...

Նիկոլ Փաշինյանի հերթական «100 փաստը»

Նիկոլ Փաշինյանի հերթական «100 փաստը»

Մեր տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանը որոշել է իր կառավարության բացառիկ հաջողությունները հաստատող հերթական 100 փաստերը ներկայացնել հանրությանը և արդեն իսկ պատրաստել է համապատասխան տեքստը, բայց որոշել է այն հրապարակել միայն Աստանայում տեղի ունենալիք հանդիպումներից հետո։ Եվ այնուամենայնիվ տեքստի մի հատված հայտնվել է խմբագրության տրամադրության տակ, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

․․․ Փաստ 17․ Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության լեգիտիմ հնարավորություն է ստեղծվել։

Փաստ 18․ Բրյուսովի ինստիտուտի, Ֆիզկուլտինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միավորմամբ հնարավորություն է ստեղծվել ոչ միայն հենց ուսումնառության ընթացքում լուծել ծնելիության աճի խնդիրը, այլև տեղում կազմակերպել նորածինների հետագա դաստիարակությունը՝ ապագա մանկավարժների ուժերով։

Փաստ 19․ Ընձառյուծը հասել է Մարգահովիտ։

Փաստ 20․ Պատմության մեջ առաջին անգամ ՀՀ նախագահի լոնդոնյան այցը լուսաբանվել է համաշխարհային մամուլի առաջին էջերում։

Փաստ 21․ Պատմության մեջ առաջին անգամ ԿԸՀ նախագահ է ընտրվել ոչ միայն անկուսակցական, այլև առանց համապատասխան կրթության անձնավորություն, ինչը նշանակում է, որ նա ցանկության դեպքում անգամ չի կարողանա ազդել ընտրությունների արդյունքների վրա։

Փաստ 22․ Եթե նախկինում իշխանությունների համար անցանկալի համայնքապետերն էին հայտնվում կալանավայրերում, հիմա հակառակը՝ կալանավայրերում գտնվողներն են ընտրվում համայնքապետեր։

Փաստ 23․ Վարչապետի տիկնոջ հոդվածը սոցկայքերում ստացել է շուրջ 3 հազար հավանում և ավելի քան 85 հազար մեկնաբանություն, որոնցից ավելի քան 9,2 տոկոսը՝ հրապարակման ենթակա։

Փաստ 24․ Ջերմուկ քաղաքը վերսկսել է զբոսաշրջիկների ընդունումը։

Փաստ 25․ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզչի ընտրության մրցույթին ՀՀ ԱԺ նախագահի եղբոր ընկերությունը չի մասնակցում։

Փաստ 26․ Ադրբեջանական ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու և ամրաշինական աշխատանքներ կատարելու արդյունքում Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն ավելացել է շուրջ 11 տոկոսով։

Փաստ 27․ Երևան-Սևան միջպետական մայրուղին միանգամայն անվտանգ է և բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

Փաստ 28․ Հայաստանի տիեզերական արբանյակի գերճշգրիտ գործունեության արդյունքում միայն Արարատյան դաշտում հայտնաբերվել է ապօրինի լոլիկաբուծության և այդպիսով՝ հարկերից խուսափելու 17 դեպք։

Ցավոք, փաստաթուղթն այստեղ ընդհատվում է։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   468 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ