...

Մնում է աղոթել Ծառուկյանի համար

Մնում է աղոթել Ծառուկյանի համար

Գագիկ Ծառուկյանի նախաձեռնության կողմնակիցները, մասնավորապես՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ պատասխանելով Հայ առաքելական եկեղեցուն, որը չէր ողջունել նախաձեռնությունը։ «Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը մեզ համար շատ կարևոր է և գնահատելի: Միևնույն ժամանակ ցանկանում ենք վերահաստատել, որ Հիսուս Քրիստոսի արձան-համալիրը ճարտարապետական կոթող է, որը նպատակ ունի դառնալ միաբանության խորհրդանիշ ոչ միայն հայ ժողովրդի, այլ ողջ աշխարհի մարդկության համար: Ինչպես նաև մոնումենտալ կոթողը մեծ ներուժ ունի՝ դառնալու առաջին քրիստոնյա պետության այցեքարտն աշխարհում ու մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավելու: Կրկին շնորհակալություն ենք հայտնում գաղափարի աջակիցներին և լիահույս ենք, որ աստվածահաճո այս առաքելության մեջ մենք միաբան ենք»:

Կոպիտ ասած՝ Ծառուկյանը հեռուն է ուղարկել Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանյան անդամներին, որոնք արձանագրել էին՝ «եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին»։ Բայց դե դարավոր ավանդույթը ստից բան է, կարևորը աշխարհի միաբանությունն է Ծառուկյանի մտքի թռիչքի շուրջ։ Եթե Ծառուկյանը նույն համառությունը դրսևորեր քաղաքական դաշտում, հնարավոր է այսօր ոչ թե արձանաշինությամբ փորձեր վերակենդանացնել իրեն, այլ ներկայացված լիներ, ասենք՝ ԱԺ-ում։ Ճիշտ է, դրանից քաղաքական դաշտն առանձնապես օգուտներ չէր ունենա, բայց եկեղեցին գոնե զերծ կմնար արձանաշինական ոտնձգություններից։ Այնպես որ՝ մի շարունակեք, Ծառուկյանը հավատացած է, որ ինքը հանճարեղ գաղափար է հեղինակել, որը ցնցել ու միավորել է բոլորին, բացի նախանձներից ու Հայ առաքելական եկեղեցուց։ Պահքի շրջանում ենք, կարելի է աղոթել մոլորյալների ու տգետների հոգու փրկության համար, նույնիսկ եթե նրանք միաբան են ու հարուստ։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1436 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ