...

Նշաձողի իջեցման ճանապարհային քարտեզը

Նշաձողի իջեցման ճանապարհային քարտեզը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման՝ երկու երկրների հանձնաժողովների հերթական հանդիպման ընթացքում այդպես էլ համաձայնություն ձեռք չի բերվել, թե որ թվականի քարտեզի հիման վրա պետք է իրականացվի սահմանազատումը։ Պարզ ասած՝ Հայաստանի «կադաստրի վկայականի» գործը գլուխ չի գալիս։

Իրականում սա շատ առանցքային իրադարձություն է, որովհետև սահմանազատումը Նիկոլ Փաշինյանի գովազդած «խաղաղության պայմանագրի» առանցքային տարրերից մեկն է, ու եթե դա տապալվում է՝ նշանակում է տապալվում է խաղաղության ընդհանրապես որևէ հեռանկար։ Ընդ որում՝ Ադրբեջանը դա տապալում է անգամ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե պատրաստ է սահմանազատման հիմքում դնել 1975 թ․ քարտեզը և անկլավները նույնպես ճանաչում է որպես ադրբեջանական տարածք։ Իսկ 1975 թ․ քարտեզը մեզ համար ամենաանբարենպաստն է, որովհետև 1929 թվականից հետո հայ-ադրբեջանական սահմանը մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել, ընդ որում՝ բոլոր այդ փոփոխությունները եղել են ի վնաս մեզ, և դրանց արդյունքում Խորհրդային Հայաստանի տարածքը 31,1 հազար քկմ-ից դարձել է 29,743 հազար քկմ (1975 թ․ քարտեզով)։ Ու եթե Ադրբեջանն անգամ դա է մերժում, նշանակում է՝ արդեն պաշտոնապես է առաջարկում սահմանազատման հիմքում դնել 1919-20 թթ․ «այլ քարտեզները», այսինքն՝ լրջագույն տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին։ Նպատակը, հասկանալի է, ոչ թե այդ «այլ քարտեզներով» սահմանազատում իրականացնելն է, այլ ընդհանրապես սահմանազատում չիրականացնելը և այդ հարցը նոր պատերազմով լուծելը՝ նախապես ձախողման մեղքը բարդելով հայկական կողմի վրա։

Մի խոսքով՝ ակնհայտ է, որ շատ լուրջ ստորջրյա պրոցեսներ են ընթանում։ Ի դեպ՝ նաև Արցախում։ Անգամ կասկածներ կան, որ այս օրերին այնտեղ տեղի ունեցողը կարող է ստվերային պայմանավորվածությունների արդյունք լինել։ Մասնավորապես՝ Ադրբեջանը պահանջում է լուծարել ԼՂՀ պետական կառավարման մարմինները, և Արցախի նախագահն իր կաբինետից դուրս է գալիս ու վրանում նստացույց անում, այսինքն՝ չճանաչված պետության բարձրագույն պաշտոնյան վերածվում է շարժման լիդերի։ ԱԺ նախագահն էլ գնում-նստում է կողքին։ Նույն օրերին մեկ այլ տարօրինակ իրադարձություն է տեղի ունենում։ Շրջափակված Արցախում իրավիճակն օրեցօր վատթարանում է, միջազգային կառույցների դատապարտող հայտարարությունների տոնայնությունը կամաց-կամաց կոշտանում է, Ադրբեջանի վրա ճնշումները մեծանում են, ու հանկարծ մի խումբ մարդիկ ակցիա են իրականացնում՝ բետոնե արգելապատնեշներ են տեղադրում Աղդամ-Ասկերան ճանապարհին, որպեսզի ցույց տան, որ վճռականորեն մերժում են այդ ճանապարհով «մարդասիրական օգնություն» ստանալու որևէ առաջարկ։ Ամեն ինչ կարծես թե ճիշտ է, բայց արտաքին աշխարհը, որին ուղղված է այդ ակցիան, դա այլ կերպ է ընկալում՝  «բայց ոնց որ թե իրականում արցախցիներն իրենք են իրենց ճանապարհները փակում, էլ ի՞նչ շրջափակման մասին է խոսքը»։ Եվ Ադրբեջանը, բնականաբար, շտապում է օգտվել այդ քարոզչական նվերից։ Հասկանալի է, չէ՞, որ քարոզչության տեսանկյունից տասնապատիկ ավելի ազդեցիկ կլիներ, եթե, օրինակ, այդ ճանապարհով թեկուզ մի բեռնատար «մարդասիրական օգնություն» մտներ, շրջափակումից տառապող արցախցիներն էլ տեսախցիկների առջև այրեին այդ «օգնությունը» ու բացատրեին, թե ինչու են անում դա։

Ինչևէ։ Հեռվից հեռու խորհուրդներ տալը, իհարկե, հեշտ է, բայց այս դիտարկումների նպատակը խորհուրդներ տալը չէ։ Պարզապես «մանրուքներ» կան, որոնք հեռվից ավելի լավ են երևում։ Իսկ օրեցօր խորացող կասկածները հասարակությանը պիտի ստիպեն վերջապես պահանջել, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները բացեն խաղաքարտերն ու հստակ ասեն, թե ի՞նչ ստվերային պայմանավորվածություններ ունեն Ադրբեջանի հետ, ուրիշ ինչե՞ր են խոստացել զիջել, և մինչև ո՞ւր են «իջեցնելու նշաձողը»։

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ