...

Մորգենշտերն ու թափթփուկները

Մորգենշտերն ու թափթփուկները

ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել մի քաղաքացու նկատմամբ, որը մեկնաբանել է Armcomedy-ի երգիծական նյութը:

Armcomedy-ն՝ «Փաշինյան՝ «Թույլ չենք տա Ղազախստանում իշխանության գան փողոցից թափթփուկներ» վերնագրով նյութ էր հրապարակել, որը բավական մեծ տարածում գտավ: 

Նյութի մեջ մասնավորապես գրված էր. «ՀՀ վարչապետը հրամանագիր է ստորագրել Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ զինված ուժեր Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ՝ ճնշելու հակաիշխանական տրամադրությունները։

«Փողոցից եկած թերուս և տհաս իշխանությունը կարող է իրական պատուհաս դառնալ երկրի գլխին և բերել տարածքային կորուստների և հասարակության տոտալ բարոյալքման»,- շարունակում է Փաշինյանը։ «Հատ առ հատ վերացնելու ենք փողոց դուրս եկած ղազախ ակտիվիստներին»։

Եվ ահա մի քաղաքացի այս նյութի տակ գրառում է թողել. «Փողոցով եկած թափթփուկը մյուս թափթփուկներին անուն է դնում», ինչն էլ ոստիկանության կողմից առիթ է հանդիսացել այդ մարդու հանդեպ քրեական գործ հարուցելու համար:

«ՉԻ». Հայտնի բան է. եթե աստված մեկին ցանկանում է պատժել, նրան զրկում է բանականությունից: Միանգամից ասենք, որ սա աստված է զրկում, ոչ թե մենք, հետո, որ հանկարծ սրա համար քրեական գործ հարուցվի, իմանաք, թե ում դեմ պետք է հարուցել:

Ինչևէ, 2000-ականների սկզբին մի քաղաքացի՝ Ջանիկ Ադամյանը, բանաստեղծություն էր գրել, որտեղ կար հետևյալ արտահայտությունը. «Անաղուհաց քրդի շուն»: ՀՀ գլխավոր դատախազությունը Ջանիկի դեմ քրեական գործ էր հարուցել՝ Ռ. Քոչարյանին վիրավորելու համար, չնայած Քոչարյանի անունն այդ բանաստեղծությունում ընդհանրապես չէր նշվել: Ահագին ղժժացինք այն ժամանակ, մինչև դատախազությունը հասկացավ, թե ինչ աբսուրդ բան է արել, գործը կարճեց:

Հիմա նույնն այս իշխանություններն են կրկնում. Ոստիկանությունը որոշել է, որ եթե ինչ-որ մեկը գրում է՝ «Փողոցով եկած թափթփուկը մյուս թափթփուկներին անուն է դնում», ուրեմն՝ Նիկոլ Փաշինյանի մասին է: Չնայած՝ Փաշինյանի անունն այդ արտահայտության մեջ չի հոլովվում: 

Այսինքն՝ ոստիկանությունն ասում է, որ եթե մեկնումեկը գրի. «Փողոցով եկած թափթփուկ», ուրեմն՝ նա վիրավորել է Նիկոլ Փաշինյանին: Բա սա անեկդոտ չի՞: Կարող է, այդ մարդը նկատի է ունեցել Սադդամ Հուսեյնին կամ Մորգենշտերնին:

Այս ամենն ավելի աբսուրդ է դառնում, քանի որ «թափթփուկ» արտահայտությունը շատ հասցեագրված բազմիցս օգտագործել է հենց Նիկոլ Փաշինյանը: Անցած տարի՝ հունիսի 15-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ, Ագարակում ասել էր.  «Ներողություն ենք խնդրում մեր թույլ տված սխալների և բացթողումների համար, այդ թվում՝ որոշ ԹԱՓԹՓՈՒԿ քաղաքապետերին և նրանց կրիմինալ ստահակներին հանդուրժելու համար: Բայց ընտրություններից հետո բռնելու ենք դրանց վզակոթերից և դուրս ենք շպրտելու ժողովրդին պատկանող շենքերից: Հատ-հատ գալու ենք նրանց հետևից, և այդ բոլոր քրեական ԹԱՓԹՓՈՒԿՆԵՐԸ պառկելու են Ագարակի ասֆալտների վրա. խոստանում եմ»:

Այսինքն՝ Փաշինյանին կարելի է ուրիշներին շատ կոնկրետ անվանել կամ որակել թափթփուկ, իսկ ուրիշներին չի կարելի: Ծանոթ նախադասություն է, ոնց որ թե «Անասնաֆերմայում» ենք կարդացել: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1513 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ