...

Մտածելակերպ կամ գիտակցություն

Մտածելակերպ կամ գիտակցություն

ԹԱԼԻԲԱՆ

1917 թվի բոլշևիկյան հեղափոխությունը ցնծությամբ ընդունեցին ասիական ժողովուրդները: Նկատի չունենք միայն տարածքը: Բնավ: Ասիական ժողովուրդ ասելով՝ հասկանում ենք ասիական տիպի մտածելակերպ ունեցող հանրություն, որի համար ընդունելի, ողջունելի էին համընդհանուր ստրկության գաղափարները՝ քողարկված պրոլետարիատի դիկտատուրայով: Եվ դիկտատուրան՝ բռնությունը, տարիներ շարունակ քարոզվեց Խորհրդային Միության տարածքում՝ հաջողությամբ իրականություն դարձնելով պարտչինովնիկների «բեսպրեդել»-ը: Նկատենք, որ խորհրդային մտածելակերպի հիմնարար սկզբունքներից մեկն էր հետևյալը. «Հասարակական կեցությունն է որոշում հասարակական գիտակցությունը» (Համառոտ փիլիսոփայական բառարան, Եր. 1940թ., էջ 255): Եվ այս սկզբունքը մենք լա՛վ ենք սերտել: Եվ հանուն կեցության տասնամյակներ շարունակ այլասերել ենք մեր գիտակցությունը: Մեր միտքն ու ոգին, մեր խիղճը ստորադասել ենք մեր որկորին: Իսկ գոյության պայքարում, մանավանդ, երբ գործում են լոկ կեցության կանոնները, հաղթող է դառնում ամենակենսունակ որկրամոլը: Ինչևէ, պետք է ընդունենք, որ մեր գիտակցությունն այսօր շատ ավելի գետնամած է, քան 1913 թվականին էր: Պետք է ընդունենք, և մեր «թշվառ» կեցության արմատները որոնենք հենց այստեղ: Հետևաբար, եթե շրջենք մեր ասիական ոգուն այնքան հարազատ դարձած ձևակերպումը, ապա կստանանք ճիշտ հակառակը. «Հասարակական գիտակցությունն է որոշում հասարակական կեցությունը»: Կտեսնենք, որ մեր մտածելակերպի արդյունքն է այսօրվա Հայաստանում տիրող իրավիճակը: Հանուն կեցության ապրողները հանդուրժում են ամեն ինչ՝ և՛ տկարամիտների իշխանություն, և՛ իրավազուրկ վիճակ, և՛ բացահայտ արյունահեղ հաշվեհարդարներ: Եվ հակառակը, չեն հանդուրժում միտք ու ոգի ունեցողին, չեն հանդուրժում պատասխանատու որոշում կայացնողին, չեն հանդուրժում նրան, ով համարձակվում է իրենց պես «չմտածել»: Եվ ուրեմն՝

1. Համատարած, անվերապահ ու բացահայտ թալանն իրականացվում է հենց մեր երկրում, որովհետև մենք թալանի մասին գոռում ենք հրապարակում, բայց յուրաքանչյուրս մեր հերթին ընդունակ ենք «արդարացնել» մեր մանր ու միջին թալանը: Որովհետև հավատում ենք «նաղդ» կաշառքին ու մեր գործերը «դզում» մանր ու մեծ տնտեսական զանցանքներով:

2. Սահմանադրական կարգը խախտում է այն երկրի «նախագահը», որի բնակչությունը ինքն է սովոր ապրել՝ բոլոր օրենքները խախտելով:

3. Հակասահմանադրական, բռնապետական օրենքներ են ընդունվում այնպիսի ԱԺ-ում, որն ընտրվում է մասամբ կաշառքով, մեծավ մասամբ՝ հանուն երկու պայծառ անհատների, որոնց հարցերը լուծում են շատ հեշտ՝ ավտոմատով:

4. Փախչում են այնտեղից, ուր հենց իրենք էլ աղտոտել են, ուր իրենք՝ փախչողները, թույլ ու անողնաշար են, ուր չեն կարող դիմադրել իրենց նմանների թալանին, հանցանքին, ավտոմատին:

Չեմ շարունակում: Պարզապես փորձում եմ առաջարկել գիտակցությունը անդունդից հանելու առաջին ռոմանտիկական դեղատոմսը. կաշառք մի՛ տվեք: Կաշառք մի՛ տվեք ԲՈՒՀ ընդունվելիս, որովհետև ձեր երեխան իր ուժերով կարող է ուսանող դառնալ վճարովի համակարգում: Որովհետև ավելի պատվաբեր է օրենքով վճարել: Գիտեմ, դժվար է, բայց փորձեք ձեր նպատակին հասնել հայկական անկատար օրենքները կիրառելով, փորձեք պաշտպանել ձեր իրավունքը ու ոչնչի առաջ չընկրկել, փորձեք չվախենալ մանր ու միջին չինովնիկից ու չքծնել նրան, փորձեք արժեք դառնալ ինքներդ ձեզ համար՝ ո՛չ պաշտոնով ու փողով, այլ ձեր մտքի ինքնուրույնությամբ:

Լ. Ասատրյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 242, հուլիսի 27, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   3663 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ