...

Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը

Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը

Մինչ ես սա գրում եմ` Նիկոլը հավանաբար մի երկուսին էլ գործից հանի, ուրիշ երկուսին` նշանակի: Կամ երեքին, կամ չորսին` երեք-երեք, չորս-չորս: Ու թվում էր` պիտի հրճվեմ, ուրախանամ: Վերջին հաշվով հասարակական աղաղակ բարձրացնողներից մեկն էլ ես եմ եղել, ՆԱԵՎ ես եմ մատնանշել ուժայինների, ֆինանսների նախարարի և պետեկամուտների ղեկավարի պաշտոնատերերի նախկինայնությունը…Եվ ահա… Բայց ի՞նչ:

Ու վերնագիրն էլ թերևս հակառակ, տարբեր տրամաբանությամբ պիտի կազմեի, ասենք` իշխելու արվեստ-փառքի թշվառություն: Բայց` էակա՞ն է: Բայց ի՞նչ: Հաստ կողի ընկած աղյուս: Կասեք` քյարփին՞ջ: Չեմ առարկի: Հերն էլ անիծած: Հենց հիմա իշխանությունից, ճգնաժամի և անկումի պահին, հեռացվել են մարդիկ, որոնք տիրապետում են ճգնաժամի ողջ խոհանոցին: Լա՞վ է: Լավ է գուցե ասեք դուք, քանի որ պակաս վստահելիները փոխարինվել են ավելի վստահելիներով կամ էլ գուցե ՇԱՏ ԱՎԵԼԻ վստահելիներով: Ու շտաբի պետի դեպքում, մանավանդ որ անասունների բանակը տարփողում է` իջևանցիիիի է, վստահ եմ, կամա-ակամա ճիշտ որոշում է կայացվել:

Մանավանդ նախկին պետը կարծում եմ սպայական պատվի ճիշտ պատկերացմամբ փորձեց քավել և էապես քավեց անպատասխանատու վարքի մեղքը: Ոստիկանապետը…չգիտեմ ով է և չգիտեմ ուր հեռացավ նախկին ոստիկանապետը և ինչ տարավ հետը, ինչ-ինչ-ինչ օպերատիվ ինֆորմացիա տարավ հետը: Ու հատկապես չգիտեմ, թե ով է ԱԱԾ նորապետը, ինչպես որ հեղափոխության բուռն տարում չգիտեի մասնավոր մանկապարտեզի սեփականատիրոջ կողակից Վանեցյանն ով էր: Ու որպեսզի իմանամ ու ապահով լինեմ` Նիկոլը նրան գնդապետ կարգեց: Իսկ հետո… ընդդիմություն սարքեց… իր գլխին: Ու Վանեցյանը, քանզի և վասնզի այլևս քաղաքական գործիչ էր և գնդապետ, ընդդիմադիր գնդապետ էր այլևս` պիտի ճամարտակեր ու… ճամարտակում է` դանդաղ, խոհուն, ծամելով բառերը, ծամծմելով մտքերը (եթե այդպիսիք պատահում են) և կուսակցություն է հիմնում ու հրաժարական պահանջում: Ո՞ւմ: Նիկոլի իհարկե: Նրա` ով իրեն գնդապետ է կարգել և նրա` ում հետ ու Սասունի հետ միասին իրեն Վանեցյանին, վայ թե` հենց ինքը Վանեցյանը գաղտնալսել է ու հրապարակել: Կամ ինքը չի գաղտնալսել ու հրապարակել, քանի որ շատ զավեշտալի կլիներ, խնդալու կլիներ, որ ՀՀ ԱԱԾ շեֆին չգիտես երբ չես հիշում ով գաղտնալսում է, հետո էլ դե քրեական գործ, բացահայտված հանգամանքներ, հավուր պատշաճի` մի խոսքով ու… ոչինչ: Ոչինչ` մինչ այսօր ու վաղը ու… հավիտյանս հավիտենից: Էսօր էս կախման կետերը մի փոքր շատ են ստացվում, ներո՛ղ եղեք: Դա պիտի որ էս անորոշ-անկատար վիճակից լինի: Տեսե՛ք` չասացի բա ՀՀ վարչապետին ու շատ կարևոր մարդ Սասուն-քննիչին են գաղտնալսել: Տեսե՛ք, ոչ ոքը և ոչինչը և պատիվ ՉՈՒՆԵՄ-ը միայն կարող էր ազգային անվտանգության ղեկավարին` իրեն գաղտնալսելու վիրավորանքը անպատասխան թողնել: Թողեց: Եվ հարցս` ով է Վանեցյանը, դարձավ հռետորական, բայց պատասխա՛ն ունեցող հռետորական:

Պատասխանն էր` ՈՉ ՈՔ: Այնքան ոչ ոք, որ եթե Վանեցյանի նշանակման առաջին օրերին ՌԴ կամ ԱՄՆ, կամ Իսրայելի կամ Իրանի ազգային անվտանգության ծառայության բարձր դասի սպաներին հարց տային` ո՞վ է, պատասխանը լինելու էր` ՈՉ ՈՔ: Ու այդ ոչ ոքը այնքան անհանգստացնող էր, որ հենց Նիկոլը նրան շնորհեց կոչում, բոլորի մտքներում «հըմմ» արեցին ու սկսեցին շփումներ փնտրել նորաթուխ գնդապետի հետ, իսկ Կադիրովը` չեչեն, եղբայրացավ հետը: Իսկ հետո եղավ մի օր, երբ Վանեցյանը գնաց և իր հետ տարավ պահի օպերատիվ ինֆորմացիան: ԱԱԾ օպերատիվ ինֆորմացիան: Ինչպես որ նույնն արեց նրա ստվերում մնացած հաջորդ ԱԱԾ տնօրենը, ինչպես որ դնչկալ Օսիպյանը նույնն արեց…

Ես հասկանում եմ, տեսնում եմ, որ հաստ կողի ընկած աղյուսը փոշու և ցեխի մեջ իր պառկածը վայելելու հատուկ տրամադրություններ ունի: Բայց ես դեմ եմ, ես թույլ չեմ տալու:

Որքան էլ հեղափոխությունը թավշյա անվանենք` այն հեղափոխություն է, և ուզի Նիկոլը թե ոչ` այն այլևս ոչ թավշյա է դառնում և ամրապնդում Հայաստանի փրկության միակ շանսը: Եվ «կործանվող» իշխանությունը իր միջից և իր շուրջ` ԱԺ-ից ու կառավարությունից դուրս, ու հատկապես դուրս ԼՀԿ-ից և ԲՀԿ-ից, պիտի գտնի, ձեռք մեկնի, գուրգուրի և ոտքի հանի երկրի համար այսօր արդեն զոհաբերվելու պատրաստ, բանիմաց, արծաթ չսիրող, գոռոզությունից եղկող մարդկանց:

Ես հիմա հարց եմ տալիս` ինչ է տանում իր հետ հեռացված յուրաքանչյուր ուժային կամ ֆինանս-ուժային: Եվ կարևորը, կենսականը` ուր է տանում, ում է տանում: Առավել ևս` յուրաքանչյուր այդպիսի հեռացվածը իր հետ տարած օպերատիվ, ազգային անվտանգության նյութ և առարկա այդպիսի ինֆորմացիան որքանով վտանգավոր ձևով է կարող ի չարս գործածել: Կարող է, չէ՞: Եվ կենսականը` ամեն այդպիսի հեռացածը իր հետևում իրեն հազար թելերով կապված ում և ինչեր է թողնում: Թողնում է, չէ՞:

Այն, որ Վանեցյանը ոչ միայն պիտի ի սկզբանե չնշանակվեր, այլև պիտի անհապաղ հեռացվեր, այն, որ Անանյանը, Օսիպյանը, մնացած հին ու նոր հեռացվածները այս փաղանգից, պիտի չնշանակվեին, պիտի օր առաջ հեռացվեին` անվերապահորեն ընդունում եմ: Բայց ես հասկանալ եմ ուզում, եթե չկա էդ նույն ռազմավարությունը, մատրիցան եթե չկա, եթե լյուստրացիան չկա ու ՍԴ-ը ու դատարանները վեթթինգ չեն արվել, ինչ է փոխվում: Ժամանակը, այո, երկարաձգվում է, բայց չարաշահված ու կորսված ժամանակը` պակասում է աղետալիորեն: Իսկ մաֆիան խմբավորվում ու վերախմբավորվում է, փողերն է բաժանում, հանձնարարություններ է տալիս: Մաֆիան այս շախմատային խաղում ունի անսպառ ժամանակ, նրա դաշտի խորանարդները և դաշտի չափերը անսպառ են, իսկ Նիկոլը շախմատի  սահմանափակ տախտակի առաջ նստել է ու հաճախ, շատ հաճախ… շաշկի` խաղում, ավելի ճիշտ` «պադդավկի»: Հա, դե, իր միակ և էական առավելությունը եղել է ու դեռ կա սպիտակներով խաղալը և առաջնախաղ սկսելը, բայց կորցրել է քարեր, ժամանակ, հնարավորություններ և… այլն:

ՀՀ ԶՈՒ շտաբի պետը` Աստծուն Փառք` ճիշտ ընտրություն է: Այդպես են ասում: Նախկին պետն էլ, կարծես թե սխալ ընտրություն չէր: Եվ նրանցից ով ով է` գիտեն ԶՈՒ-ում և գիտի հանրությունը:
Բայց ԱԱԾ քսանութամյա նավապե…ըըը… կներեք ղեկավարը, որ էապես էլ ավելի երիտասարդ է, քան Վանեցյանը և վաղը գուցե գնդապետ կարգվի, իսկ հաջորդ օրը… ով է այդ տղան, մարդը, երիտասարդը: Հարցը նույնն է, ինչ Վանեցյանի դեպքում ու պատասխանն էլ ցավալիորեն նույնն է: Եվ եթե Վանեցյանի ԱԱԾ-ական (թեկուզ և օպեր, այլ ոչ վերլուծաբան ու ստրատեգ) լինելը այդ մարդուն իր խորհրդավոր ու չլյուստրացված կառույցին թերևս աղերսված է պահելու, որքան էլ որ նա ՈՉ ՈՔ ու ՈՉԻՆՉ լինի, ապա այս երիտասարդի կյանքի և ապագայի համար չափազանց մեծ, հավակնոտ ու ծանր քար է թրմփացել իր ուսերին: Համարձակվեմ ենթադրել` եթե նա այդ հիմնարկի թրծում-մկրտումը հավուր պատշաճի չի անցել, թեկուզ հենց տարիքի ու գործի բերումով… զուտ որպես մարդ, ճակատագիր է մեղք: 

Կուտոյանին հիշե՞նք, թե՞ առաջ գնանք հենց այսպես:

Կուտոյանին հիշելով, հիշենք ստվերում, սուս ու փուս, մարաղ մտած Սերժին: Հիշե՞նք նրա կարիերայի հանգրվան-մարդկանց` Վանո (ո՞ւր է), Վազգեն (ո՞ւր է), Լևոն (ո՞ւր է), և նույնիսկ Ռոբ-մարդասպան (ո՞ւր է):
Մնացած ամենատարբեր ողջ մնացած կամ սպանվածներին առայժմ հանգիստ թողնենք: Մի տեսակ անհանգստություն չե՞ք զգում:

Մի տեսակ չե՞ք զգում, որ Իզմիրլյանում լինի թե բանտում` Ռոբ-մարդասպանը, առանց Աղվան-մարդասպանին փակելու` դժվար է լինելու, անհնար է լինելու Նիկոլի իշխանության այս կարևորագույն դիվիդենտի` Մարտի մեկի և Հոկտեմբերի քսանյոթի մեղավորների ոչնչացման` ասպարեզից իսպառ հեռացման իրականացումը: Իսկ Աղվան-մարդասպանն իր հերթին, իր շղթայով իր հետևից Սերժին է բերելու, որովհետև բոլոր թելերն այնտեղ են տանում: Բոլոր թելերը:

Մինչդեռ կար միակ, ճշգրիտ և անվրեպ ԱՌԱՋԻՆ քայլ, որ հեղափոխության հաղթանակից տասը օր հետո, համաձայն որոշակի մարդկանց իր խոստացածի` պիտի աներ Նիկոլը. անվտանգության բոլոր պայմաններն ու նորմերն ապահովելով` պիտի Հայաստան վերադարձներ Վանոյին: Դա կլիներ շախմատային փայլուն պարտիայի գերազանց հաղթանակը` դոմինոյի սկզբունքով շարած դոմինո-խաղաքարերից առաջինի շրջումը կլիներ` շղթայական փլուզումով ամբողջ սերժ-ա.ա.ծ-ական համակարգի:

Մինչդեռ եթե կա երեք գործոն, որ դանդաղեցրել է այս խաղում Սերժի արագ հաղթարշավն ու վերադարձը` այս կամ այն տեսքով` ա)Ռոբ-մարդասպանի հանկարծ համաձայնելն ու վերադառնալն էր Հայաստան, բ) կորոնավիրուսը, գ) ժողովրդի և քաղհասարակության համակրանքը Նիկոլի և նոր իշխանության նկատմամբ և խորագույն ատելությունը իր և մաֆիայի հանդեպ:

Մինչ այդ, երեք օր առաջ, Դալմա վերաբացված կենտրոնում լֆիկը չորս ժամանոց հանդիպում-զրույց է ունեցել տաշիր կարենի հետ: 

Ավելի քան համոզված եմ, որ քննարկել են զուտ գործարար խնդիրներ, իսկ քաղաքականությանը եթե նույնիսկ անդրադարձել են, ապա բացառապես գործող իշխանությանը սատարելու, աջակցելու և Հայաստանը ժողովրդավարության ու սոցիալական արդարության դրախտի վերածելու տեսակետից:

Հակոբ Գրիգորյան     

«Չորրորդ իշխանություն», թիվ 28, 2020             

ՎԱՐԿԱՆԻՇ

   83552 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ