...

Նիկոլ Փաշինյանի երազը

Նիկոլ Փաշինյանի երազը

Որոշել է այցելել Սյունիքի մարզ և անձամբ ծանոթանալ «Թրամփի ուղուն»։ Ճանապարհի եզրին՝ աջ կողմում, ժայռի վրա, ինչ-որ անհասկանալի կենդանու արձան է, իսկ պատվանդանին փորագրված են նրա խոսքերը․ «Կեցցե Նիկոլ Փաշինյանը՝ երկրորդ Նժդեհը, որը փրկեց Սյունիքը»։ «Արա՛, էդ հայվանը ինձ փուռն ա տալու, չգիտի՞, որ սաղ աշխարհը Նժդեհին նացիստ ա համարում»,- փնթփնթում է ինքը, ու շարունակում են ճանապարհը․․․ 

TRIPP հասնելուն պես՝ հենց առաջին անցակետում, շարասյունը կանգնեցնում են ամերիկյան բանակի համազգեստով, բայց սև-սև, բեղավոր ու ոսկե ատամներով ինչ-որ անհասկանալի դեմքեր, պրոֆիլակտիկ նկատառումներով անմիջապես մի երկու անգամ հասցնում իր թիկնազորի պետի վզակոթին, ապա պահանջում փաստաթղթերը։ Սփրթնած Արարատ Միրզոյանը ծոցագրպանից հանում է «զապաս» անձնագիրն ու մեկնում նրանցից մեկին։ Սա բացում է անձնագիրն ու կարդում․ «Աղրիդաղ Միրզոյան․․․ հըմ․․․ յախշի, յախշի»։ Ապա ուշադիր նայում է Աննա Հակոբյանին ու հայտարարում, որ նրան պետք է անձնական զննության ենթարկել։ «Զննվելը նորաձև՛ է», ուրախ-ուրախ ասում է Աննան, բայց ինքը կանգնեցնում է նրան ու զինվորականին մեկնում իր անձնագիրը։ Սա բացում է անձնագիրն ու խոժոռվում․ «հըմ․․․ խոշ գյալիմսիզ, յոլդաշ Փաշինյան», ապա դիմում է մյուս հսկիչներին․ «սրանց հետ մի քիչ քաղաքավարի եղեք, սրանք մերոնքական են»։ Ու բոլորին հրավիրում է մոտակա «Գյանջլիկ» չայխանան։

Ճանապարհին նկատում են, որ ադրբեջանցի պարեկները կանգնեցրել են հայկական համարներով ինչ-որ գեղի «Օպել», միջի համբալին դուրս բերել, փռել ասֆալտին ու ոտքերով հարվածում են, իսկ սա ծղրտում է՝ «խի՞ եք խփում, ասեք՝ կանենք»։ «Շե՛ֆ, չգնա՞մ էրեսներին թքեմ, ասեմ չծեծեն, ինքը Իրևանի քաղաքապետն ա»,- զգուշորեն հարցնում է Ալեն Սիմոնյանը։ «Մի՛ ոգևորվի, էս տարածքում մենք թքելու իրավունքը արտապատվիրակել ենք ուրիշներին»,- առարկում է ինքը, ապա շարունակում․ «չնայած՝ քեզ ի՞նչ կա, դու սենց թե նենց ՄԱԿ-ի Վայրի բնության պահպանության հովանու ներքո ես․․․»։

Մտնում են թեյարան։ «Դամբուլի արաղ չկա՞»,- մատուցողին տեսնելով՝ հարցնում է ինքը, բայց սա ոտքից գլուխ թարս չափում է ու սեղանին շրխկացնում թեյի բաժակները։ Բայց գումար չի վերցնում՝ հյուրասիրություն է։ Նազելի Բաղդասարյանն իսկույն մամլո հաղորդագրություն է տարածում՝ «Վարչապետ Փաշինյանն այսօր այցելեց ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող  «Թրամփի ուղի» և անձամբ իր մաշկի վրա զգաց դրա բերած աննախադեպ տնտեսական օգուտները»։ 

Վերադառնում են նույն ճանապարհով, բայց պարզվում է՝ հազարավոր սյունեցիներ փակել են իր ավտոշարասյան ճանապարհը։ «Սյունիքը Հայաստան է, և վե՛րջ»,- նրանց տեսնելով՝ ծղրտում է ինքը, բայց մարդիկ, ի պատասխան, իր ուղղությամբ ինչ ասես շպրտում են՝ պոմիդոր, բադրիջան, ձու․․․ Նազելի Բաղդասարյանն անմիջապես թարմացնում է հաղորդակցությունը․ «հազարավոր սյունեցիներ մեծ ոգևորությամբ դուրս էին եկել դիմավորելու մեծարգո վարչապետին և ցուցադրելու իրենց ստեղծած գյուղատնտեսական բարիքները․․․»։

Արթնանում է ծանր զգացողությամբ։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ