...

Մինասյան եղբայրները

Մինասյան եղբայրները

Հայաստանի և Ադրբեջանի հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմը հայտնի է։ Այն բաղկացած է 12 հոգուց։ Հանձնաժողովը նախագահելու է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Դրա մեջ ընդգրկված են 4 նախարարների տեղակալներ, ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի 2 տեղակալներ, միջազգային իրավական հարցերով 1 ներկայացուցիչ, 2 բարձրաստիճան պաշտոնյա ՀՀ Զինված ուժերից և ևս 2-ը՝ ԱԱԾ-ից։

«ՉԻ»-ն կփորձի ներկայացնել 12 անդամներից յուրաքանչյուրին, չնայած՝ նրանցից ոմանք հրապարակային դեմքեր չեն և նրանց պաշտոնական կենսագրությունն անգամ այնքան աղքատիկ է, որ այն ոչինչ չի պատմի այդ մարդկանց պրոֆեսիոնալ գործունեության մասին։ Զուգահեռաբար՝ հանձնաժողովում կան այնպիսիները, որոնք մամուլի ուշադրության կենտրոնում են հեղափոխության մեկնարկից ի վեր։ Ոմանք էլ դեռևս նախկիններից են հայտնի հայ ընթերցողին։ Փորձենք սկսել ամենահայտնիներից մեկից․ խոսքը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի, կարճ ասած՝ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի եղբոր մասին է։

Այս տարվա հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գրիգոր Մինասյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ: Դեռ այն ժամանակ առիթ ունեցանք արձանագրելու, որ վերջինս եղել էր ՀՀԿ-ական, անգամ ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի քարոզարշավներին էր ակտիվ մասնակցել ու հրապարակային ելույթներ ունեցել, ապա հայտնվել էր Երևան քաղաքի ավագանիում ՀՀԿ-ի ցուցակով։ Վերստին հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանը մամուլին սկսեց հետաքրքրել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Մինասյան եղբայրների՝ Գրիգորի և Միքայելի ջրերը նույն առվով չեն հոսում։ Այն ժամանակ շրջանառվում էր եղբայրների «սառը հարաբերությունների» երկու վարկած, մեկը մեկից տարօրինակ։ Դրա դրսևորումներից մեկն էլ այն էր, որ Միքայել Մինասյանը բազմաթիվ անգամ փորձել էր եղբորը «ապաակտիվացնել», նրան արժեքավոր առաջարկներ էր արել, միայն թե եղբայրն ինքնուրույն գործելու հայտ չներկայացնի, փաստաբանական կանտորան էլ լուծարի կլորիկ գումարի կամ առաջարկի դիմաց։ Գրիգոր Մինասյանը պարբերաբար մերժել էր եղբորը։ Հետո հեղափոխությունը ամեն ինչ իր տեղը գցեց․ Միքայելին սկսեցին հետախուզել, իսկ եղբորը նշանակեցին արդարադատության նախարարի տեղակալ։ Դեռ հունվարի 13-ին Մինասյանին առնչվող մեր հրապարակման վերջաբանում նշել էինք․ «Գրիգոր Մինասյանն այսօր փոխնախարար է։ Բայց դեռ հեռուն է գնալու։ Կտեսնեք»։ 

Այսքան հեռուն, անկեղծ ասած, մի քիչ դժվար էր պատկերացնել։ Բոլոր դեպքերում փաստ է, որ Մինասյանը լինելու է այն հանձնաժողովի կազմում, որի առաքելությունը պատմական այս ժամանակաշրջանի համար կարևորագույններից է։ Մինասյանը 39 տարեկան է, իրավաբանի փորձառություն ունի մասնավոր սեկտորում, նախարարի տեղակալ է նշանակվել, քանի որ եղել է ՀՀ արդարադատության գործող նախարար Կարեն Անդրեասյանի մտերիմ ընկերը։ Այդ մասին Մինասյանն ինքն էլ չի թաքցնում և պատմում է իր հրապարակային հարցազրույցներում։ Վերջինս սովորել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, ապա ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։ 2012 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ: Նույն թվականից առ այսօր «AM» Իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետերն է: 2008 թվականին պաշտպանել է գիտական թեզը և դարձել իրավաբանական գիտությունների թեկնածու: 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5481 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ