...

Նախկինի ներկա կինը ևս նախկին է

Նախկինի ներկա կինը ևս նախկին է

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հարսին` Արման Սահակյանի կնոջը, ազատել են Աջափնյակի թիվ 38 մանկապարտեզի տնօրենի պաշտոնից: Այս մասին տեղեկացրել է «Հրապարակ» օրաթերթը, որին տրված պարզաբանման մեջ Սահակյանն ասել է, որ խնդիրը քաղաքական է՝ իր կինը չլիներ՝ չէին հանի։ Այստեղ մի շատ կարևոր շերտ էլ կա․ ազատողը, ըստ լրատվամիջոցի, եղել է Աջափնյակի թաղապետ Կամսար Բաբինյանը, որը բացի առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի սանիկը լինելուց, նաև ՀՀԿ անդամ է եղել, Արման Սահակյանի թիմակիցը, Տարոն Մարգարյանի ժամանակ էլ զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնը։

Բա որ հիմա Դերենիկ Դումանյանի սանիկը, նախկին ՀՀԿ-ականը, Արման Սահակյանի թիմակիցն ու ի վերջո Տարոն Մարգարյանի ենթակայությամբ աշխատած վարչության պետը սկսի խոսել, թե տարիներ առաջ ինչպես են նշանակվել և ազատվել այդ նույն վարչության պետերը, դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններն ու մնացածները, ի՞նչ պիտի ասեն։ Պարզ է՝ պետք է քաղաքականացնեն թեման ու հալածյալի դեմքով շրջեն լրատվամիջոցից լրատվամիջոց։ Բայց մենք գիտենք, չէ՞, ՀՀԿ-ի տարիներին դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների հաստիքի չափորոշիչները։

Դպրոցի կամ մանկապարտեզի տնօրեն կարող էին դառնալ

  • իշխանավորների կանայք,
  • իշխանավորների դուստրերը,
  • իշխանավորների սիրուհիները,
  • իշխանավորների հարսները,
  • իշխանավորների ընկերների կանայք,
  • իշխանավորների ընկերների դուստրերը,
  • իշխանավորների ընկերների սիրուհիները,
  • իշխանավորների ընկերների հարսները:

Հետո գալիս էր երկրորդ էշելոնը՝ քենի, բաջանաղի ընկերուհի, սիրուհու մայրիկ, քույրիկ և այլն։ Նրանց մեջ անշուշտ կային այնպիսիները, որոնք բացի վերը թվարկված չափորոշիչներից, բավարարում էին նաև այլ, օրինակ՝ մասնագիտական հմտությունների չափորոշիչը։ Բայց նրանք դժվար հայտնվեին տնօրենի կարգավիճակում, եթե առաջնահերթ որևէ իշխանավորի մերձավոր չլինեին։ Անարդար էր ընտրությունը նույնքան, որքան այսօր տիկնոջ՝ պարզապես քաղաքական բաղադրիչով պայմանավորված հեռացումը։ Ներկաները պատժում են նախկիններին, հետո կգան նորերը ու ներկաներին կպատժեն ճիշտ նույն ձևով։ Ու այդպես էլ կմնանք ներկա-նախկին խաղի արանքում՝ բավարարվելով միայն տեսարաններով ու այդպես էլ չխորանալով հարցերի բովանդակության մեջ։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   857 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ