...

Որոնելով այն քննիչին

Որոնելով այն քննիչին

ՔՆՆԱԽՈՒՅԶ

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության հնարքների և եղանակների մասին խոսում են բոլորը: Արդեն գրվել է մեկ թե երկու մենագրություն, իսկ հոդվածների և հրապարակումների թիվը վաղուց կորել է:

Մի խոսքով, Քոչարյանը, ավելի ճիշտ նրա պաշտոնանկությունը, հնարավոր է, որ դառնա հայ իրավական մտքի գլխավոր խթանիչ ուժը: Սակայն դժվար չէ նկատել, որ այս բոլոր տեսությունների թույլ կողմը միայն մեկն է՝ տրամաբանականը: Իսկապես չի կարող պաշտոնանկ արվել մեկը, որը նախագահ չէ:

Պարզաբանեմ միտքս: 1998թ. փետրվարի 3-ին ելույթ ունենալով Ազգային հեռուստատեսությամբ՝ հանրապետության նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն ասաց, որ հրաժարական է տալիս «գործադիր իշխանության հայտնի ուժերի ճնշման տակ»: Տեր-Պետրոսյանի հայտարարությունը այդ օրերին չէին քննարկում միայն պաթոլոգիական ալարկոտները: Բոլորը՝ սկսած պատգամավորներից, ավարտած տնային տնտեսուհիներով հարկ էին համարում իրենց ծանր խոսքը ասել նախագահի հրաժարականի կապակցությամբ: Կրկնում եմ, լռում էին միայն ալարկոտները: Վերջիններս թվին էր ամենայն հավանականությամբ պատկանում երկրի դատախազությունը, թեպետ այն նույն տրամաբանությունը, որի մասին մենք հիշատակել էինք հոդվածի սկզբում, հրամայականորեն թելադրում էր, որ հենց դատախազությունը պետք է զբաղվեր այդ գործով:

Եթե Հայաստանի առաջին նախագահը ճիշտ չէր ասում, ապա նրան պետք էր ենթարկել քրեական պատասխանատվության չարամիտ զրպարտության հոդվածով: Սակայն դատախազությունը լռեց, իսկ ով՝ ով, մենք գիտենք, որ հարազատ իրավապահպանները առիթը բաց չէին թողնի իրենց նվիրվածությունը հայտնել օրվա իշխանություններին: Հետևաբար մնում է ենթադրել, որ նախագահը ճիշտ էր և հրաժարականի պատճառ էր հանդիսացել «հայտնի ուժերի» ճնշումը:

Սակայն մենք գիտենք, որ բոլոր, այդ թվում նաև միջազգային օրենքներով ուժի սպառնալիքով ստորագրված որևէ փաստաթուղթ՝ լինի դա միջազգային պայմանագիր, թե աշխատանքից ազատվելու մասին հավաքարար Սիրուշի դիմումը, իրավական ուժ չունի: Հետևաբար պրն Քոչարյանի գործը պետք է քննեն ոչ թե Ազգային ժողովը և Սահմանադրական դատարանը, ինչպես բոլոր նորմալ նախագահներինը, այլ պարզապես մի շարքային քննիչ, որը պետք է գործ հարուցի ՀՀ առաջին նախագահի խոսքերի իսկությունը ստուգելու առիթով:

Բնական է, վերջնական որոշումը պետք է կայացնի դատարանը, սակայն մինչ այդ պրն Քոչարյանը բնականաբար պետք է կասեցնի իր լիազորությունների կատարումը: Այս սցենարն ունի ևս մեկ դրական կողմ: Ոչ ոք չի բացառում, որ վերջին երեք տարում կայացվել են հարյուրավոր ապօրինի որոշումներ: Չի կարելի բացառել նաև, որ ղարաբաղյան կարգավորման հարցում գոյություն ունեն որոշ գաղտնի պայմանավորվածություններ, որոնց հետ պետք է հաշվի նստի ցանկացած նորընտիր նախագահ՝ որ քաղաքական ուժն էլ այն ներկայացնի: Սակայն դա հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե պարոն Քոչարյանը ունենար լեգիտիմության գեթ մեկ կաթիլ:

Մեր դեպքում միակ իրավական լուծումը կլինի վերականգնել 1998թ. փետրվարի 4-ի ժամը 11-ին ընդհատված Լևոն Տեր-Պետրոսյանի լիազորությունները. որն իր առաջին հրամանագրով չեղյալ կհայտարարի 1998թ. փետրվարի 4-ից հետո ՀՀ նախագահի անունից ստորագրված բոլոր հրամանագրերը, որոշումները և այլն, իսկ հետո հատ-հատ կհաստատի նրանք, որոնք չեն հակասում օրենքին, եթե գտնվեն այդպիսիք: Ի դեպ, այդ ժամանակ էլ նախագահը կորոշի, թե ինչպես վարվի վարչապետ Քոչարյանի հետ, չնայած, կարծում եմ, վարչապետ Քոչարյանին աշխատանքից ազատելու մասին ՀՀ փաստացի նախագահ Ռ. Քոչարյանի հրամանագիրը օրինական նախագահն ուժի մեջ կթողնի: Ամեն ինչ կարծես լավ ստացվեց: Մնում է գտնել այդ քննիչին:

Ա. Գրիգորյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 250, օգոստոսի 24, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   1377 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ