...

Եթե զենք չի կիրարկվել, ինչո՞ւ է քրգործ հարուցվել

Եթե զենք չի կիրարկվել, ինչո՞ւ է քրգործ հարուցվել

Մեր տեղեկություններով՝ օգոստոսի 2-ին ՀՀ ՊՆ կարևորագույն զորամասերից մեկում (անվտանգության նկատառումներից ելնելով՝ անունը չենք նշում) միջադեպ էր տեղի ունեցել: Գնդի հրամանատար Ռ.Գ.-ն իր զենքով կրակել էր նույն զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Հ.Ա-ի ու նրա ավտոմեքենայի դիմապակու վրա: Ռ.Գ-ին մի քանի ժամ պահել էին քննչական բաժնում, ապա՝ գիշերվա ժամը երկուսին ազատ արձակել: Վաշտի հրամանատարը կալանավորվել էր, ապա ազատ արձակվել, իսկ գնդի հրամանատարին հրատապ զորացրել էին և պահեստազոր ուղարկել: Դեպքի առնչությամբ այդ պահին, ըստ  մեր աղբյուրի՝ քրգործ չէր հարուցվել:

Ռ.Գ.-ի փոխարեն գնդի հրամանատար էր նշանակվել գնդապետ Արգիշտի Վարդանյանը, ով 2016-2017 թվականներին զբաղեցնում էր վերոնշյալ զորամասի շտաբի պետի պաշտոնը, սակայն աշխատանքում թերացման պատճառով ազատվել էր այդ պաշտոնից և նշանակվել ավելի ցածր պաշտոնի: ՀՀ Պաշտպանության նախարարությունից խնդրել էինք պարզաբանել միջադեպին առնչվող մանրամասները։ Նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը պատասխան գրությամբ հերքել էր միջադեպի ժամանակ զենքի կիրառումը, բայց հաստատել, որ քրգործ հարուցվել է։ Միջադեպի մասին տեղեկություն ստանալու համար նա մեզ խորհուրդ տվեց դիմել նախաքննությունն իրականացնող մարմնին: Այդպես էլ արեցինք:

Ինչ վերաբերվում է գնդի հրամանատար գնդապետ Ռ.Գ-ին աշխատանքից ազատելու մասին մեր տեղեկությանը, Բատիկյանը նույն պատասխան գրությամբ տեղեկացրել էր, որ գնդապետ Ռ.Գ.-ն գնդի հրամանատարի պաշտոնից ազատվել է ոչ թե միջադեպի կապակցությամբ, այլ համաձայն Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 55-րդ հոդվածի 4-րդ մասի՝ երկարամյա ծառայությամբ վաղաժամ կենսաթոշակի իրավունք ձեռք բերելով։ Այս համընկնումը ուղղակի անհեթեթ է թվում. միջադեպից անմիջապես հետո երկարատև կենսաթոշակի անցնելու ցանկությունն ինչ-որ արդարացում պետք է ունենար: 

Ինչ վերաբերում է Արգիշտի Վարդանյանին պաշտոնի իջեցումից հետո կրկին հետ վերադարձնելու և նույն գնդի՝ արդեն հրամանատար նշանակելու մասին տեղեկատվությանը, ըստ որի՝ վերջինիս զբաղեցրած պաշտոնից ազատել էին աշխատանքում թերացման պատճառով, Բատիկյանը պարզաբանել է, թե իբր Վարդանյանը նախկինում պաշտոնից ազատվել է ոչ թե աշխատանքում թերացման, այլ Զինվորական ծառայության անցնելու մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ կետի համաձայն՝ անձնական խնդրանքով նշանակվելով այլ պաշտոնի: Մինչդեռ Վարդանյանի անձնական գործում սևով սպիտակի վրա նշված է, որ նրա աշխատանքային 31 կոդը իջեցվել է 30 կոդի։ Արդյո՞ք Բատիկյանը փորձել է մեզ ապակողմնորոշել. ՊՆ համակարգում ընդունված զինվորական կանոնակարգի համաձայն՝ անձնական խնդրանքով այլ աշխատանքի տեղափոխումը հստակ ենթադրում է պաշտոնի իջեցում: 

Ստացել ենք նաև դեպքի առնչությամբ ՀՀ Քննչական կոմիտեին ուղղված մեր գրության պատասխանը, որում, մասնավորապես, ասված է. …03.08.2022 թ.զորամասի հրամանատարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 520 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 524 –րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 549 հոդվածի 1-ին մասով, 2-րդ կետով, իսկ զորամասի հատուկ նշանակության խմբի հրամանատարին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 519-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 524-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վիճաբանության ընթացքում զենք կիրառելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել:

Մելանյա Ծառուկյան

Հ.Գ.1 Օգոստոսի 2-ին ՊՆ զորամասում կատարված դեպքի առնչությամբ ՀՀ Պաշտպանության նախարարություն և ՀՀ Քննչական կոմիտե ուղղված մեր գրությունների պատասխաններում հերքում են զենքի կիրարկումը, բայց երկուստեք հաստատում, որ, քրգործ հարուցվել է: Մինչդեռ մեր հավաստի աղբյուրները շարունակում են պնդել, որ կարևորագույն նշանակության զորամասում օգոստոսի 2-ին կատարվածը կարելի էր մարտական ֆիլմ որակել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   421 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ