...

Օրենքով սահմանված ժամկետը վաղուց լրացել է, սակայն ՊՆ-ից ձեն-ծպտուն չկա

Օրենքով սահմանված ժամկետը վաղուց լրացել է, սակայն ՊՆ-ից ձեն-ծպտուն չկա

Սեպտեմբերի 12-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Ալեքս Սուրենի Ավանեսյանը: Նրա դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել էր զորամասի պահպանության շրջանի հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված կրակային դիրքին հարակից տարածքում գտնվող խրամաբջիջներից մեկում: Քննչական կոմիտեն էլ տեղեկացրեց, որ նախնական տվյալներով տեղի է ունեցել ինքնասպանություն՝ Ալեքս Ավանեսյանին ամրակցված գնդացրով… նշենք, որ քննչական կոմիտեն այս վարկածն առաջ էր քաշել մինչ քննության ավարտը, ինչից կարելի էր ենթադրել, որ ինքնասպանություն որակումը հաստատվելու է: Ընդ որում, ընդամենը երկու ամսվա զինծառայող Ավանեսյանին չէր կարելի առանց ուսումնական պատրաստվածություն անցնելու նշանակել գումարտակում, սակայն զինվորական օրենսգրքի համապատասխան դրույթը անտեսվել էր կորպուսի հրամանատարության կողմից: Զինվորական օրենսգրքի մեկ այլ դրույթի կոպիտ խախտումով էլ դիրքեր են ուղարկել ծնողազուրկ տղայի, որը տան միակ զավակն էր: Այս հանգամանքը ևս վրիպել էր հրամանատարության ուշադրությունից:

Մենք փորձեցինք մի քանի հարցերի պարզաբանում ստանալ պաշտպանության նախարարությունից։ Մասնավորապես, ինչո՞ւ են խախտել զինվորական օրենսգիրքը և ծնողազուրկ զինվորին դիրքեր ուղարկել, ինչո՞ւ կորպուսի հրամանատարությունը վերահսկողություն չի իրականացնում, որպեսզի զինվորը չգնա ծայրահեղ քայլի, ինչո՞ւ չի վերահսկվում զինվորների և սպաների տեղաշարժը: Հարց էինք ուղղել նաև այն մասին, թե վերոնշյալ կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը ինչ գումարներով է քառահարկ առանձնատուն կառուցում Վանաձորում: Ի պատասխան մեր բոլոր հարցերի՝ ՊՆ-ից ստացել էինք այսպիսի գրություն. «Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»:

Օրենքով նախատեսված ժամկետը վաղուց լրացել է, սակայն Պաշտպանության նախարարությունից ձեն-ծպտուն չկա: Դեռ ուսումնասիրում են: Մինչդեռ զորամասերում առկա ոչ կանոնադրական հարաբերությունների, կիսագրագետ, գործից անտեղյակ սպաների անգործության կամ թողտվության, զինվորների ու սպաների տեղաշարժի, նրանց առօրյայի նկատմամբ կորպուսների հրամանատարների ու շտաբների պետերի հեռահար վերահսկողության (նախկինում այդ գործառույթն օրենսդրորեն վերապահված էր զորամասերի հրամկազմին, որը ի պաշտոնե ծանոթ է զինվորների անձնական գործերին և լավատեղյակ նրանց սոցիալական վիճակին ու կեցությանը) արդյունքում բանակում, ցավոք, շարունակվում են արատավոր երևույթները, ողբերգական դեպքերն ու սպանությունները, և դրանցից շատերը որակվում են որպես ինքնասպանություններ:

Մելանյա Ծառուկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   420 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ