...

Ովքե՞ր էին գրել Նիկոլ Փաշինյանի ելույթի տեքստը

Ովքե՞ր էին գրել Նիկոլ Փաշինյանի ելույթի տեքստը

Բանակի օրվա առթիվ մարզահամերգային համալիրում կազմակերպված տոնական միջոցառումն այս անգամ փոքր-ինչ տարօրինակ ստացվեց։ Չէ, խնդիրն այն չէ, որ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների ու արատավոր բարքերի մասին խոսում էր ժամկետային զինծառայության ընթացքում ծառայակցին դանակահարած, իսկ ներկայումս՝ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը։ Խնդիրն այն է, որ ելույթ ունեցավ նաև բանակում ընդհանրապես չծառայած, ներկայումս՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի ելույթը լսելիս տպավորություն էր ստեղծվում, թե այն երկու տարբեր մարդիկ են գրել․ առաջինը գրել է որևէ ընդդիմադիր քաղաքական գործիչ, երկրորդը՝ ադրբեջանական որևէ պաշտոնյա։ 

Սկսենք առաջին՝ «ընդդիմադիր» հատվածից։ Նիկոլ Փաշինյանը նախ խոսում է այն մասին, որ իշխանությունները պիտի «ձախողումներին առերեսվելու» կամք ունենան, ապա նշում է, որ «զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ», ինչը նշանակում է, որ «կամ մեր սերունդն առողջական լուրջ պրոբլեմներ ունի, կամ էլ զորակոչը ՀՀ-ում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության և հանրության ներկայացուցիչներ», ընդ որում՝ պետությունը քայքայող այդ դաշինքի ողնաշարը ջարդել չի հաջողվում, որովհետև «իրավապահ համակարգի արդյունավետության հարցն է շատ սուր կանգնում»։ Հասկացա՞ք։ Մարդը խոսում է կարևորագույն ոլորտում համատարած կոռուպցիայի մասին։ Համատարած, որովհետև, իր իսկ խոսքերով, դա վերաբերում է զորակոչային տարիքի երիտասարդների 50 տոկոսից ավելիին (Իսրայելում, օրինակ, ամեն տարի ծառայության համար պիտանի է ճանաչվում զորակոչային տարիքի երիտասարդների 96-97 տոկոսը)։ Այսինքն՝ ըստ նրա, Հայաստանում և՛ «բժշկական հանրույթի» 50 տոկոսից ավելին է կոռումպացված, և՛ զինվորականության, և՛ իրավապահ համակարգի։ Բա տակը ի՞նչ մնաց։ Եվ արդյո՞ք դա չի նշանակում, որ բոլոր այդ ոլորտները համակարգող վարչապետը կատարելապես ձախողվել է ու այդ պաշտոնում անելիք չունի։ Բայց՝ չէ, Նիկոլ Փաշինյանը համարում է, որ կարելի է ընդդիմադիր ելույթ ունենալ, «ժողովրդի սրտից խոսել» ու դրանով էլ հարցը փակված համարել։

Անցնենք երկրորդ՝ «ադրբեջանական» հատվածին։ Ադրբեջանն անընդհատ պահանջում է արձանագրել, որ Հայաստանն իր նկատմամբ տարածքային պահանջներ չունի, ու նաև՝ երաշխիքներ, որ երբևէ չի ունենալու, Նիկոլ Փաշինյանն էլ «հստակ և աներկբա» արձանագրում է դա։ Բայց այսքանը քիչ համարելով՝ նաև «միջազգային իրավունքի տեսակետից լեգիտիմության» մասին է խոսում ու ինքն էլ բացատրում է, թե ինչ նկատի ունի։ Այն, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն իրեն պիտի նույնականացնի Հայկական ԽՍՀ տարածքի հետ և այդ տարածքից դուրս «որևէ տարածքի նկատմամբ որևէ հավակնություն» չունենա։ Այստեղ առանցքայինը «որևէ հավակնություն» արտահայտությունն է, որովհետև հավակնություն ունենալը միայն այդ տարածքը քոնը համարելը չէ, հավակնություն է նաև այն, որ այդ տարածքում ապրող բնակչության իրավունքները պաշտպանելը քո պարտականությունն ես համարում։ Ու հիմա Նիկոլ Փաշինյանը հանկարծ փաստացի հայտարարում է, թե Հայաստանի մասնակցությունը ղարաբաղյան շարժմանը, առաջին պատերազմին, հետագա բանակցային ողջ գործընթացին և այլն,  «միջազգային իրավունքի տեսանկյունից լեգիտիմ չեն եղել», այսինքն՝ մասնակցելով այդ ամենին, Հայաստանը 29 տարի շարունակ (1991-ից 2020-ը) խախտել է միջազգային իրավունքը։ Սա, ի դեպ, այն է, ինչ Ադրբեջանը պնդում էր տարիներ շարունակ, ու միջազգային կառույցները չէին ընդունում։ Իսկ ահա Նիկոլ Փաշինյանն ընդունեց։

Անհասկանալի է միայն, թե ինչո՞ւ էր պետք Ադրբեջանին նման նվեր տալ հատկապես հայկական բանակի ձևավորման օրը՝ տոնական մթնոլորտում։

Մարկ Նշանյան

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   3544 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ