...

Նիկոլ Փաշինյանի նոր «100 փաստը»

Նիկոլ Փաշինյանի նոր «100 փաստը»

Մեր տեղեկությունների համաձայն, մոտ օրերս Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանրությանը ներկայացնել հերթական 100 փաստը։ Ցուցակն առայժմ խմբագրման փուլում է, բայց մեր տրամադրության տակ է հայտնվել դրա սևագիր տարբերակի էջերից մեկը, որն էլ սիրով ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը։ Եվ այսպես․

․․․ Փաստ 17․ ՀՀ վարչապետը կարողացավ գրչի մեկ հարվածով կարգուկանոն հաստատել թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ երկրում։

Փաստ 18․ Պատմության մեջ առաջին անգամ հունվարի 3-ին ժամը 4-ին Երևանի փողոցներում խցանումներ էին։

Փաստ 19․ Ընձառյուծը հասավ Տավուշ։

Փաստ 20․ Անցած տարի պատմության մեջ առաջին անգամ նշվեց Հայաստանի երրորդ հանրապետության անկախության 30-ամյակը։

Փաստ 21․ Պատմության մեջ առաջին անգամ ջուրն ու հոսանքը թանկացան հասարակության ո՛չ բոլոր խավերի համար։

Փաստ 22․ ՀՀ վարչապետի «Երկրի հակառակ կողմից» գիրքը լույս տեսավ ալբաներեն և մակեդոներեն։

Փաստ 23․ Ընձառյուծը դեռ Տավուշում է։

Փաստ 24․ Պատմության մեջ առաջին անգամ մարդը, ում հայրն ու եղբայրը կոռուպցիոն գործերով գտնվում են հետախուզման մեջ, նշանակվեց արդարադատության փոխնախարար։

Փաստ 25․ Պատմության մեջ առաջին անգամ ՀՀ մարզերից մեկի մարզպետը փոխմարզպետ նշանակեց իր քավորին՝ առանց հաշվի առնելու նրա կուսակցական անցյալը։

Փաստ 26․ Պատմության մեջ առաջին անգամ ընտրություններից հետո կալանավորվեցին ոչ թե ընտրողները, այլ ընտրվածները։

Փաստ 27․ Պատմության մեջ առաջին անգամ ՀՀ հպարտ քաղաքացիները հնարավորություն ստացան իրենց ամանորյա սեղանները զարդարել կոկորդիլոսով՝ դրա համար վճարելով ընդամենը 4 կգ կեռասի գին։ 

Փաստ 28․ Քրեական օրենսգրքի բարեփոխումների արդյունքում շուրջ 69 տոկոսով նվազել են բարձրաստիճան պաշտոնյաներին հրապարակավ հայհոյելու դեպքերը։

Փաստ 29․ Ոռոգվող գյուղատնտեսական հողահանդակների մակերեսն ավելացել է երկու անգամ ավելի շատ, քան խաղաղության դարաշրջանի բացման կապակցությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ՀՀ ինքնիշխան տարածքը։

Փաստ 30․ ՀՀ արտգործնախարարն իր բրենդային կահույքը ձեռք է բերել ապառիկով։

Փաստ 31․ Պատմության մեջ առաջին անգամ ՀՀ ԱԺ նախագահի եղբոր ընկերությունը իր մասնակցությամբ անցկացված մրցույթների շուրջ 17,2 տոկոսում չի շահել։

Փաստ 32․ Վարչապետի ընտանիքի անդամները դասեր են քաղել անցյալից և ճանապարհային երթևեկության ոչ մի կանոն չեն խախտել։

Ցավոք՝ ցանկն այստեղ ընդհատվում է։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3949 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ