...

Անտարբերությունը բանակի հանդեպ ու դրա հետևանքով անպատժելիությունը շարունակում են մնալ «պատվավոր» հարթակում

Անտարբերությունը բանակի հանդեպ ու դրա հետևանքով անպատժելիությունը շարունակում են մնալ «պատվավոր» հարթակում

Մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք Պաշտպանության նախարարությունում առկա արատավոր երևույթներին, ԽԾԲ-ով պաշտոններ և անօրինական կոչումներ բաժանելուն, կեղծ շահառուներին առանց հիմնավորման բնակարանների տրամադրմանն ու այս համակարգում տեղ գտած տարաբնույթ կոռուպցիոն երևույթներին: Թվում էր՝ 2020-ից հետո ի գիտություն կընդունենք անցյալի դասերն, ու շտկումներ կարվեն գոնե ՊՆ ոլորտում, բայց այստեղ այլևս ի գիտություն է ընդունված բարձիթողի վիճակն ու պատասխանատվությունից խուսափելու մթնոլորտը … Անտարբերությունը բանակի հանդեպ ու դրա հետևանքով անպատժելիությունը շարունակում են մնալ «պատվավոր» հարթակում:   

Նկատենք, որ հանրությանը մոլորեցնելու, հիմնական խնդիրներից ուշադրությունը շեղելու և սկզբունքային աշխատաոճի իմիտացիա ստեղծելու նպատակով քավության նոխազներ գտնվեցին: Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն ու 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, ՀՀ ԶՈւ հետախուզության նախկին պետ, գեներալ մայոր Արայիկ Հարությունյանը, օրինակ, կալանավորվեցին․ Միքայել Արզումանյանը՝ զինվորական պաշտոնեական անփութության հոդվածով, Արայիկ Հարությունյանը՝ ռազմական դրության ժամանակ մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կանոնները խախտելու համար: 

Ոչ մի հարց չառաջացավ, թե Շուշիի անկման համար ինչո՞ւ պատասխանատվության ենթարկվեց միայն Միքայել Արզումանյանը, այն դեպքում, երբ այսպես կոչված՝ «հանրահայտ բունկերից» բազմաթիվ գեներալներ ու բարձրաստիճան սպաներ հետևում էին կռվի ընթացքին: ԶՈւ ԳՇ պետը և նրա տեղակալը այդպես էլ պատասխանատվություն չկրեցին թույլ տված բազմաթիվ սխալների համար: 

Կոչումների շռայլում պարտության տանողներին

Պարտված բանակում գեներալ-լեյտենանտի կոչումներ ստացան գեներալներ Տիրան Խաչատրյանն ու Անդրանիկ Փիլոյանը: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը չբավարարվեց զինվորական կոչումների բարձրացմամբ՝ նրանց հռչակելով նաև ազգային հերոսներ: Մինչ օրս ռազմագետների համար անհասկանալի  է այն, որ Տիրան Խաչատրյանը, որը իր հսկողության տակ էր պահում հրամանատարական կետերը, թույլ տվեց, որ լավագույն հրամանատարները, ազգի ճշմարիտ հերոսները զոհվեն, բայց ինքը, գտնվելով նույն տարածքում, ողջ-առողջ դուրս եկավ պատերազմի կրակից։ 

Շարունակելով կոչումների արժանացնելու փաստը՝ նշենք, որ նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, որը պատերազմի ժամանակ արժանացավ գեներալ-գնդապետի կոչման, այժմ անցնում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական գործով: 

Ի դեպ, վերոնշյալ պարոնայք սպաները ոչ մի անգամ  չեն հարցաքննվել՝ պատասխանելու այն հարցերին, թե ինչ մեթոդներով էին պատերազմի ժամանակ բանակը ղեկավարում ու տանում պարտության: Չեն հարցաքննվել ու պատասխանատվության չեն ենթարկվել նաև «բունկերում» ապահով տեղավորված գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ու Սամվել Բաբայանը: Այս մարդկանց շնորհիվ ու նրանց թեթև ձեռքով Ֆիզուլին, Հադրութն ու Ջեբրաիլի մի մասը հայտնվեց ադրբեջանցիների տիրապետության տակ:

ՊՆ մեր լավատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ ադրբեջանցիների ձեռքն են անցել նաև ռազմական կարևորագույն փաստաթղթեր, բարձրաստիճան սպաների հարյուրավոր անձնական գործեր, և այդ մասին պատկան ատյանները մինչ օրս լռում են: Մինչդեռ, եթե հետախուզությունը զեկուցել էր պատերազմն սկսվելու վտանգի մասին, զինվորական օրենսդրության համաձայն՝ այդ փաստաթղթերը առաջնահերթ պետք է տեղափոխվեին անվտանգ վայր: 

Հավելենք, որ հանցավոր այդ գործունեության կարևորագույն դերակատարներից մեկը՝ գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյանը, որը պատասխանատու է նաև Սև լճի տարածքում սխալ հաշվարկ կատարելու և այն թշնամուն հանձնելու գործում, Նիկոլ Փաշինյանի հրամանով գործուղվեց Մոսկվայի զինվորական ակադեմիայում սովորելու: 

Անդրադառնալով ՀՀ ԶՈՒ հետախուզության նախկին պետ Արայիկ Հարությունյանի կալանավորմանը՝ նշենք, որ այս դեպքում էլ բազմաթիվ մեղավորներ պատասխանատվության չենթարկվեցին: Ոչ մեկի մոտ հարց չառաջացավ, թե ինչո՞ւ պատասխանատվության չենթարկվեց պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, պատերազմի ժամանակ հետախուզության գլխավոր վարչության պետ Առաքել Մարտիկյանը: Վերջինս անվավեր էր համարել կորպուսի հրամանատարի՝ տվյալ տարածք չմտնելու հրամանը և պնդել, որ հատուկ նշանակության զորամասի զինծառայողները թափանցեն այդ պահին ադրբեջանցիների տիրապետության տակ գտնվող Շորժայի տարածք, ինչի արդյունքում վեց հոգի հայտնվել էին շրջափակման մեջ ու գերի ընկել: Այնուհետև երկար բանակցություններից հետո հնարավոր եղավ հինգ հատուկջոկատայինների վերադարձնել, սակայն ադրբեջանցիները հրաժարվեցին վերադարձնել գեներալ Մ.Ս.-ի թոռանը՝ Ի. Ս.-ին:

Կրկին կոռուպցիա ու կրկին անպատժելիություն

Իհարկե, հետագայում Մարտիկյանը հոգ տարավ, որ արագ փոխվեն իր կողմից տրված հրամանները, սակայն կրկին հանցավոր անտարբերության ու բարձիթողի վիճակի արդյունքում անհասկանալի մնաց, թե ինչ հիմքով հրամաններ փոխվեցին: Զարմանալ պետք չէ. Սերժի Վաչոյի նախկին հովանավորյալը անցնում է նաև ֆրանսիայի նախկին ռազմական կցորդ Մհեր Մանուչարյանի 50 հազար եվրոյի՝ զինծառայողների պարգևավճարները յուրացնելու գործով: 

Հատկանշական է, որ Մարտիկյանը, զբաղեցնելով ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը և չարաշահելով պաշտոնական դիրքը՝ հովանավորել է եղբորը՝ ՌՈ թիկունքի պետ, գնդապետ Մհեր Մարտիկյանին ու հորաքրոջ որդուն՝ ՌՈ վարչության վառելիքաքսուքային բաժնի արդեն նախկին պետ, մայոր Ռուսլան Կոնդակչյանին՝ յուրացնելու վարչությանը հատկացված վառելանյութի գերակշիռ մասը: 

Նշենք, որ հատուկ նշանակության զորամասում երկու ընդարձակ աշխատասենյակ փակ է․ այնտեղ բավական մեծ թվով օգնության պարագաներ կան, որոնք չեն օգտագործվում բանակի կարիքների համար:

Հիշեցնենք, որ մեր հոդվածներից մեկում անդրադարձել էինք Առաքել Մարտիկյանի ու Դավիթ Տոնոյանի՝ հետախուզության ոլորտում իրականացրած «բարեփոխությանը», ինչի հետևանքով ՊՆ իրավասության տակ գտնվող փակ զորամասից 2 միլիոն դոլար էր անհետացել: 

Թե ինչու մինչ օրս վերոնշյալ բարձրաստիճան սպաները պատասխանատվության չեն ենթարկվում՝ տարաբնույթ քննարկումների ու ենթադրությունների տեղիք է տալիս:

Հարկ է նշել, որ կալանավորված գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի հետ նույն քրգործով պետք է անցնեին նաև մայիսյան դեպքերի ժամանակ Վարդենիսի զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցնող գնդապետ Վիգեն Սիմոնյանը, շտաբի նախկին պետ, Վաղարշակ Հարությունյանի քրոջ որդի, փոխգնդապետ Պողոս Պետրոսյանը, Ջերմուկի զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցնող գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը, որոնք ի կատար էին ածել Վաղարշակ Հարությունյանի՝ ադրբեջանցիների դեմ զենք չկիրառելու և ճիպոտներով կռվելու, մեղմ ասած՝ աբսուրդային հրահանգը: Հենց այդ հրամանից հետո էլ Ջերմուկում կատարված դեպքերը որակվեցին իբրև «ճիպոտներով» կռիվ: Նշենք, որ  2021 թվականին, երբ Քելբաջարը արդեն մեկ տարի թշնամու տիրապետության տակ էր, Վիգեն Սիմոնյանը մեծաքանակ վառելանյութ է դուրս գրել իբր թե դեռևս այնտեղ տեղակայված Յանշակի ու Չոփռլուի գումարտակների համար: Այդ փաստը նույնպես դատապարտվել է հանցավոր անտարբերության:

Ի դեպ, «ճիպոտներով» կռվում ունեցած «ներդրման» համար զորամասի հրամանատար Վիգեն Սիմոնյանի ջանքերը «իզուր» չեն անցել: «Նահանջ» հրահանգի համար նա Նիկոլ Փաշինյանի կողմից արժանացել է 35 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևի:

Իսկ թե ինչ եղավ այդ դեպքերի ժամանակ զորամասից անհետացած զինվորի ճակատագիրը, ոչ ոքի հայտնի չէ:

Մելանյա Ծառուկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1941 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ