...

Նիկոլի ելույթն ԱԺ-ում՝ առանց մոնտաժման

Նիկոլի ելույթն ԱԺ-ում՝ առանց մոնտաժման

Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի վերաբերյալ «Արմենպրես» գործակալությունը հաղորդագրություն է տարածել, որի նախնական տարբերակը հայտնվել է խմբագրության տրամադրության տակ, և որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես։

«Երեկ չափազանց մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱԺ նիստին։ Ի թիվս այլ հարցերի՝ մեծարգո պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում անդրադարձել է նաև այս օրերին Հայաստանում ընթացող կարևորագույն ներքաղաքական զարգացումներին և այդ առթիվ ներկաներին պատմել անբռնելի (անորսալի) Ջոյի մասին անեկդոտը։ Շուրջ 15 րոպե տևած ծափահարություններից հետո մեծարգո պարոն վարչապետը հիշատակել է նաև «Անորսալի վրիժառուները» ֆիլմի անմահ հերոսներին՝ Ցիգանին, Քսյուշային, էն պուճուր-մուճուր տղուն և Խորհրդային Միության ստեղծման ակունքներում կանգնած այլ նվիրական կերպարների՝ այդպիսով հիմնովին ջախջախելով այն կարծրատիպը, թե իբր 2018-ի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական, ազատական, մարդասիրական, բարոյահոգեբանական և բնապահպանական հեղափոխությունն Արևմտյան մութ ուժերի պատվեր էր։ Ընդդիմության գործունեությունը գնահատելիս մեծարգո պարոն վարչապետը ներկաներին հիշեցրել է շպիոն Օնիկի բնակության վայրի վերաբերյալ հանրահայտ անեկդոտը, այնուհետև անդրադարձել արտասահմանյան գործուղումներին բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների անդամների մասնակցության ցավոտ հարցին և ԱԺ ամբիոնից ներկայացրել մի հատված «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից, ապա անդրադարձել 44-օրյա պատերազմին՝ խոսքը հիմնավորելով «Թոմ և Ջերրի» մուլտֆիլմի հնչյունավորման վերարտադրմամբ։ Իսկ վերջում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, մեծարգո պարոն վարչապետն ԱԺ ամբիոնից կատարել է «Իմ ախ-պե-րը՛ս, ջան-ջան-ջան» հանրահայտ երգը, ապա փորձել արձակել կոստյումի կոճակներն ու ներկաներին ցույց տալ, թե մինչև որտեղ պիտի մաշեցվեն ընդդիմության բողոքի գործողությունները։ Ցավոք՝ ժամանակի սպառման պատճառով ցուցադրումը չի կայացել»։ 

Մեզ համար անհասկանալի պատճառներով, սակայն, «Արմենպրես» գործակալության այս հաղորդագրությունը չի հրապարակվել։ Դրա փոխարեն կարճ հաղորդագրություն է տարածվել հետևյալ բովանդակությամբ․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում պատասխանել է պատգամավորների հարցերին և անդրադարձել մի շարք առանցքային խնդիրների»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2830 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ