Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի և կալանավորված դպրոցականի մասին՝ փոքր-ինչ այլ տեսանկյունից։
Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե իր անվտանգության ծառայությունը գործում է իրենից անկախ, այլ կերպ ասած՝ իր գործն է կատարում, և ինքն իրավունք չունի միջամտել այդ ծառայության գործունեությանը։ Օրինակ՝ ասել է, որ ինքը մեծագույն ցանկության դեպքում անգամ չի կարող Երևանում հեծանիվ քշել առանց անվտանգության ծառայության ուղեկցության, որովհետև իրեն դա պարզապես թույլ չեն տա։ Հայտարարել է նաև, որ դա ոչ թե իր անվտանգության ծառայությունն է, այլ ՀՀ վարչապետի, և ինքն այդ շարասյան մեջ ընդամենը ուղևոր է։
Ենթադրենք՝ ճիշտ է ասել, ու հենց այդ տեսանկյունից էլ վերլուծենք վարչապետի անվտանգության ծառայության գործունեությունը։ Ուրեմն՝ Նիկոլ Փաշինյանը որոշում է Ծաղկազարդի օրը «ինքնաբուխ» մտնել Սուրբ Աննա եկեղեցի և մասնակցել պատարագի։ Ընդ որում՝ եկեղեցին լեփ-լեցուն է, ներսում գտնվողներին էլ որևէ մեկը նախապես չի ստուգել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի ցանկացած այցից առաջ անվտանգության ծառայությունը, որպես կանոն, մանրակրկիտ ստուգում է ողջ տարածքը, այդ թվում՝ նաև շներով։ Այլ կերպ ասած՝ անվտանգության ծառայության տեսանկյունից եկեղեցին այդ պահին բացարձակապես անվերահսկելի և դրանով իսկ չափազանց վտանգավոր տարածք է, որտեղ իրենք վարչապետի անվտանգությունն ապահովելու որևէ շանս չունեն։ Հարց է ծագում՝ ի՞նչ պիտի աներ այդ իրավիճակում թիկնազորը։ Ճիշտ է, պիտի վարչապետին կտրականապես արգելեր մտնել անվերահսկելի ու վտանգավոր տարածք, և վերջ։ Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանն առարկելու իրավունք չպիտի ունենար (չէ՞ որ թիկնազորը պարտավոր չէ իրեն ենթարկվել և ընդամենը իր գործն է անում)։ Դրա փոխարեն թիկնազորն առանց որևէ առարկության մտնում է եկեղեցի ու սկսում աջուձախ հրմշտելով ճանապարհ բացել իր «պահպանյալի» համար։ Այսինքն՝ գործում է բացարձակապես ոչ պրոֆեսիոնալ։
Ավելին․ ենթադրենք՝ եկեղեցու ներսում տեղի է ունենում բոլորովին այլ միջադեպ, և ոչ թե դպրոցականն է ձեռքն օդում ճոճում, այլ հատուկ պատրաստված մեկն իսկապես հարվածում է վարչապետին, ընդ որում՝ «բութ առարկայով», և դա հանգեցնում է շատ ծանր հետևանքների։ Հարց՝ այդ դեպքում վարչապետի թիկնազորի անդամներն ու առաջին հերթին նրանց հրամանատարը խստագույն պատասխանատվության կենթարկվեի՞ն, թե՞ ոչ։ Իհարկե կենթարկվեին, ու դա շատ տեղին կլիներ։ Բայց չէ՞ որ տեղի ունեցած միջադեպը նույնպես շատ լուրջ հետևանքներ է ունեցել (հանրային կարծիքի ալեկոծում, հուզումներ, ներհասարակական թշնամանքի աճ և այլն), ու դա եղել է նույն թիկնազորի՝ մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալ պահվածքի պատճառով։ Բա ինչո՞ւ նրանցից որևէ մեկը ոչ միայն համակարգից դուրս չի շպրտվել, այլև նույնիսկ խիստ նկատողություն չի ստացել։
Այնպես որ՝ եթե այդ միջադեպի արդյունքում որևէ մեկը պիտի պատժվի, ապա միայն և միայն վարչապետի անվտանգության ծառայության պատասխանատուները։ Եթե, իհարկե, դա իսկապես վարչապետի անվտանգության ծառայություն է, և ոչ թե սովորական «օլիգարխի ախռանա»՝ պարզապես բյուջեից ֆինանսավորվող։