2026 թվականի ՀՀ պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը հատկացվելու է 563,1 մլրդ դրամ՝ 101,5 միլիարդով կամ մոտ 16 տոկոսով ավելի քիչ, քան 2025-ին։ Փոխարենը՝ նախորդ տարվա համեմատ վարչապետի աշխատակազմի բյուջեն ավելանալու է 1,5 միլիարդ դրամով կամ մոտ 6 տոկոսով։
«ՉԻ»․ Թող որևէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, թե այս քայլով Հայաստանի արտաքին անվտանգության մակարդակը նվազում է, հակառակը՝ նիկոլական «Իրական Հայաստանում» սա շատ տրամաբանական մոտեցում է։ Ի վերջո՝ ինչի՞ համար է վարչապետի աշխատակազմի բյուջեն։ Ճիշտ է, վարչապետի իշխանությունն ամրապնդելու համար։ Որքան մեծ լինի այդ բյուջեն՝ այնքան Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամուր կլինի, իսկ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է՝ Ադրբեջանը չի հարձակվի։ Հարձակվում է, որ ի՞նչ անի, եթե առանց դրա էլ ուզածը ստանում է։ Այնպես որ՝ կարելի է հայկական բանակն ընդհանրապես լուծարել և խնայված միջոցներն օգտագործել ավելի կարևոր նպատակներով։ Օրինակ՝ ընդլայնել «կրթվելը նորաձև է» շարժումը, օրումեջ ֆեստիվառ կազմակերպել, և այլն։
Բայց մյուս կողմից էլ՝ անհասկանալի է, թե ի՞նչ հիմնավորմամբ է լրացուցիչ 1,5 մլրդ դրամ հատկացվում վարչապետի աշխատակազմին։ Դրա փոխարեն կարելի էր ընդամենը ավելի հզոր Wi-Fi տեղադրել կառավարության շենքում, որովհետև կառավարության որոշումներն այսպես թե այնպես թելադրվում են Բաքվից՝ համակարգչային կապով։