Վարչապետի մամլո խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրել է. «Բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում։
Հայաստանի Հանրապետության մոտեցումները շատ հստակ եւ առանց տարընթերցումների հնարավորության վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ս/թ հուլիսի 16-ի իր ասուլիսում»:
«ՉԻ». Սա հենց այն դեպքն է, երբ ուզում ես հարցնել՝ էդ «հստակ»-ը ո՞րն էր:
Ճանապարհ եք տալիս, բայց ասում եք՝ միջանցք չի։ Այսինքն՝ մարդը գալիս է, անցնում է առանց ստուգման, Հայաստանի սահմանապահները մոտ չեն գալիս, դրոշ էլ չեք դնում, բայց էդ միջանցք չի, ուղիղ գծով խաղաղասիրական զբոսաշրջությո՞ւն է։
Ստացվում է՝ եթե Ադրբեջանը միջանցք ասի, վատ է, բայց եթե Հայաստանը նույն բանն անի, ուղղակի ուրիշ բառով, արդեն կառուցողական համագործակցությո՞ւն է։ Էս ոնց որ ձկները թթու չեն, ուղղակի մի քիչ փչած են։
Ի դեպ, հղում է արվում հուլիսի 16-ի ասուլիսին։ Այո, մենք էլ ենք նայել։ Այնտեղ վարչապետը ասում է, որ Ադրբեջանը կարող է օգտվել Հայաստանի տարածքով անցնող ճանապարհից, իր սուվերենության ներքո։ Մեր թարգմանությամբ, սա մոտավորապես նշանակում է՝ «Մեր տարածքով են անցնում, բայց իրանցն է»։ Նոր հիբրիդ մոդել։