...

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» Նիկոլ Փաշինյանի հետ

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» Նիկոլ Փաշինյանի հետ

- Բարև ձեզ, եթերում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի հերթական թողարկումն է, և տաղավարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Պրն վարչապետ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Մենք ծանոթացել ենք Ձեր եկամուտների հայտարարագրին և հասկանում ենք, որ կոռուպցիայի իսպառ բացակայության պայմաններում սա միլիոնատեր դառնալու Ձեր միակ շանսն է․․․ Եվ այսպես՝ առաջին հարցը, և 10 հազար դրամ։ Ինչպե՞ս էին նախկին հանցավոր դավաճան թալանչիներն անվանում հարևան երկրի Կուբաթլու քաղաքը։ Տարբերակ «ա»՝ Սանասար, «բ»՝ Բաղդասար, «գ»՝ Ձենով Օհան, «դ»՝ Քուռկիկ Ջալալի։

- Բարդ հարցեր եք տալիս։ Իսկ կարելի՞ է 50-50։

- Իհարկե կարելի է, պրն վարչապետ։ Մենք նախապատրաստվել ենք Ձեր այցին ու լավ քաշած Իջևանի տնական․․․

- Չէ, չէ, նկատի ունեմ տարբերակներից երկուսը հանենք։

- Իհարկե։ Եվ այսպես, մնացին «ա» և «բ» տարբերակները։ 

- Լավ, իսկ կարելի՞ է օգտվել «զանգ ընկերոջը» տարբերակից։ Չնայած՝ չէ, այստեղից Բաքու հազիվ թե կապ լինի․․․ Բայց չհասկացա, էս ի՞նչ հարցեր եք տալիս։ Փոխեք հարցը, թե չէ մատ թափ կտամ, պետք լինի՝․․․

- Եղավ, պրն վարչապետ, հաջորդ հարցը հենց այդ մասին է։ Անհրաժեշտության դեպքում ի՞նչ եք պատրաստ թափ տալ Ձեր քաղաքական հակառակորդների վրա։ Տարբերակ «ա»՝ մատ, «բ»՝ ականջներ, «գ»՝ գորգ, «դ»՝ ուրիշ բան։

- Հիմա․․․ այ քեզ հարց, վախենում եմ ասեմ «ուրիշ բան»՝ ասեք, որ դա ճիշտ պատասխանն է ու ասեք «չոռնի յաշչիկ վ ստուդիյու»․․․ Էս հարցն է՛լ փոխեք։ 

- Լավ, պրն վարչապետ։ Ավարտեք հայտնի արտահայտությունը»․ «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդը․․․»։ Տարբերակ «ա»՝ իմ ընտանիքն է, «բ»՝ տուգանքի մատերիալ է, «գ»՝ հլը տաք է, «դ»՝ դժգույն-դժբախտ է։

- Հա, բայց բոլոր պատասխաններն էլ ճիշտ են, ես ո՞նց ճիշտ պատասխան ընտրեմ։ Ավելի լավ չի՞ դիմեմ դահլիճի օգնությանը։ Համ էլ՝ եթե անկեղծ պատասխանեն, 137 հոդվածով էնքան տուգանք կվճարեն, որ իսկականից միլիոնատեր կդառնամ։

- Այդ դեպքում թույլ տվեք ե՛ս այդ հարցը փոխեմ։ Հաջորդ հարցը․ Ի՞նչ պիտի մշտապես լինի իսկական ՔՊ-ականի գրպանում։ Տարբերակ «ա»՝ կաթոցիկ, «բ»՝ ներարկիչ, «գ»՝ ՔՊ կանոնադրությունը, «դ»՝ Ձեր լուսանկարը։

- Եթե խոսքը ոչ թե շարքային, այլ բարձրաստիճան ՔՊ-ականների մասին է, ապա էդ չորսն էլ պիտի լինի, բայց ես ձեր հարցի մեջ քաղաքական ենթատեքստ եմ տեսնում։ Բնական է, չէ՞, որ ցանկացած մարդ եթե փողոցում ընկած ներարկիչ կամ ՔՊ կանոնադրություն է տեսնում, պիտի գրպանը դնի, որպեսզի հանկարծ ինչ-որ երիտասարդներ չգտնեն ու ճիշտ ուղուց չշեղվեն․․․ Բայց ձեր հարցերը ինձ դուր չեկան, ինձ ձեր միլիոնը պետք չի։ Շատ եք ուզում՝ նվիրաբերեք մեր հիմնադրամներին։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   74966 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ