...

Միշիկի խոհանոցից ՔՊ-ի ննջասենյակ

Միշիկի խոհանոցից ՔՊ-ի ննջասենյակ

Գյումրին շատ դեպքեր ու դեմքեր է տեսել։ Դեպքերը հանգուցալուծվել են, դեմքերն էլ հայտնվել են քաղաքական համայնքային աղբանոցում։ Գյումրին մի քանի անգամ «ռեբրենդինգ» է արվել, բայց այս բոլոր գործընթացներում միշտ մեկը ստանդարտ դիրքով է մնացել։ Որովհետև կարողացել է քաղաքական քամիների ուղղությունը հասկանալ, հարմար պահի իջնել ջրի հատակը, անհրաժեշտության դեպքում մնալ ջրի երեսին ու թեթևորեն լողալ դրա վրայով։ Խոսքը Սամվել Բալասանյանի մասին է։ Վերջինս 2003-2007 թթ․ եղել է ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարը։ ՕԵԿ-ի սուզվելուց հետո Բալասանյանն արագորեն դուրս է եկել կուսակցությունից և դարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։ Նույն տարում՝ 2007 թվականին, Բալասանյանը ստանձնել է ԲՀԿ փոխնախագահի պաշտոնը։ 2012 թ. սեպտեմբերի 9-ին ընտրվել է Գյումրու քաղաքապետ։ Այնուհետև 2015 թ. մարտի 5-ին դադարեցրել է իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Հիմա Բալասանյանը ՔՊ-ի ակտիվ համախոհներից է. որ ընդունեն ՔՊ, մեծ խանդավառությամբ կուսակցական անդամատոմսերի հավաքածուն ևս մեկով կհարստացնի։

Ինչո՞ւ հիշեցինք Սամվել Բալասանյանին։

Վերջին օրերին Գյումրին դարձյալ քաղաքական անցուդարձի կիզակետում է։ Այստեղ իրար ծեծեցին, հայհոյեցին, կեղծ տեսարաններ բեմադրեցին՝ իբր զոհված զինծառայողների ծնողների մասնակցությամբ, ձերբակալություններ եղան և այլն, և այլն։ Այս ամենին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել Սամվել Բալասանյանն ու նրա որդին։ Նրանք ՔՊ համախոհներ են, ավելին՝ նվիրյալներ, որոնք պատրաստ են հին քաղաքական տեխնոլոգիաները աշխատեցնել նորերի համար՝ ընդդեմ հների։ Իմիջիայլոց Սամվել Բալասանյանին և որդուն միացել է նրանց ընտանեկան քավորը՝ Արման Սահակյանը, որը նախկինների օրոք պատգամավոր էր և հայտնի որպես Պրես Ստենդի Արման։ Պրես Ստենդի Արմանի քաղաքական տանիքը Սերժ Սարգսյանի փեսան էր՝ Միքայել Մինասյանը, և Արման Սահակյանը հենց այն թիմից էր, որը սպասարկում էր Միքայել Մինասյանի շահերը։ Հիմա Արման Սահակյանը, նրա սանիկը՝ Միսակ Բալասանյանը, և Սամվել Բալասանյանը Գյումրիում ՔՊ են «բալետ անում»։ Բայց կոնկրետ ակնկալիքով։ Միսակ Բալասանյանը ուզում է ԱՄՆ-ում հյուպատոս նշանակվել, դրա համար էլ ամեն ինչ անում է ՔՊ-ի համար, միայն թե սուտ դուրս չգա իր շրջապատի մոտ, որին վստահեցրել է՝ շուտով իր նշանակումը լինելու է։ Արման Սահակյանն իր հերթին է Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակին՝ Մանե Գևորգյանին տարել Պրես Ստենդ ու նշանակել աշխատանքի։ Կարճ ասած՝ Միշիկի Արմանը հիմա դարձել է վարչապետի սրտի օլիգարխներից մեկը։ Չնայած՝ այս սերը վաղուց է եղել և սերմանվել է դարձյալ Մինասյանի կողմից՝ պրոյեկտի ժամանակներից սկսած։ Բայց սրա մասին՝ առանձին կխոսենք, որովհետև Գյումրիում կատարվածը դեռ երկար մնալու է ներքաղաքական քննարկումների օրակարգում։

Գոհար Վեզիրյան   

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ