուղացիներն այս տարի հանրային քննարկման ժամանակ կողմ են արտահայտվել, որ ջրի հարցով գյուղին ընկերությունն օգնի:

«Մենք պատրաստ ենք ոչ միայն հանքարդյունաբերողի, այլ նաև սատանայի հետ գործարքի, միայն թե ջուր ունենանք: 18000 դրամ նպաստ ստացող ընտանիքը ամիսը 28000 դրամ է ծախսում հարևան գյուղերից ջուր բերելու վրա»,- նշեց Մուսինյանը:

Այստեղ ամենահրատապը խմելու ջրի հարցն է. Մղարթը Հայաստանի անկախությունից ի վեր խմելու ջուր չունի: Գյուղացիներն օգտվում են գյուղում առկա 4 բնական աղբյուրներից: Եթե տարին չորային չի լինում, աղբյուրներից ջուր հոսում է: Տարին չորային լինելու դեպքում կամ բարակում է, կամ էլ՝ նույնիսկ կտրվում: Այդ դեպքում գյուղացիները ցիստեռնով հարևան գյուղերից են սկսում ջուր կրել: Համայնքի վարչական ղեկավարը հակադրվում է գյուղացիների կարծիքին, թե Մղարթը ջրազրկվել է ոսկու հանքի պայթեցումներից հետո:

«Հենց մի աղբյուրը, որից ջուր է գալիս, անմիջապես հանքի մոտ է գտնվում, բայց այդ աղբյուրի ջուրը չենք խմում, միայն կենցաղում ենք օգտագործում, և անասուներն են խմում»,- պնդեց մեր զրուցակիցը:

Ոսկու հանքի պատճառով մղարթեցիներն իրենց արոտավայրերն են կորցրել: Նախորդ իշխանությունը համայնքի արոտավայրերն արդյունագործական հողերի անվան տակ կոպեկներով «Մուլտի գրուպ»-ին է հանձնել:

«2 միլիոն ու կես տարեկան փող է տալիս: 1 հա-ի դիմաց ընկերությունը վճարում է 62 000 դրամ: Երբ մենք վարձով հող ենք վերցնում, որ ցորեն ցանենք, 1 հա-ի դիմաց 70 000 դրամ ենք վճարում: Իսկ իրենք կոպեկներով ոսկու հանքի տեր են դարձել»,- սրտնեղեց նա:

Մղարթի միակ «օգուտն» այս հանքավայրից 15 աշխատատեղն է, որն ապահովում է «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն: Հանրային լսումներին գյուղացիները պասիվ են եղել: Հանքարդյունահանողների հետ հանդիպմանը մասնակցում են միայն հանքում աշխատողները և կողմ արտահայտվում:

Հանքում աշխատանք ունեցողներն էլ, սակայն, մեծ գումար չեն վաստակել՝ բանվորները մոտ 90 000 դրամ են ստացել, իսկ պահակների աշխատավարձը շուրջ 80 000 է կազմել: Այսօր արդեն նրանց մի մասն էլ գործազուրկ է:

Մղարթեցի Գևորգ Սուքիասյանը դեմ է, որ ոսկու հանքը գործի: Սեփական մաշկի վրա է զգացել հանքի բացասական հետևանքները: Հանքի պայթեցման հետևանքով նրա տան պատերն են ճաքել: 4 սենյակի պատերն անմխիթար վիճակում են գտնվում: Մի քանի անգամ կոսմետիկ վերանորոգում է արել, բայց խնդիրը դրանով չի լուծվել:

«Խոշոր ճաքեր են: Ներքևից «շպակլիվկայով» փակել եմ, բայց էլի ճաքերը բացվել են: Հանքի տնօրինության հետ խոսել եմ, ներկայացրել եմ վիճակը, ասել են՝ ինչ-որ ձևով կանդրադառնանք, ավազ ու ցեմենտ կտանք, բայց ոչ մի բան էլ չեն արել»,- դժգոհեց տուժած գյուղացին:

Հիմա հյուրասենյակը վերանորոգման կարիք ունի, բայց անհրաժեշտ գումար չունի: Գևորգ Սուքիասյանի տունը ոսկու հանքից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում: Այդ փողոցի բոլոր տներն են հանքի պայթեցման հետևանքով վնասվել:

Գագիկ Ծառուկյանի հանքերը

Հանքարդյունաբերությամբ զբաղվող պատգամավորի մյուս գործարանը «Արարատցեմենտ»-ն է: Տարիներ շարունակ տարածքում ապրող բնակիչները, մասնագետներն ու բնապահպանները բարձրաձայնել են ցեմենտի վնասակարության մասին:

«Առողջ Հրազդան նախաձեռնության» անդամ Մովսես Մանուկյանը ցեմենտի վնասակար հատկություններն ուսումնասիրել է: Սխալ է համարում, որ բնակելի տարածքում ցեմենտի գործարան է աշխատում: Այն մարդկանց առողջությունը վտանգում է:

«Ազդում է մարդկանց շնչուղիների վրա: Նստում է բուսականության վրա, բույսերը նորմալ չեն աճում: Եթե մի քանի օր անձրևներ չեն լինում, ազդում է բուսական աշխարհի արտաքին շերտի վրա, իսկ եթե անձրևներ են լինում, ներծծվում է ջրի հետ, արմատային համակարգերի վրա է ազդում»,- ներկայացրեց նա:

Արձագանք՝  ԲՀԿ -ից

Ոսկու՝ մասնավորապես Ամուլսարի հանքի շահագործման դեմ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանից փորձեցինք ճշտել՝ ինչպե՞ս է ստացվում, որ հանքարդյունաբերությամբ զբաղվող կուսակցության առաջնորդն ու իր թիմակիցները չեն ցանկանում, որ երկրում ոսկու հանք գործի:

«ՉԻ»-ի հարցին ի պատասխան նշեց, որ ժողովրդական համատարած դժգոհությունը հաշվի առնելով են նման դիրքորոշում արտահայտում: Հետո էլ ավելացրեց.

«Եթե անգամ այդ այդպես է, ապա արդյո՞ք այդ հիմնարկները փաստացի հավասար իրավիճակներում են գործում, Դուք դա պետք է հաշվի առնեք: Ենթադրեք՝ ինչ-որ մեկը բերում է մի տեղ խանութ է սարքում, այդ խանութը երրորդ անձանց վնաս է, դա չի նշանակում, որ Հայաստանի բոլոր խանութները պետք է կազմաքանդեն»:

Նրա խոսքով՝ ինքը Ծառուկյանի բիզնեսներով հետաքրքրված չէ: Կուսակցության առաջնորդի հետ միայն քաղաքական փոխհարաբերության մեջ է:

«Բայց այն, որ Ծառուկյանի բիզնես գործունեությունն իրականացվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան, դրա անվիճելի ապացույցն այն է, որ 2015 թվականից սկսած անընդհատ Ծառուկյանի հիմնարկները գտնվում են պետական վերահսկիչ մարմինների ուշադրության կենտրոնում՝ ստուգումներ են կատարվում,  և այս պահի դրությամբ որևէ խախտում չի հայտնաբերվել»,- նկատեց պատգամավորը:

Ի դեպ, Գագիկ Ծառուկյանին է պատկանում «Մուլտի Սթոուն» քարի արդյունաբերական մշակման ընկերությունը: Պատգամավորի անվան հետ է կապված նաև Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող ավազի հանքը՝ թեև նրա մամուլի խոսնակ Իվետա Տոնյանը հերքել է այն:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   7801 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ