...

Ոնց սկսել եք, նույն տեմպով էլ շարունակեք

Ոնց սկսել եք, նույն տեմպով էլ շարունակեք

Այսօր համայն հայության ուշադրությունը սևեռված էր Շենգավիթի դատարանի վրա: Քննարկվում էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու հարցը: Որպես հիմք՝ փաստաբանները ներկայացնում էին Սահմանադրական դատարանից բերված ԺԵԿ-ի տեղեկանքը:

Ընդհանրապես, Հայաստանում շատ տարածված են բուքմեյքերական ընկերությունները, խորհուրդ կտանք խաղադրույքներ վերցնել Քոչարյանի վերաբերյալ դատարանում ներկայացված միջնորդությունների վրա: Հաստատ ավելի անկախատեսելի են դրանց ելքերը, քան՝ եվրոպական ամենաթոփ հանդիպումների ելքերը: 

Այս դեպքում, ոչ ոք չգիտեր, թե դատարանը ինչ որոշում կկայացնի: Այն բանից, որ Երևանի փողոցներում վարորդները սկսեցին ազդանշաններ տալ, հասկանալի դարձավ, որ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդությունը: Դատավորի այս որոշմանը անմիջապես հետևեց հանրության յուրօրինակ հումորը, որ Ռ. Քոչարյանը 1998-ին, երբ նոր էր ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը, ասաց՝ո՞վ է այն միակ տղամարդը, ու պարզվեց, որ այդ միակ տղամարդը... կին է:

Այս որոշումից հետո սոցցանցերը պայթեցին իրար շնորհավորելու, տարոսը նախկին այլ բարձրաստիճան պաշտոնյաներին փոխանցելու գրառումներով: Սա համարվեց իշխանությունների կարևոր հաղթանակը: Բայց...

Էյֆորիայի մեջ ընկնել էլ պետք չէ: Դատական համակարգը ոչ ավելի արդար դարձավ, ոչ էլ՝ կանխատեսելի: Ի վերջո, արդեն մեկ անգամ տեսել ենք, թե ինչպես է առաջին ատյանի դատարանը կալանավորել Ռ. Քոչարյանին, այդ որոշումը բողոքարկվեց վերաքննիչ դատարանում, որի դատավոր, Քոչարյանի նախկին աշխատակից Ալեքսանդր Ազարյանն էլ բավարարեց այդ միջնորդությունը ու Քոչարյանն ազատ արձակվեց: Դե իսկ, Դավիթ Գրիգորյան+Հրայր Թովմասյան խաղերի մասին ընդհանրապես չենք խոսում:

Այնպես որ, դատաիրավական համակարգում շեշտակի ու կտրուկ փոփոխությունները, մանավանդ՝ Շենգավիթի դատարանի այսօրվա որոշումից հետո, էլ ավելի հրամայական են դառնում: Անունը դրեք վեթինգ, տրտինգ, կարևոր չէ, բայց դատավորների ներկայիս կազմով Հայաստանում արդարադատություն վերականգելը գործնականում անհնար է: Այս դատավորների մի մասը նախկին իշխանությունների հրահանգների դակիչ է եղել, մի մասը՝ հանցագործությունների պարտակող, սպանությունները՝ կոծկող: Չի կարելի հանդուրժել, որ այն դատավորները, որոնց որոշումները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բեկանվել են ու Հայաստանի Հանրապետության վրա խոշոր դրամական փոխհատուցման պարտավորություն են դրել, շարունակեն աշխատանքը: Թե չէ ստացվում է, որ եթե՝ օրինակ, էկոնոմիկայի նախարարության բարձրաստիճան որևէ պաշտոնյա սխալ անի, որի պատճառով պետությանը վնաս հասցվի, նրան պիտի դատեն, իսկ դատավորի դեպքում նման բան չկա: Դատավորներն էլ՝ իրենց անպատժելիության համոզմունքից ելնելով, շարունակելու են իրենց ապօրինությունները: 

Դատական համակարգում կարգ ու կանոն հաստատելը տարածվում է նաև Սահմանադրական դատարանի վրա: Գիտեք, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել, որ Քոչարյանի դիմումի քննությանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, անդամներ Արևիկ Պետրոսյանի և Հրանտ Նազարյանի մասնակցությամբ անհնարին է, քանի որ նրանց Քոչարյանի գործով նրանք ժամանակին կողմ են հանդիսացել: Այսօր ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանին հարցնում են, թե ինչու միջնորդությունը չի դրվել քննարկման, բացահայտ ցինիզմով պատասխանում է, թե դիմումը ներկայացվել է ոչ պատշաճ սուբյեկտի կողմից: Իբր Վահե Գրիգորյանը շատ փոքր մարդ է, որ իրենց ինչ որ բան ններկայացնի: Ու էս ցինիզմով էլ մտադիր են ցմահ պաշտոնավարել: Խելքին փչած որոշումները կայացնել, խաղալ երկրի ճակատագրի հետ: Նույն Արևիկ Պետրոսյանը 1998թ. մարտի 1-ի գործով խորհրդարանում պատգամավոր եղած ժամանակ կողմ է քվեարկել ընդդիմադիր պատգամավորներին կալանավորելու միջնորդությանը: Ու հիմա ինքը իրեն համարում է անկողմնակալ, կամ՝ մարտի 1-ի հետ կապ չունեցող անձ: 

Սա էլ՝ մեր պետականության գլխին կանգնած լուրջ վտանգ է. ՍԴ անդամներ համարվող այս 5-6 հոգու գործունեությունը միայն նոր վնասներ է հասցնելու մեր երկրին: Այնպես որ, ինչպես ասում են՝ իշխանությունները կպել են, պիտի խաղան: Հեղափոխությունը սկսվել է, այն պետք է շարունակվի, քանի դեռ չունենք անկախ դատական համակարգ: Հազիվ սկսեցին տեղներից շարժվել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5686 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ