...

Արժանապատիվ պետությունից՝ հալածյալ համայնք

Արժանապատիվ պետությունից՝ հալածյալ համայնք

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը միացել է Ստեփանակերտում կազմակերպված նստացույցին, որովհետև, ինչպես ինքն է ասում, ավելի արդյունավետ քայլ պարզապես չի գտել։ Այլ կերպ ասած՝ ԼՂՀ պետական կառավարման համակարգի սուբյեկտայնության մակարդակը զրոյական է, Արցախն էլ վերածվել է համայնքի, որն իներցիայով դեռևս պահպանում է ինքնակազմակերպման ինչ-որ մեխանիզմներ, բայց արտաքին աշխարհի հետ կարող է ինչ-որ կերպ առնչվել բացառապես բողոքի ցույցերի միջոցով իր վրա ուշադրություն հրավիրելով։ Հայաստանի ընդդիմությունն էլ նեղսրտել է, որ նա մեղադրում է ում ասես՝ Ադրբեջանին, Ռուսաստանին, Արևմուտքին, միջազգային կառույցներին և այլն, բայց հասցեական քննադատության ոչ մի խոսք չի հնչեցնում Նիկոլ Փաշինյանի իշխանության հասցեին։

Իսկ գիտե՞ք, թե ինչու չի հնչեցնում։ Որովհետև «նիկոլական Հայաստանը» նույնպես փաստացի դադարել է անկախ պետություն լինել և վերածվել է ընդամենը հայաբնակ տարածքի, լավագույն դեպքում՝ համայնքի, որի պատասխանատուները զբաղված են բացառապես ներհամայնքային ինքնակազմակերպչական աշխատանքներով՝ գյուղերում հոսանքի լար-մար են քաշում, բորդյուր-բան փոխում և այլն, իսկ ՄԱԿ անդամ ինքնիշխան պետության գործառույթներից հրաժարվել են։ 

Ասվածի մեջ չափազանցություն չկա, և դա երևում է ամեն քայլափոխի։ Օրինակ՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդիրները, երբեմն իրար հետ համաձայնվում են, երբեմն՝ միմյանց «կճմտում», բայց այդ քննարկումներին ոչ Հայաստանն է մասնակցում, ոչ Ղարաբաղը։ ՀՀ իշխանությունները լավագույն դեպքում հայտարարում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց «միջազգային հանրությանը և այլ պատասխանատուներին» կոչ են անում ապահովել Ղարաբաղի հայերի անվտանգությունը, և պահանջում են վերացնել շրջափակումը։ Իսկ հիմա պատկերացրեք՝ ինչպե՞ս կմեկնաբանեին այդ հարցերն, ասենք, Ուրուգվայը, Լաոսը կամ Բուրկինա-Ֆասոն։ Ոչ ավել, ոչ պակաս՝ բառ առ բառ կկրկնեին նույն տեքստը։ Ավելին՝ կոչերի, պահանջների և հորդորների համար անկախ պատականություն ունենալը պարտադիր չէ, նույնը կարող էր անել նաև «նախկին ՀԽՍՀ տարածքում կոմպակտ բնակվող հայ համայնքը»։ Բողոքի ակցիաների, տարբեր երկրներում դեսպանատներ ու միջազգային կառույցների գրասենյակներ շրջափակելու և այլ «ֆլեշ-մոբների» համար նույնպես պետականության կարիքը չկա, դրա համար բնակչությունը հերիք է։ Անգամ միջազգային կառույցներին է հնարավոր դիմել՝ պետություն չունենալով։ 

Իսկ ահա պետություն ունենալը հնարավորություն է տալիս այդ հարցերը քննարկել բանակցությունների սեղանի շուրջ, նախաձեռնել հրատապ կարգով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու գործընթաց, պետական մակարդակով դաշնակիցներ գտնել ու ամրապնդել սեփական բանակը, և այլն։ Բայց ՀՀ իշխանությունները սրանցից ոչ մեկը չեն անում, այսինքն՝ փաստացի հրաժարվում են պետականությունից և գերադասում ներկայանալ որպես «հայ համայնք», որն իր խնդիրները բարձրացնում է քաղաքացիական ակտիվիստների «գործիքակազմով»։ Անգամ զենքի գնումների հարցն են վերածում սոցկայքային «ֆլեշ-մոբների» ու քարոզչական ակցիաների։ Որովհետև իրենց մոտ միայն դա է լավ ստացվում։ Չէ՞ որ հինգ տարի առաջ իրենք իշխանության են եկել ոչ թե նրա համար, որ ավելի արդյունավետ օգտագործեն անկախ պետականություն ունենալու ընձեռած հնարավորությունները, այլ որովհետև ամենալավն էին տիրապետում քաղհասարակության «գործիքակազմին»։ 

Արդյունքը տեսնում ենք ամեն օր։ Աղետը փորձում ենք կանխել ճիշտ այնպիսի քայլերով, որոնց կդիմեինք, եթե անկախ պետականություն չունենայինք․ բողոքի ակցիաներ, լալահառաչ տեքստեր, «քաղաքակիրթ աշխարհի խիղճն արթնացնելու» անպտուղ ջանքեր, և այսպես շարունակ։

Իսկ գուցե արժե հիշե՞լ, որ դեռևս անկախ պետականություն ունենք, վերջին տասնամյակների հաջողություններն էլ արձանագրել ենք բացառապես այն կարճատև ժամանակահատվածում, երբ բոլոր խնդիրները լուծել ենք պետական մակարդակով՝ մերժելով «հալածյալ համայնքներին» բնորոշ լացուկոծը։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   551 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ